Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության նպատակային ծրագրերը։ Ծրագրերն, ըստ հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանի, երեքն են․ առաջինը՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքով բնակարան ձեռբերելու համար, որն ուղղվում է կանխավճարի մի մասի սուբսիդավորմանը; երկրորդը՝ դրամական աջակցություն՝ կանխավճարի մյուս մասի ապահովագրության համար; երրորդը՝ երեխայի ծնունդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարմանն ուղղված դրամական աջակցության։
Նախարար Բաթոյանի փոխանցմամբ, 2020 թվականի պետական բյուջեով նպատակային այս ծրագրերի համար արդեն իսկ նախատեսվել է 526 միլիոն 760 հազար դրամ՝ թվով 1085 շահառուներին աջակցություն տրամադրելու համար։ Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվեն շահառուների նախատեսվող թվաքանակը՝ ըստ նպատակային ծրագրերի։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց՝ առաջին երկու կոմպոնենտներով Կառավարությունը, փաստացի, աջակցում է երկու կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին՝ հիփոթեքային կանխավճարի մինչև 50 տոկոսի չափով։ Մարզերում բնակարան գնելու պարագայում Կառավարությունը հնարավորություն է տալիս ընտանիքներին, որոնք կանխավճարի համար գումար առհասարակ չունենան, մնացած մասը վճարել ոչ թե միանգամից, այլ հետագայում՝ օգտվելով ապահովագրությունից, որի համար կրկին վճարում է Կառավարությունը։ Այսինքն՝ Կառավարությունը կանխավճարի մի մասը սուբսիդավորում է՝ միանվագ նպաստի տեսքով, մյուս մասը ապահովագրում է և առաջարկում վճարել ոչ թե այս պահին, այլ հետագայում։
Կառավարությունն առաջիկայում հանրամատչելի ուղեցույցներ կհրապարակի՝ ովքեր, երբ և ինչ նախապայմաններով կկարողանան օգտվել այս երկու ծրագրերից։
Երրորդ ծրագիրով Կառավարությունը դրամական աջակցություն կտրամադրի 2020 թվականի հուլիսի 1-ից հետո երեխա ունեցած ընտանիքներին, որոնք արդեն իսկ հիփոթեկային վարկ են մարում: Աջակցությունը տրամադրվում է միանվագ։ Գումարի չափը տատանվում է՝ կախված նրանից, առաջին երեխան է, երկրորդ, երրորդ, թե չորրորդ։
«Երեխան ծնվեց, որոշակի պայմաններով ընտանիքը ունի հիփոթեքային պայմանագիր, պետությունն ուղիղ մեկանգամյա մարում է անում այդ հիփոթեքային պայմանագրի մայր-գումարից։
Այս ծրագիրը հատուկ մշակվել է առանց հավելյալ ֆիլտների․․․Այստեղ կոնկրետ մեկ թիրախային նպատակ ենք ունեցել՝ փորձել ենք լուծել երեխա չունենալու հիմնական պատճառներից մեկը՝ բնակարանային խնդիրը։ Սա որոշ չափով ունիվերսալ ծրագիր է։ Հետևապես՝ մենք չենք փորձել այլ ծրագրերի հետ համադրությամբ կամ համեմատությամբ դիտարկել այն», – նշեց Տիգրան Ավինյանը։
Հիմնական պայմաններն են.
— երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
— անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,
— շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեկային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը,
— հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։
Պետությունը մարում է
— մարզերում՝ վարկի մնացորդային մայր գումարի 10, իսկ Երևանում՝ 5 տոկոսը (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը)՝ եթե ծվածը շահառուի 1-ին կամ 2-րդ երեխան է,
— մարզերում՝ վարկի մնացորդային մայր գումարի 50, իսկ Երևանում՝ 25 տոկոսը (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը)՝ եթե դա շահառուի 3-րդ կամ հաջորդ երեխան է,
— մարզերում՝ վարկի մնացորդային մայր գումարի 15, իսկ Երևանում՝ 8 տոկոսը (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը)՝ եթե դա շահառուի 1-ին կամ 2-րդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին,
— մարզերում՝ վարկի մնացորդային մայր գումարի 70, իսկ Երևան քաղաքում՝ 35 տոկոսը (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը)՝ եթե դա շահառուի 3-րդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին։