Ղարաբաղի ոստիկանությունը կեղծել է ընտրողների ցուցակները․ քաղաքացին ներառված է եղել Ստեփանակերտի միանգամից երկու ընտրատեղամասերի ցուցակներում՝ ըստ հաշվառման և ըստ «գնտվելու վայրի»։ Երկու տեղամասում էլ քվեարկել է։ Կրկնակի քվեարկության դեպքը հայաստանյան դիտորդական առաքելությունը բացահայտել է պատահականորեն։ Ստուգելու համար՝ որքան տարածված են եղել կեղծարարության նման դրսևորումնեը, առաքելությունը Ղարաբաղի ոստիկանությունից պահաջել է ներկայացնել ընտրողների՝ ըստ գտնվելու վայրի կազմված ցուցակները, որոնք ի տարբերություն հիմնական ցուցակների՝ օրենքի խախտմամբ Ոստիկանության կայքէջում հրապարակված չեն եղել։ Ոստիկանությունը դրանք ներկայացնել հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ցուցակները «չեն պահպանվել»։
Այս մասին ահազանգել է Ղարաբաղում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկած «Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Նույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու դեպքը Ոստիկանության կողմից կատարված կանխամտածված հանցագործություն է, բացատրում է իրավապաշտպանը։ Ընտրողին ըստ գտնվելու վայրի ցուցակում ներառելու իրավունք ոստիկանությունն առհասարակ չուներ․ վերջինս հաշվառված էր և «գտնվում էր» միևնույն համայնքում։ Կրկնակի ցուցակագրումը պատահականության արդյունք լինել ևս չէր կարող․ անձնագրային ծրագիրը, որով կազմվում են ցուցակները, նման բան անել չի թողնում, նույն մարդում երկու տարբեր ցուցակում ներառել հնարավոր էր միայն «մանուալ», այսինքն՝ ձեռքով։
Որքան տարածված են եղել կրկնաքվեարկության դեպքերը՝ բացահայտել, ըստ էության, այլևս հնարավոր չէ։ Ղարաբաղի ոստիկանությունից հայտնել են, որ ընտրողների լրացուցիչ ցուցակները «չեն պահպանվել»։ Իրավապաշտպանը նշում է, որ սա ընտրական օրենսդրության ևս մեկ խախտում է․ Ղարաբաղի ոստիկանությունը ոչ միայն իրավունք չուներ ոչնչացնել («չպահպանել») ընտրողների ըստ գտնվելու վայրի ցուցակները, այլև պարտավոր էր դրանք հրապարակել։ Հրապարակվել են, սակայն, միայն հիմնական ցուցակները։
Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդումները ներկայացվել են Ղարաբաղի դատախազություն։ Օրեր առաջ առաքելությունը գտել էր նաև այլ անձի փոխարեն քվեարկելու 4 դեպք, որոնց առթիվ նույնպես հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել։
Ղարաբաղում հաշվառված ընտրողների թիվն ինքնին կասկածների տեղիք է տալիս։ Պաշտոնական տվյալների համաձայն, Ղարաբաղում կա 105 251 ընտրող (103 663-ը՝ ընդգրկված հիմնական և 1 588-ը՝ լրացուցիչ ցուցակներում), որոնցից 76 հազար 471-ը կամ ընտրողների 72,7 տոկոսը մասնակցել է մարտի 31-ի ընտրություններին։
Ընտրողների թվի ուռճացման հարցին ընտրություններից առաջ անդրադարձել էր Ստեփանակերտցի լրագրող, “Երրորդ Ուժ Պլյուս” թերթի խմբագիր Վահրամ Աղաջանյանը։ Ըստ նրա, 103 հազարից ավել ընտրող ունենալու համար Արցախը 140-150 հազար բնակչություն պետք է ունենար, այնինչ Ղարաբաղում ապրում է մոտ 100 հազար մարդ․ ճշգրիտ թիվը ոչ ոք չգիտի, քանի որ այն միտումնավոր թաքցվում է։ Գործող ադմինիստրացիան, նշել էր Աղաջանյանը, փաստացի ունի մինչև 40 հազար «նկարած ընտրող»։
Ուղղորդումներ, հրահանգավորումներ և վերահսկվող քվեարկություններ
Ղարաբաղյան ընտրությունները մինչ այս աչքի էին ընկնում հատկապես նախընտրական լայնամասշտաբ «բարեգործություններով» և, որպես արդյունք, վերահսկելի քվեարկությամբ։ Ընտրությունների առաջին փուլում ամենաշատ ձայները հավաքած (և միևնույն է՝ 50 տոկոս շեմը չհաղթահարած) Արայիկ Հարույթյունյանի նախընտրական շտաբերի բարեգործական և վերահսկիչ գործունեությունը մեկնարկել էր ընտրություններից ամիսներ առաջ։
Հայաստանյան դիտորդական առաքելություններն ու ղարաբաղյան ընդդիմադիր գործիչները պարբերաբար ահազանգում էին, որ նախընտրական քարոզչության ընթացքում քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվում է վարչական եւ ֆինանսական ապօրինի ճնշումների։ Ղարաբաղյան իշխանություններն ու իրավապահ համակարգն այդ ահազանգերն ատեսել է։ Քաղաքական գնհատականներ Հայաստանից ևս չեն եղել։
Հայաստանի կառավարության ֆինանասավորմամբ Ղարաբաղի ընտրությունները դիտարկած առաքելությունները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Ականատեսը» ընտրություններից անմիջապես հետո հայտնեցին, որ «բազմաթիվ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ»․ արձանագրվել են քվեաթերթիկը լուսանկարելու, քվեաթերթիկը դուրս տանելու, բաց քվեարկության, խմբակային քվեարկության, տեղամասերում և հարակից տարածքներում կուտակումների, ընտրողների հրահանգավորման, ընտրողների կազմակերպված տեղափոխման բազմաթիվ դեպքեր (ԻՔՄ-ի գրանցած հարյուրավոր խախտումների մասին ավելի մանրամասն՝ այստեղ, «Ականատեսի» հետընտրական տեղեկանքը՝ այստեղ):
Վերահսկվող քվեարկությունները, ըստ դիտորդների, կրել են պարբերական և զանգվածային բնույթ (դեպքերը, մեծամասամբ, արձանագրվել են Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկած ընտրողների մոտ)։ Դեպքերի քանակը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք գործնականում եղել են շատ ավելի շատ, քան գրանցվել են․ ԻՔՄ-ն նշում է՝ քվեաթերթիկ նկարելը, ինչպես նաև գաղտնության խախտման այլ արտահայտությունները կրում եմ լատենտային բնույթ և որպես կանոն՝ եզակի դեպքերում են նկատվում դիտորդների կամ այլ ականատեսների կողմից։
Ընտրական հանձնաժողովների նախագահները արձանագրված դեպքերի գերակշիռ մասում ոստիկանության ծառայողներին չեն դիմել։ Հանձնաժողովների նախագահներից մի քանիսը դա պատճառաբանել են նրանով, որ իրենց հրահանգել են ոստիկանին չդիմել։ Արձանագրված խախտումները հաճախ հրաժարվել են նաև գրանցել։
Իոաննիսյանը՝ համեմատելով ղարաբաղյան ընտրությունները Հայաստանի 2017 թվականի ԱԺ ընտրությունների հետ, նշում է՝ 1․ 2017 թվականին Հայաստանում քվեարկության գաղտնիությունը էապես ավելի քիչ է խախտվել, քան այժմ Արցախում: 2. Հայաստանում բաժանվում էր 10 հազար դրամ ընտրակաշառք, իսկ Արցախում դա դրսևորվել է բարեգործությամբ՝ շատ ավելի մեծ թվերով: Ընդ որում, երբեմն բարեգործության զգալի մասն արվել է պետության հաշվին (նման փորձ ՀՀ-ում եղել էր 2008-ին, բայց Սերժ Սարգսյանը հետ կանգնեց այդ վատ մտքից):
Epress.am-ի տեղեկություններով, նախագահի թեկնածու, օլիգարխ Արայիկ Հարույթյունյանի ընտրական շտաբերի կողմից բարեգործության քողի տակ բաժանվող ընտրակաշառքները որոշ դեպքերում հասնում էին 40-50 հազար դրամի՝ էապես գերազանցելով հայաստանյան «դրույքաչափերը»։ Բարեգործությունն արվում էր ոչ միայն գումարի տեսքով, այլև՝ ընտրողների պարտքերն ու տոկոսները փակելով, պարարտանյութ, վառելանյութ, շինանյութ «նվիրելով», մի քանի ամսով աշխատանքի տեղավորելով և աշխատանք խոստանալով, գյուղատնտեսական տեխնիկա տրամադրելով, ուսանողի վարձեր փակելով և այլն։ Բարեգործությունից օգտված քաղաքացիներից պահանջվում էր Արայիկ Հարությունյանի և նրա ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու ապացույցներ ներկայացնել։ Ընտրակաշառքների բաժանման և վերցման շղթան գործում էր ոստիկանության հովանավորմամբ։ Դրանում ներգրավված են եղել հազարավոր քաղաքացիներ։
Ընտրություններին մասնակցած ուժերից միայն Արցախի հեղափոխական կուսակցությունն է վիճարկել քվեարկության արդյունքները՝ հանրահավաքով և երթով պահանաջելով չեաղարկել դրանք և նոր ընտրություններ կազմակերպել։
Ղարաբաղի ԿԸՀ բողոքարկումներ, վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացվել։
Ընտրություններից գոհ է նույնիսկ հեղափոխությամբ Հայաստանի վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը․ նա կարծում է, որ Ղարաբաղում «բարձր մակարդակի ընտրություններ են եղել», ընտրախախտումները դրանց արդյունքների վրա չեն ազդել։ Վարչապետի աշխատակազմի ֆինանսավորմամբ Ղարաբաղ մեկնած դիտորդական առաքելությունների գնահատականները քաղաքական նպատակահարմարության մեջ, ենթադրաբար, չեն տեղավորվել։ Հարկավոր էր արդյո՞ք պետական բյուջեի հաշվին անկախ դիտորդներ ուղարկել Ղարաբաղ, եթե նրանց արձանագրածը ընտրությունների գնահատականի վրա ազդեցություն ունենալ չեր կարող։ Նման գոհունակությունը դիտորդության կարիք չունի։ Այն սկզբունքորեն չի տարբերվում նախկինում տրվածներից, երբ Ղարաբաղում ո՛չ դիտորդներ կային, ո՛չ էլ արդար ընտրությունների հանրային ակնկալիք։