«Քանի որ Արցախում իշխանությունների դեմ պայքարելու այլ տարբերակներ չկան, և պայքարն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե այն փողոցում է, մենք դուրս ենք գալու փողոց»։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։
Գիտակցելով կորոնավիրուսի հետ կապված վտանգները և ակցիային մասնակցելու որոշումը թողնելով մարդկանց վրա, նա նշում է․ քանի դեռ իշխանություններն անտեսում են արտակարգ դրություն հայտարարելու մասին կոչերը, իրավիճակի զարգացման համար պատասխանատվությունն ընկնում է հենց իշխանությունների վրա։ Ընտրությունների արդյունքները, ապրիի 14-ին նշանակված երկրորդ փուլը չեղարկելու, նոր ընտրություններ կազմակերպելու, գործող նախագահ Բակո Սահակյանի, ոստիկանապետ Լևոն Մնացականյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հրաժարականները պահանջելու հետ մեկտեղ իշխանություններին արտակարգ դրություն հայտարարելու պահանջ է ներկայացվում։
Ղարաբաղում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու և նոր ընտրություններ կազմակերպելու պահանջով նախորդ հավաքը 5 օր առաջ էր կայացել։
Այսպիսով, ապրիլի 11-ին ժամը 15։00-ին նախատեսված ակցիան ուժի մեջ է, չնայած նրան, որ Ղարաբաղում կորոնավիրուսի վարակման 5 հաստատված դեպք կա։ Տասնյակ մարդիկ մեկուսացվել են, այդ թվում՝ ոստիկաններ, որոնք, ըստ Օսիպյանի, արդեն կարող էին շատ այլ մարդկանց վարակել։
Ընդդիմադիրը չի բացառել, որ հավաքը կարող է նպաստել վարակի տարածմանը, սակայն այս համատեքստում քաղաքական գործիչը նշել է․
«Կորոնավիրուսի վերաբերյալ պատասխանատվությունն ամբողջությամբ իշխանության վրա է։ Մենք ասել ենք՝ մտցրեք արտակարգ դրություն, մենք կգնանք տուն։ Մարդիկ, ովքեր որոշում են կայացրել հավաքներին ներկա լինել, մենք էդ մարդկանց առողջության պատասխանատվությունը մեզ վրա չենք վերցնում։ Մենք ինքներս, գիտակցելով, որ կորոնավիրուսի վտանգ կա, այո, դուրս ենք գալիս, որպեսզի հավաքը կայանա։ Ամեն մեկը թող իր համար որոշի՝ ներկայանում է, թե՝ ոչ։ Վտանգն, այո, կա։
Քանի որ Արցախում իշխանությունների դեմ պայքարելու այլ տարբերակներ չկան, պայքարն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե այն փողոցում է, մենք դուրս ենք գալու փողոց։
Եթե մենք դուրս չենք գալիս փողոց ու ընտրություններ են տեղի ունենում, ընտրությունների ժամանակ կորոնավիրուսի տարածումը շատ ավելի վտանգավոր է, քան հավաքի ժամանակ։ Մենք գնում ենք էս փոքր վտանգին, որ կանխենք ավելի մեծ վտանգը։ Մեր պահանջն է՝ մտցնել արտակարգ դրությունը։
Այս պահանջը հնչել էր դեռ առաջին փուլից առաջ․ Լաչինի գյուղում, որտեղ հայտնաբերվել են առաջին վարակվածները, ռեալ ընդամենը 17 բնակիչ է ապրում։ Ընտրությանը մասնակցել է 80 հոգի, այսինքն տարբեր տեղերից՝ նաև Հայաստանից, եկել էին ընտրություններին մասնակցելու համար, ու էդ կորոնավիրուսի հավանական պատճառը, որ այն մտել է Արցախ, եղել է ընտրությունը։ Բակո Սահակյանն արդեն էդ մեղքն իր վրա վերցրել է»։
Օսիպյանի համոզմամբ՝ ընտրություններն անհրաժեշտ է չեղարկել, մինչև չհանգուցալուծվի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։ Ղարաբաղի իշխանություններն, ըստ նրա, չեն պատկերացնում, թե ինչ պատասխանատվություն է ընկնում իրենց վրա․ «Ինչքան ուշ դուք հրաժարական տաք, այդքան վատ ձեզ համար։ Այն, ինչ մենք ասել էինք, հիմա տեղի է ունենում»։
Ղարաբաղուն մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն, նոր գումարման Ազգային ժողով անցան 5 քաղաքական ուժեր․ նախկին վարչապետ, օլիգարխ Արայիկ Հարությունյանի ղեկավարծ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքը, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը, 2018 թվականին ստեղծված Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և գործող ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»։
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Ղարաբաղի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հաղթահարել 50 տոկոս+1 շեմը։ Հայտարարվեց, որ ապրիլի 14-ին Ղարաբաղում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուները՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն (49,26 %) ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 %)։