Ադրբեջանի գլխավոր դատախազության Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Azel.tv առցանց հրատարակության ղեկավար Աֆղան Սադիգովի բնակարանում։ Սադիգովը՝ կնոջ ու փաստաբանի փոխանցմամբ, ձերբակաված է։
Մայիսի 13-ին տեղական ժամանակով 15։00-ին Աֆղան Սադիգովը տնից դուրս է եկել և կապը նրա հետ ընդհատվել է, պատմում է նրա կինը՝ Սևինջ Սադիգովան։
«Երեկոյան դատարանի որոշմամբ խուզարկության նպատակով մեր տուն եկան դատախազության Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության ներկայացուցիչները։ Ամբողջ տունն իրար խառնեցին։ Ինչ֊որ բան էին փնտրում։ Ինձ հարցեր տվեցին Աֆղանի էլեկտրոնային սկավառակների մասին։ Նա ոչինչ չէր պահել։ Ամենը ինչ լուսանկարել կամ գրել է՝ տեղադրել է կայքում, սոցիալական ցանցերում։ Ի վերջո հեռախոսս ու համակարգիչս վերցրեցին ու գնացին», – «Կավկազսկի ուզելի» թղթակցի հետ զրույցում պատմել է Սադիգովան։
Նա իր անձնական իրերի առգրավումն անօրինակ է համարում։
«Հեռախոսն ու համակարգիչը իմն են, ինձ են պատկանում։ Ի՞նչ հիմքով են բռնագրավել։ Իրենց պատճառով աղջիկս չի կարողանում մասնակցել առցանց դասերին․ կարանտինի պատճառով դպրոցները փակ են։ Ամուսնուս ապօրինի հետապնդում են։ Երբ մարդուն ինչ֊որ բանում կասկածում են, բերման ենթարկելուց հետո զրկո՞ւմ են ընտանիքի հետ կապից։ Աֆղանին կոռուպցիայի մեջ են մեղադրում։ Սխալ տեղ են կոռուպցիա փնտրում։ Ի՞նչ կոռուպցիոներ, եթե մեր տան խուզարկության արդյունքում ընդհամենը 30 մանաթ (18 դոլար) են գտել» – պատմում է Սադիգովան։
Նա վստահ է, որ իր ամուսնուն հետապնդում են լրագրողական գործունեության և սոցիալական ցանցերում ցուցաբերած ակտիվության համատ։ «Առաջին անգամ չեն ձերբակալում։ Միշտ հետևից ընկած են՝ պաշտոնյաների մասին տեղեկատվության բացահայտման պատճով։ Այս անգամ ևս նա պատվերի զոհ է դառնում», – պնդում է Սադիգովան։
Մայիսի 15-ին Ջալիլաբադի շրջանային դատարանում տեղի կունենա Սադիգովի դատավարությունը՝ Լաչինի շրջանի ղեկավար Ահիլ Նազարլիի դիմումի հիման վրա։ «Նա ամուսնուս մեղադրում է զրպարտանքի մեջ։ Աֆղանը հենց այնպես ոչ մեկի չի մեղադրում, հիմնվում է հստակ փաստերի վրա։ Մեկ այլ շրջանի ղեկավար ևս փորձել է նրա դեմ դատական հայց ներկայացնել, բայց մեղադրանքան այնքան անհիմն էր, որ ի վերջո մեղադրողն ինքը հետ կանչեց հայցը», – պատմում է Սադիգովան։
Փաստաբան Էլչին Սադիգովը նշում է, որ լրագրողին բերման են ենթարկել գլխավոր դատախազության Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, բայց հստակ մեղադրանքի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան։
Աֆղան Սադիգովը նախկինում ևս վարչական հետապնդումների է ենթարկվել։ 2019-ի հունվարին նա ձերբակալվել էր բլոգեր Մեհման Հուսեինովի պաշտպանության համար կազմակերպված չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար։ 2018-ի նոյեմբերի 27-ին նրան բերման էին ենթարկել Բաքվում նախագահի աշխատակազմի գրասենյակի դիմաց՝ ղարաբաղյան հակամարտության արդյունքում զոհված զինծառայողների ծնողների ցույցին մասնակցելու համար․ ծնողները փոխհատուցում էին պահանջում։ Նույն օրը լրագրողին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Նույն մեղադրանքով նա 30 օր մեկուսարանում է անցկացրել 2018-ի հուլիսին։