Home / Բանտ / Ալիևը՝ համավարակից օգտվելով, կադրային ջարդ է անում

Ալիևը՝ համավարակից օգտվելով, կադրային ջարդ է անում

Ադրբեջանի իշխանությունների «հին գվարդիայից» ձերբազատման գործընթացը շարունակվում է։ Անցյալ տարվա աշնանը սկսված պաշտոնանկությունների և ձերբակալությունների շարքը շարունակվում է նաև համավարակի և խիստ կարանտինի պայմաններում։

Աշխատանքը կորցրած պաշտոնյաների անունների ու զբաղեցրած պաշտոնների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խոսքը մասշտաբային արշավի մասին է, որը չի սահմանափակվում տարածքային իշխանություններով։ Աշխատանքից հեռացվել է անգամ գլխավոր դատախազը, ով այդ պաշտոնում էր արդեն 20 տարի։

Պաշտոնանկության վերջին դեպքը Իմիշլիի մարզպետ Վիլյամ Հաջիևինն էր, ում աշխատանքից հեռացման հրամանը նախագահը ստորագրել է մայիսի 6-ին։

Ինչի՞ համար են հեռացնում պաշտոնյաներին

Մարզային պաշտոնյաները մեղադրվում են կարանտինի պայմաններում պետության կողմից անապահով ընտանիքներին ուղարկված աջակցության յուրացման կամ մտերիմների շրջանում բաշխման, նաև՝ կարանտինի ժամանակ ազատ տեղաշարժման ապօրինի թույլտվությունների տրամադրման մեջ։

Ձերբակալությունների և պաշտոնանկությունների մի մասը մամուլում մեծ հնչեղություն են ստացել, մյուսների մասին գրեթե չի խոսվել։

Գլխավոր դատախազի հեռացումը

Ադրբեջանական իշխանությունները հիմնականում իրենց որոշումները չեն մեկնաբանում։ Նախագահի պաշտոնական կայքում հայտարարություն էր հայտնվել Բիլկասուվարի շրջանի պաշտոնյաների հեռացման մասին, ձերբակալությունների մասին խոսք չկար։ Նույն օրը Իլհամ Ալիևի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել է նաև գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր գրեթե 20 տարի։

Մի քանի օր անց դատախազի պաշտոնում նշանակվում է Քյամրան Ալիևը՝ Գարալովի տեղակալը։

Բարեփոխումնե՞ր

Մաքրումները պաշտոնյաների շրջանում սկսվել են 2019-ի աշնանը։ Հիմնականում աշխատանքից ազատվում էին տարեց պաշտոնյաները, ովքեր իրենց քաղաքական գործունեությունը սկսել էին դեռևս խորհրդային տարիներին։

Օրինակ, նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Ռամիզ Մեխտիևը, ով պաշտոնավարել էր նաև Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կառավարությունում։ Մեխտիևը հայտնի էր «գորշ կարդինալ» անունով։ Այժմ ղեկավարում է Գիտությունների ազգային ակադեմիան։

Անցյալ տարեվերջում մասսայաբար աշխատանքից ազատվում էին տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները։ Մամուլում դա որպես բարեփոխումներ էր որակվում։

Քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեի խոսքով, կատարվածը բարդ է բարեփոխում անվանել, ամեն ինչ ավելի շուտ նման է իշխանական աստիճանավորման ամրապնդման և բարեկարգման։

«Նոր նախարարները գուցե հնազանդ կլինեն, բայց հներն էլ էին վերևից եկած հրամանները կատարում․ չէ որ hրամանները միշտ նախագահի ադմինիստրացիայից են գալիս։ Ո՞րն էր գլխավոր դատախազ Գարալովի հեռացման իմաստե, եթե նա էլ ում պետք էր նստացնում էր»,- մեկնաբանում է Հաջիզադեն։

Ադրբեջանի տնտեսությունը մեծ կախում ունի նավթի արտահանումից։ Տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլիի կարծիքով, պաշտոնանկությունները կարող են կապված լինել համավարակի պայմաններում նավթի գնի անկման հետևանքով եկամուտների կտրուկ նվազման հետ։

Իլհամ Ալիևի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը Բի֊բի֊սի֊ի հետ զրույցում նշել է, որ իրավասու չէ խոսել պաշտոնանկությունների և բարեփոխումների մասին։ Նախագահի ադմինիստրացիայի մամուլի ծառայությունը զանգերին չի պատասխանել։

Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ 2017 թվականին իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելուց հետո, վերջին տարիներին Ալիևն իշխանության վերին հանգույցներում փոփոխություններն իրականացնում է իր կնոջ օգտին։ Կլանային քաղաքականության ֆոնին տնտեսական աճի դանդաղեցման պայմաններում Ալիևը կորցնում է հանրային աջակցությունը։ Փորձում է հեռացնել «հին գվարդիայի» պաշտոնյաներին՝ ներէլիտային դավադրության հավանականությունը փոքրացնելու նպատակով։ Աշխատանքից հեռացված բարձրաստիճան պաշտոնյաները որպես կանոն դեմ էին Մեհրիբանի պաշտոնավարմանը, կամ գոնե հավատարիմ չէին նրան։ «Եթե ապագայում Ալիևը հրաժարական ներկայացնի, Մեհրիբան Ալիևան իշխանության կգա՝ իր դաշնակիցներով շրջապատված», – ասվում է զեկույցում։

Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպանական կազմակերպությունը գրել էր, որ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների իշխանությունները COVID-19-ի համավարակին արձագանքում են ճնշող և բռնարար միջոցներով, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում մարդու իրավունքների ոլորտում նրանց պարտավորություններին։ «Ադրբեջանի իշխանությունները COVID-19-ի համավարակն օգտագործում են ընդդիմության ճնշման համար։ Մարտի 19-ին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է կորոնավիրուսի տարածման ժամանակամիջոցի «նոր կանոնների» մասին, որոնց շարքում էին ընդդիմության «մեկուսացումն» ու «մաքրումը»։ Այդ հայտարարությունից հետո խուլիգանության շինծու մեղադրանքով ձերբակալվել էր ընդդիմադիր ակտիվիստ Տոֆիգ Յագուբլուն, իսկ իրավապաշտպան Էլչին Մամեդը բերման էր ենթարկվել գողության կասկածանքով», – ասվում էր կազկակերպության հրապարակած բրիֆինգի տեսքտում։

«Կավկազսկի ուզելի» հետ զրույցում Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) փոխնախագահ Սեյմուր Հազին նշել էր, որ վերջին 20-25 օրերի ընթացքում իրենց կուսակցությունից նվազագույնը 12 ակտիվիստ է կալանավորվել, որանցից 11-ը՝ ադմինիստրատիվ կարգով․ «Ալիզամին Սալաևը դատապարտվել է քրեական գործով։ Ահիլ Գումբաթովին հոգեբուժարան են տեղափոխել, ինչպես Բրեժնևի ժամանակ։ Իշխանությունները համավարակն օգտագործում են ԱԺՃԿ գործունեությանը խոչընդոտելու համար։ Մի քանի օր առաջ մեր կուսակցության պրեզիդիումի անդամ Սահադաթ Ջհանգիրին մի քանի ժամ հարցաքննել են, տանը խուզարկություն են իրականացրել, առգրավել հեռախոսն ու համակրգիչը։ Կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին արդեն 20 օր զրկված է ինտերնետից, իսկ բջջային կապը գործում է մեծ ընդմիջումներով»։