Վաղը Բրիտանիան կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, հայտնում է առողջապահության նախարար Մեթ Հենքոքը։
Covid-19-ի դեմ պատվաստանյութը մշակվում է Օքսֆորդի համալսարանում ու Լոնդոնի Կայսերական քոլեջում։ Նախարար Հենքոքի խոսքով, հինգշաբթի օրը փորձարկման փուլ կանցնի Օքսֆորդի համալսարանի ստացած պատվաստանյութը։
Համալսարանները կառավարությունից գումարային 42,5 մլն ֆունտ աջակցություն կստանան կլինիկական փորձարկումների փուլի կազմակերպման համար։
«Երկու նախագծերն էլ խոստումնալից են և արագորեն զարգանում են։ Հետազոտական աշխատանքները ղեկավարող գիտնականներին խոստացել եմ տրամադրել մեզնից պահանջվող ցանկացած տեսակի աջակցություն», – նշել է նախարարը, հավելելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահուսալի միջոցը պատվաստանյութի ստացումն է։
Հենքոքը հայտարարել է, որ այս նախագիծն այնքան է կարևորվում, որ Բրիտանիան պատրաստ է ողջ ուժերը ներդնել այդ պատվաստանյութի մշակման գործում և արդեն ավելի շատ գումար է հատկացրել դրան, քան յուրաքանչյուր այլ երկիր։
Անգլիայում և Ուելսում մեկ շաբաթվա ընթացքում բոլոր մահերի թիվը երեք անգամ մեծացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ, ընդ որում, մահերի մեկ երրորդը Covid-19-ից են։ Այլ պատճառներով մահերի թվի աճը բացատրվում է հիվանդանոցներ այցելեուց խուսափելով․ համավարակի սկզբից սկսած շտապ օգնության կանչերի թիվը գրեթե կնկնակի նվազել է։