«Որպեսզի Արցախում լինեն արդար ընտրություններ, անհրաժեշտ են Բակո Սահակյանի, [ոստիկանապետ] Լևոն Մնացականյանի և [Անվտանգության խորհրդի քարտուղար] Արշավիր Ղարամյանի հրաժարականները։ Շատերն ասում են՝ Բակո Սահակյանին մնացել է մեկ ամիս։ Ինչո՞ւ մենք չենք սպասում էդ մեկ ամիսը։ Քանի դեռ Բակո Սահակյանն իշխանության գլխին է, վարչական ռեսուրսներն օգտագործվելու են [նախկին վարչապետ, նախագահի թեկնածու] Արայիկ Հարությունյանի օգտին»։ Այս մասին Ստեփանակերտի կենտրոնում հերթական ցույցի ժամանակ հայտարարել է «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանը։
Վերջին օրերին կոռումպացված ռեժիմից ձերբազատվելու կոչով հանդես եկող ընդդիմադիրը հայտնում էր Հարությունյանի կողմից ուղղորդվող երիտասարդների՝ իրենց դեմ կիրառվող ճնշումների ու սադրանքների մասին։
«Որոշ ուժեր փորձում են էս շարժումն աղավաղել ու լուրեր են տարածում, իբր էս շարժումն ինչ֊որ մեկի ձեռքի գործն է։ Ուրեմն, եթե կա այդպիսի ապացույց, ձեզ էլ պետք չէ պրովոկացիաներով, ոստիկաններով փորձել էս շարժումը կանգնեցնել, ուղղակի հերիք ա էդ փաստը հրապարակային դարձնեք, ու էս շարժումը կանգ է առնելու։ Եթե կա այդպիսի փաստ», ֊ Artsakh1.am֊ի կողմից տարածված տեսանյությում ասում է ընդդիմադիրը։
Խոսելով Հարությունյանի կողմից վարած քաղաքականության մասին, Օսիպյանը նշել է՝ վերջինիս խոստանում է այն ամենն, ինչի կարիքն ունի ժողովուրդը․ «Անվճար կրթությո՞ւն՝ անվճար կրթություն է խոսք տալիս, անվճար բժշկությո՞ւն, ուրեմն անվճար բժշկություն է խոսք տալիս, ու տենց փորձում խաբել ժողովրդին։ Ոչ մեկ չի ասում, թե այդ անվճար բժշկությունն ու կրթությունն ինչի՞ հաշվին է լինելու։ Մի տեղից կրթությունը կամ բժշկությունը սարքելու են անվճար, մի ուրիշ տեղից էլ նենց հարկեր դնեն, որ ժողովրդի հաշվին է դա լինելու։
Արցախում որ ուզես մի հարց լուծես, ինչի համար կա համապատասխան պետական ինստիտուտ, էդ պետական ինստիտուտը չի աշխատում։ Մարդիկ դիմում են Արայիկ Հարությունյանին, Արայիկ Հարությունյանը հարց է լուծում։ Սա քաղաքական կոռուպցիա է․ պետական ինստիտուտները վերացնում է ու բոլոր հարցերն իր միջոցով․․․ Ձայներ է հավաքում։ Միլիարդներ է գողանում, մի երկու կոպեկ գրեֆ ա անում, ասուն են՝ ա, ամեն դեպքում, ձեռք մեկնող տղա է»։
Երկու ժամկետ նախագահի աթոռը զբաղեցրած Բակո Սահակյանին դիմելով, Օսիպյանը նշեց․ «Զավթել եք իշխանությունը, նոր Սահմանադրություն ընդունել, որպեսզի էլի նստեք։ Սերժ Սարգսյանի հետ որոշել էիք՝ ցմահ հայ ազգը պիտի ղեկավարեք։ Շատ մի լավ ղեկավարներ էիք, հլը ցմահ էլ ուզում էիք ղեկավարել։
Հիմա իրավիճակ է փոխվել, Հայաստանում հեղափոխություն է եղել։ Բնականաբար, չի կարող Հայաստանի մի հատվածում հեղափախություն լինել, մյուս հատվածում՝ չլինել։ Չի կարա Հայաստանում հեղափոխություն լինի քրեաօլիգարխների դեմ, ու դա Արցախի վրա չազդի։ Նույն ազգն է, դե֊ֆակտո՝ նույն պետությունը, դե֊յուրեն էլ՝ ժամանակի հարց է։
Եթե դուրս եք գալիս, խոստումներ տալիս, որ ընտրությունների չեք խառնվելու, թափանցիկ ընտրություններ են լինելու, իմա՞ստը․․․ ընդամենը մի ամիս շուտ գնաք տուն ու ապացուցեք, որ չեք խառնվում ընտրություններին։ Ինչո՞ւ չեք դա անում։ Ինչո՞ւ, երբ հանրության կողմից հարցեր են ուղղվում, դուք կարող եք էդ հարցերին ուղղակի չպատասխանել։ Երբ համացանցը պայթում էր թեմայից, որ Ղարաբաղից 12 տոննա ոսկի են արտահանել, ոչ ոք դուրս չեկավ, ասի՝ ճի՞շտ է, սխա՞լ է։ Բնականաբար, ժողովուրդը մնում է այն կարծիքի, որ ստեղից ահռելի գումարներ են դուրս գալիս․․․ Ու հիմա հարց՝ դուք երկրի նախագահ եք, անունը դրած՝ գերագույն հրամանատար․․․ Մեր թշնամին միլիարդներով զենքեր է առնում, ստեղից էլ միլիարդներ են դուրս գալիս։ Էդ զենքը թշնամին հո չի առնում՝ պահելու համար, մի օր աշխատելու է։ Ինչո՞վ ենք պատասխան տալու։
Դուք խայտառակ եք, Բակո Սահակյան։ Ձեր երեսը մի քիչ փրկելու տարբերակը հրաժարականն է։
Սենց թե նենց, ժողովուրդն իր խոսքն ասելու է։ Արցախում ժողովրդավարություն լինելու է, ինչքան էլ չուզեք։ Կրկնում եմ՝ ինչքան ուշ, էնքան վատ ձեզ համար։ Սա այստեղ կանգնած մարդկանց կողմից սպառնալիք չէ, այլ իրականություն», ֊ հայտարարել է Արթուր Օսիպյանը։
Մարտի 31-ին Ղարաբաղում նոր Սահմանադրությամբ առաջին անգամ համընդհանուր ընտրություններ կանցկացվեն՝ նախագահական և Ազգային ժողովի։
Արցախի պետական համալսարանի նախկին դասախոս Արթուր Օսիպյանը գլխավորում է «Արցախի հեղափոխական կուսակցության» 17 հոգանոց ցուցակը։ Կուսակցությունն, սակայն, նախագահի թեկնածու չունի։
Ավելի վաղ «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանն էր հայտարարել, որ չնայած առաջիկա ընտրությունները նախորդների համեմատ ավելի մրցակցային են լինելու, սակայն արդար ընտրությունների մասին արդեն իսկ հնարավոր չէ խոսել։
«Դժվար է խոսել արդարության մասին, որովհետև ուժերից մեկը՝ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը, հսկայական ֆինանսական միջոցներ է ծախսում, այս կամ այն հիմնադրամների միջոցով «բարեգործական» ծրագրեր է իրականացնում, և դա որևէ կերպ չի վերահսկվում», – NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Գրիգորյանը։
Սակայն, նրա խոսքով, ընդհանուր առմամբ, պարզ է, որ այս ընտրություններն, ի տարբերություն բոլոր նախորդ ընտրությունների, ավելի մրցակցային են լինելու, ու ընդդիմությունն ավելի մեծ հնարավորություններ է ունենալու գործունեություն ծավալելու համար։ Կուսակցության նախագահի թեկնածուն ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն է։