Կառավարության հերթական՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառման շահառուները բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ-բաժանորդներն են, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել 10 000 դրամը՝ բնական գազի, և 5000 դրամը՝ էլեկտրաէներգիայի սպառման գծով։ Միջոցառումն ընդունվեց ապրիլի 13-ին կառավարության արտահերթ նիստի ընթացքում։
Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված, համապատասխանաբար, բնական գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարի 50%-ի չափով: Փոխանցումը միանգամից կիրականացվի կոմունալ ծառայությունը մատուցող ընկերության հաշվին։ Նրանց համար, ովքեր պարտքեր ունեն, դրանք կնվազեցվեն համապատասխան չափով։ Իսկ պարտք չունեցողների մոտ տվյալ գումարը կանխավճարի է վերածվում։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած անձանց։