Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել սոցիալական խնդիրների առջև կանգնած անապահով ընտանիքներին:
Միջոցառման շահառու են 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները: Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին՝ նպաստի 50 տոկոսի չափով, որի 70 տոկոսը տրամադրվում է կանխիկ, 30-ը՝ փոխանցվում որպես էլեկտրաէներգիայի վճար։ 30 տոկոսն, այսպիսով, փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է շահառուի պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ ծրագրի շահառու են հանդիսանում 85,000 ընտանիքներ։ Ծրագրի համար հատկացվել է 1,2 միլիարդ դրամ։
Կառավարությունն ընդլայնվեց նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուների շրջանակը։
8-րդ միջոցառումը վերաբերում է համաճարակից տուժած մասնավոր ոլորտների (հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ, մանրածախ առևտրի ծառայություններ, բացառությամբ՝ դեղորայքի, սննդի, ալկոհոլի և ծխախոտի) գրանցված աշխատողներին, որոնք գործող սահմանափակումների պատճառով այժմ փաստացի զրկվել են աշխատանքից և աշխատավարձ ստանալու խնդիր ունեն։ Աջակցությունը տրամադրվում է ոչ թե գործատուներին, այլ՝ աշխատողներին․ վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 68,000 դրամը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136,000 դրամը (ավելի մանրամասն՝ այստեղ): Կառավարությունն այսօր ընդլայնեց տուժած ոլորտների ցանկը, որոնցում ընդգրկված աշխատողները իրավունք կունենան օգտվել պետական աջակցությունից։
«Ավելացնում ենք ցամաքային տրանսպորտի գործունեությունը (երթուղային տրանսպորտ), նախադպրոցական կրթությունը (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեությունը (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեությունը (սրճարաններ, մանկական զարգացման կենտրոններ և այլն)», – հայտնեց նախարար Զարուհի Բաթոյանը։
Ընդլայնվեց նաև 9-րդ միջոցառման շահառուների շրջանակը։ 9-րդ միջոցառումը վերաբերում է երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամի չափով: Այժ ծրագրի շահառու են համարվելու նաև ընտանիքները, որոնցում գրնացված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
«Հակաճգնաժամային պրոցեսների համատեքստում ևս մեկ անգամ արձանագրում ենք, թե ինչքան կարևոր է գործունեության տեսակը ճիշտ հայտարարագրելը, գրանցված աշխատող լինելը, աշխատավարձը ճիշտ հայտարարագրելը, հարկային պարտավորությունները ժամանակին կատարելը։ Բոլոր այն ձեռնարկություններն ու անձինք, ովքեր այս կանոնները չեն պահել, հիմա այս իրավիճակում աջակցությունների փաթեթից օգտվելու իմաստով կանգնում են լուրջ բարդությունների առաջ», – նշեց վարչապետ Փաշինյանը։