Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն, չճանաչված հանրապետությունում ընտրողների քանակը 103 663 է: Ստեփանակերտցի լրագրող, “Երրորդ Ուժ Պլյուս” թերթի խմբագիր Վահրամ Աղաջանյանը գրում է, որ այս թիվն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը և ուղղված է Հայաստանի հասարակության և հայկական սփյուռքի բացահայտ ապատեղեկացմանը։
“103 663 ընտրող ունենալու համար անհրաժեշտ է, որ Արցախի բնակչությունը հասնի 140-150 հազարի։ Եվ հենց այդ թիվն է, որ բարձրաձայնում են ԼՂՀ իշխանությունների խոսափողները՝ առանց աչք թարթելու հայտարարելով, որ ԼՂ-ում ապրում է մոտ 150 հազար մարդ։
Այսինքն, հետևելով Սերժ Սարգսյանի դրածո Բակո Սահակյանի և նրա ԿԸՀ-ի “տրամաբանությանը”, 32 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում մարդիկ ընդհանրապես ոչ ծնվել են, ոչ մահացել. ինչպես 1988-ին 150 հազար մարդ կար, այնպես էլ մնացել է 150 հազար։
“Երրորդ ՈՒժ Պլյուս” թերթն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է. այդ թիվը բացարձակ սուտ է, որը հեռավոր աղերս անգամ չունի առկա իրողությունների հետ։ Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ Ղարաբաղի բնակչությունն այժմ կազմում է մոտ 100 հազար մարդ (գուցե մի փոքր ավելի՝ ճշգրիտ թիվը ոչ ոք չգիտի, քանի որ այն միտումնավոր թաքցվում է իշխանությունների կողմից)։ Իսկ դա նշանակում է, որ Ղարաբաղում ընտրողների իրական թիվը 60-65 հազար է։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ԼՂ իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունների արդյունքները՝ իշխանամետ թեկնածուներին վերագրելով ընտրողների մեկ երրորդի՝ մոտ 40 հազար մարդկանց ձայները։
“Երրորդ ՈՒժ Պլյուս” թերթը պատրաստ է ապացուցել ասվածը (ուշադրություն) գյուղ առ գյուղ՝ ընդհուպ մինչեւ յուրաքանչյուր բնակավայրում կանանց եւ տղամարդկանց թվի նշումը: Պատրաստ ենք անել դա հրապարակայնորեն՝ ԼՂ և ՀՀ լրագրողների ներկայությամբ։
Տարակուսանք է առաջացնում նաև մեկ այլ փաստ։ Իշխանությունները հայտնում են, որ ձևավորվել է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը գտնվում է ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչությունում, իսկ մյուսը՝ “Շուշի” քրեակատարողական հիմնարկում։ Հարց ԼՂՀ իշխանություններին. իսկ ինչո՞ւ նման տեղամասեր չեն ստեղծվել եվրոպական երկրների, Լիբանանի, ԱՄՆ-ի և հատկապես Ռուսաստանի Դաշնության ԼՂ ներկայացուցչություններում, երկրներ, որտեղ ապրում են տասնյակ հազարավոր արցախցիներ: Սերժ Սարգսյանի ռեժիմն ու ԼՂՀ իշխանությունները ոչ միայն վտարել են նրանց հայրենիքից, այլև զրկել են նրանց ընտրական իրավունքի՞ց։
Վերոգրյալից ելնելով՝ դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին եւ վարչապետին. մեծարգո պարոնայք Սարգսյան եւ Փաշինյան, դուք խոստացել եք, որ Հայաստանի իշխանությունները կերաշխավորեն Լեռնային Ղարաբաղում ազատ, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Այս ընտրություններն արդեն սկսվել են գործող օրենսդրության կոպտագույն խախտմամբ՝ ընտրողների թվի բացահայտ կեղծմամբ։ Կոչ եմ անում ձեզ անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում օրինականության եւ արդարության վերականգնման ուղղությամբ”, մասնավորապես գրում է Վահրամ Աղաջանյանը: