«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին ծեծի են ենթարկել արտերկրում բնակվող քրեական հեղինակության պատվերով, հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
2020 թվականի փետրվարի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված, քրեական աստիճանակարգության մեջ որոշակի դիրք զբաղեցնող Վ.Ա-ն գլխի ձախակողմյան հատվածում վնասվածքով, ցավերով և մի շարք այլ գանգատներով տեղափոխվել է բժշկական հաստատություն։ ՔԿԾ-ի հաղորդմամբ, նա հայտարարել է, թե դրանք առաջացել են փետրվարի լույս 25-ի գիշերը՝ իր խցի սանհանգույցից դուրս գալու ընթացքում անզգուշությամբ սայթաքելու և վայր ընկնելու հետեւանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ ՔԿԾ օպերատիվ բաժնում «ձեռնարկված միջոցառումների» արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վ․Ա․-ին ծեծել են նույն ՔԿՀ֊ում պահվող դատապարտյալները՝ պատվերով։
«Կալանավորված անձը մարմնական վնասվածքներն իրականում ստացել է մեկ այլ խցում քրեական աստիճանակարգության մեջ դարձյալ որոշակի դիրք զբաղեցնող ուրիշ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով: Ծեծն ուղղորդված և կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից», – նշում է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։։
Քննության առարկա է դարձել նաև քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու հանգամանքը, նախապատրաստվող նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը լուծելու համար։
Վ.Ա-ի նկատմամբ բռնություն գործադրած դատապարտյալները տեղաբաշխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանց նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն։