Home / Դատարան / Աբովյանի ղեկավարին մեղադրում են ապօրինությունները չկանխելու մեջ

Աբովյանի ղեկավարին մեղադրում են ապօրինությունները չկանխելու մեջ

Համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին, տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

2019 թվականի հուլիսին Կոտայքի մարզի դատախազությունը ուստիկանությանն է ուղարկել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գրությունը, համաձայն որի, ՍՊԸ֊ն բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքում խախտումներ է թույլ տվել, արժանացել է տույժերի, բայց շարունակել է շինարարությունը՝ նույն խախտումներով։

Ընկերությանը պատկանող հողամասն Աբովյան համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ փոխանակվել է համայնքային սեփականություն հանդիսացող 6 հողամասերի հետ:

Ընկերությունը բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներն իրականացրել է ինչպես համայնքապատկան, այնպես էլ մի քանի քաղաքացիների (վերջիններիս համաձայնությամբ) պատկանող հողամասերում։ Աբովյան համայնքի ղեկավարի 2019թ. մայիսի 23-ի որոշումով ընկերությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել և նրա նկատմամբ տուգանք է սահմանվել՝ 200 հազար դրամի չափով։ Տուգանքի վճարումից հետո, նշված հողամասերում շինարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ թույլտվությունները տրամադրվել են և այդ աշխատանքները շարունակվել են օրինական կարգով։

Այնուհետև, ընկերությունը վարչական պատասխանատվության է ենթարկվել համայնքին պատկանող հողամասում  շինարարական աշխատանքներ կատարելու համար, որի համար նշանակված 400 հազ. դրամի չափով վարչական տուգանքը ևս վճարվել է, սակայն, շինարարական աշխատանքներն ինքնակամ չեն դադարեցվել: Ընդհանուր առմամբ կառուցվել է 19 բազմաբնակարան շենք։

Հետաքննության մարմինը, հիմնավորված համարելով, որ ընկերությունը խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել, հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացրել:

Այս որոշման օրինականության ստուգման նպատակով գործի նյութերն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ նյութերը թերի են նախապատրաստվել, չեն պարզվել մի շարք էական հանգամանքներ, ճիշտ չեն գնահատվել հանգամանքները, իսկ վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ եզրահանգումը չի համապատասխանում նյութերում առկա տվյալներին:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2019-ի հոկտեմբերի 30-ի իր որոշմամբ վերացրել է հետաքննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և Քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Դատախազական պատշաճ հսկողության ներքո Կոտայքի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել Աբովյան համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին։

Հիմնավորվել է, որ ի պաշտոնե պարտավոր լինելով կանխար­գելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, Վահագն Գևորգյանը դիտավորությամբ չի կատարել իր պար­տա­կանությունները, նաև չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները: Արդեն կիրառվածը կրել է ձևական բնույթ: Արդյունքում վերոնշյալ տա­րած­քում ՍՊԸ կողմից շարունակվել է համայնքին պատկանող 2240 մետր մակերեսով հո­ղամասի զավթումը և բազմաբնակարան շենքի ինքնա­կամ կառուցումը: