Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների իշխանությունները COVID-19-ի համավարակին արձագանքում են ճնշող և բռնարար միջոցներով, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում մարդու իրավունքների ոլորտում նրանց պարտավորություններին, հայտարարել է Amnesty International-ը։ Կազմակերպությունը նոր բրիֆինգ է հրապարակել, որը նվիրված է այդ տարածաշրջանի երկրների ստանձնած իրավական պարտավորություններին։
«Տարածաշրջանում COVID-19-ի համավարակի տարածմանը զուգընթաց, տպավորություն է ստեղծվում, որ շատ կառավարություններ ավելի շուտ հետաքրքրված են այլակարծության ճնշմամբ, քան հասարակական առողջության պահպանմամբ», – հայտարարել է Կենտրոնական Ասիայի հարցերով Amnesty International-ի հետազոտող Հեզա Մաքհիլը։
«Սկսած Ղազախստանի իշխանություններից, որնք կողպում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերը՝ բնակիչներին ներսում պահելու համար, մինչև Չեչնիայի ոստիկանները, որոնք դիմակ չկրելու պատճառով ծեծում են մարդկանց, տարածաշրջանի երկրների կառավարությունները, կարծես, համավարակն ընկալում են որպես մարդկանց իրավունքների ոտնահարման կարտ բլանշ։ Վիրուսի տարածման կանխարգելման դեմ ցանկացած խիստ միջոց պետք է սահմանափակված լինի դրա կիրառության ժամանակով և համապատասխանի մարդու իրավունքների պաշտպանության ստանդարտներին», – նշում է Մաքհիլը։
Ուժի անհամաչափ կիրառում և սահմանափակող միջոցներ
Արևելյան Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում իշխանությունները հաճախ են բռնի միջոցների դիմում՝ քննադատական հայացքները ճնշելու նպատակով։ Զարմանալի չէ, որ որոշ կառավարություններ COVID-19-ի համավարակի կանխարգելմանը մոտեցան մարդու իրավունքների նկատմամբ անտարբերությամբ։
Ապրիլի վեցին Կարակոլում՝ Ղրղզստան, բազմաբնակարան շենքի շքամուտքերը կողպվեցին՝ բնակիչներից մեկի կորոնավիրուսային թեստի դրական պատասխանի պատճառով։ Ղազախստանում ևս կառավարության հրամանով փակվեցին մի շարք բազմաբնակարան շենքեր՝ բնակիչներին պարտադրելով մնալ տանը։
Ապրիլի 18-ին ուկրաինական բանակը փակել էր Ուկրաինայի արևելքի հակամարտության գոտու կառավարության հսկղության տակ գտնվող հատվածի Ստառոմարյովկա գյուղ տանող միակ ճանապարհը։ Արդյունքում գյուղի մոտ 150 բնակիչների կապն արտաքին աշխարհի հետ կտրվել էր․ չէին կարողանում սնունդ գնել, բժշկական կամ այլ օգնություն ստանալ։
Մարտի վերջում Չեչնիայում տեսանյութ էր նկարահանվել որում ոստիկանները պլատիկ մահակներով ծեծում էին մարդկանց՝ դիմակ չկրելու մեղադրանքով։
Սպառնալիքներ առողջությանն ու իրավունքներին
Բելառուսում, Տաջիկստանում և Թուրքմենստանում առաջնորդները նվազեցնում էին համավարակի լրջությունն ու ժողովրդական բժշկության միջոցներ պրոպագանդում, առանց դրանց արդյունավետության ապացույցների։ Մարտի վերջում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ մի բաժակ օղին, բաղնիք այցելություններն ու սպորտը կարող են սպանել ցանկացած վիրուս։ Մինչև այժմ Բելառուսի իշխանությունները մարդկանց սոցիալական հեռավորության ապահովման որևէ միջոցներ չեն ձեռնարկել։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գրեթե չի խոսում COVID-19-ի մասին․ խորհուրդ է տվել փակ տարածքներում հարմալ բույսի տերևներ վառել՝ հիվանդությունների կանխարգելման համար։
Ամբողջ տարածաշրջանում բավարար ֆինանսավորում չունեցող առողջապահական համակարգերը փորձում են ապահովել մարդկանց անհրաժեշտ բուժօգնությունը։ Ռուսաստանում հանրային առողջապահության բարեփոխումները, որոնք «օպտիմալացում» անվանումն էին ստացել, հանգեցրեցին վերջին տասնամյակի ընթացքում առողջապահական ոլորտի ֆինանսավորման, բժշկական անձնակազմի, բուժհաստատությունների թվի կտրուկ կրճատման։ Միջոցների սղության պատճառով երկրում համավարակից տուժեցին մեծ թվով բուժաշխատողներ։
Ազատ արտահայտման իրավունքի և տեղեկատվության հասանելիության սպառնալիքներ
Վիրուսի տարածման կանխարգելման համար կառավարությունները պետք է ապահովեին COVID-19-ի և պաշտպանության միջոցների մասին ճշտված փաստերի վրա հիմնված տեղեկության տարածումը։ Սակայն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ դիմել են հակառակ միջոցների․ ներմուծվել են համավարակի մասին տեղեկություններ տարածող լրագրողների նկատմամբ հետապնդումների նոր արտոնություններ։
«Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվության են ենթարկել սոցիալական ցանցերի մի շարք օգտատերերի, լրագրողների և բուժաշխատողների, ովքեր քննադատորեն էին արտահայտվում COVID-19-ի դեմ պայքարում իրենց երկրների նախաձեռնած գործողությունների մասին։ Այլ երկրներ, օրինակ՝ Ուզբեկստանը, հսկայական տույժեր են սահմանել «ֆեյք լուրերի» տարածման համար»,– նշում է Հեզա Մաքհիլլը։
«Այսպիսի սպառնալից միջոցները տարածաշրջանի լրագրողներին հասկացնում են, որ շատ երկրների իշխանություններ ավելի շատ հետաքրքրված են իրենց քննադատների ճնշմամբ, քան մարդկանց առողջության պահպանմամբ»։
Ադրբեջանի իշխանությունները COVID-19-ի համավարակն օգտագործում են ընդդիմության ճնշման համար։ Մարտի 19-ին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է կորոնավիրուսի տարածման ժամանակամիջոցի «նոր կանոնների» մասին, որոնց շարքում էին ընդդիմության «մեկուսացումն» ու «մաքրումը»։ Այդ հայտարարությունից հետո խուլիգանության շինծու մեղադրանքով ձերբակալվել էր ընդդիմադիր ակտիվիստ Տոֆիգ Յագուբլուն, իսկ իրավապաշտպան Էլչին Մամեդը բերման էր ենթարկվել գողության կասկածանքով։
Ռուսաստանում «Բժիշկների ալյանս» անկախ արհմիության նախագահ Անաստասիա Վասիլևային հարցաքննության էին կանչել «կեղծ լուրերի» տարածման մեղադրանքով։ Արհմիությունը Ռուսաստանի բուժաշխատողներին կոչ էր անում բարձրաձայնել իշխանությունների ոչ կոմպետենտության դրսևորումների մասին։ Արդյունքում, «Բժիշկների ալյանսի» մի շարք անդամներ սպառնալիքներ են ստացել, իսկ ինքը՝ Վասիլևան բերման է ենթարկվել «կարանտինի կանոնների խախտման» մեղադրանքով, երբ բժշակական սարքավորումներ էր տեղափոխում դեպի տեղի հիվանդանոց։
Ռուսական ԶԼՄ-ները ևս ենթարկվել են ճնշումների։ Իշխանությունների պարտադրանքով «Նովայա գազետա» հրատարակչությունը ստիպված է եղել ջնջել հոդվածը, որում քննադատական կարծիք կար Չեչնիայի իշխանությունների՝ մեկուսացման քաղաքականության մասին։ Հոդվածը ջնջելու պարտադրանքից առաջ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հանրայնորեն սպառնացել էր հոդվածի հեղինակ Ելենա Միլաշինային։
«Արևելյան Եվրոպայի և Կենտոնական Ասիայի մարդիկ ավելի լավ վերաբերմունքի են արժանի այս դժվար և անորոշ ժամանակներում», – ընդգծել է Հեզա Մաքհիլը։