Home / Վերլուծություն / Freedom House․ Իլհամը չլինի՝ Մեհրիբանը կլինի

Freedom House․ Իլհամը չլինի՝ Մեհրիբանը կլինի

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Ժողովրդավարության ու ազատության ընդլայնում։ Անցումային շրջանի պետություններ» հետազոտության մեջ ներառված են 29 երկրներ, որոնցից 10-ը ներկայացված են որպես ժողովրդավարական, 10-ը՝ հիբրիդային, 9-ը՝ ավտորիտար։ Ադրբեջանը վերջին խմբում է՝ 1.4 միավորով։ Հայաստանն ու Վրաստանը հիբրիդայինների ցանկում են՝ համապատասխանաբար 3 և 3,25 միավորներով։

«Ադրբեջանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահներն իրենց հարազատներին պատասխանատու պաշտոններում նշանակելով, պարարտ հող են նախապատրաստում իշխանության դինաստիական փոխանցման համար։ Անձի գերակայության պայմաններում գործող համակարգում իշխանության փոխանցումը ցանկացած ձևաչափով ռիսկային է», – գրված է զեկույցում։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2003 թվականի խստորեն վերահսկվող ընտրությունների արդյունքում ժառանգեց հոր իշխանութունը։ Այժմ էլ նշմարվում են ընտանիքի ներսում իշխանության վերաբաշխման պատրաստություններ։ Վերջին տարիներին Ալիևն իշխանության վերին հանգույցներում փոփոխություններն իրականացնում է իր կնոջ օգտին», – ասվում է հետազոտության մեջ։

Նշվում է նաև, որ 2017 թվականին Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակումն ամրապնդել է «Փաշաևյան կլան» ընտանեկան հանգույցի կապերը (Մեհրիբան Ալիևայի օրիորդական ազգանունը)։ Կլանային քաղաքականության ֆոնին տնտեսական աճի դանդաղեցման պայմաններում Ալիևը կորցնում է հանրային աջակցությունը։ Փորձում է հեռացնել «հին գվարդիայի» պաշտոնյաներին՝ ներէլիտային դավադրության հավանականությունը փոքրացնելու նպատակով։ Աշխատանքից հեռացված բարձրաստիճան պաշտոնյաները դեմ էին Մեհրիբանի պաշտոնավարմանը, կամ գոնե հավատարիմ չէին նրան։

«Եթե ապագայում Ալիևը հրաժարական ներկայացնի, Մեհրիբան Ալիևան իշխանության կգա՝ իր դաշնակիցներով շրջապատված», – ասվում է զեկույցում։