Հունվարի 19-ին կայացած ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության 6-րդ համագումարին որոշվեց Արցախի նախագահի թեկնածու առաջադրել կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին:
Իր ծրագրային ելույթում Խանումյանը խոսեց կոռուպցիայի հաղթահարման, ապակենտրոնացման և համայնքների եկամուտների ավելացման, նոր ենթակառուցվածքների ստեղծման, պետական աջակցությամբ բնակֆոնդի կառուցման, առողջապահության համապարփակ համակարգի կայացման, կրթության ոլորտի կառուցվածքային փոփոխությունների, ուժային ամենաթողության բացառման և արդարադատության ոլորտի բարելավման մասին:
«Իշխանության գալու դեպքում մեր գլխավոր նպատակը լինելու է համակարգային կոռուպցիայի հաղթահարումը։ Դրա համար նախորդ շրջանին պետք է տրվի քաղաքական գնահատական, մշակվի համապատասխան օրենսդրություն, որը թույլ կտա պետականացնել հանցավոր, ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստությունը, գումարները և գույքը։ Խոսքը նաև պաշտոնական դիրքի չարաշահմամբ հարստացած պաշտոնյաների մասին է», ֊ ասել է նախագահի թեկնածուն՝ հավելելով, որ առանձնակի ուշադրության կենտրոնում են հայտնվելու պետական մասնակցությամբ ստեղծված հիմնադրամները, որոնց նպատակն, ըստ նրա, պետք է դառնա հազարավոր մարդկանց համար տարբեր ոլորտներում բիզնեսով զբաղվելու հնարավորություններ ստեղծելը, ոչ թե լինի մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի բիզնեսի ֆինանսավորման աղբյուր։
Նա բացառեց որևէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած, իշխանությունը և բիզնեսը միաձուլած քաղաքական ուժերի և գործիչների հետ, մասնավորապես, որևէ նախընտրական կամ հետընտրական համագործակցություն «Ազատ հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև նրանց կոալիցիոն գործընկերների հետ:
https://www.facebook.com/azgayin.veratsnund/videos/470205477259265/