Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ոստիկանները խոչընդոտել են Արցախի պետհամալսարանի նախկին դասախոս, Արցախի Հեղափոխական կուսակցության հիմնադիր Արթուր Օսիպյանի ակցիան։ Վերջինս պահանջում էր վերջ դնել ուժային կառույցների ապօրինություններին՝ նշելով, որ նմանօրինակ երևույթների հիմնական պատասխանատուները Բակո Սահակյանն ու իր շուրջը հավաքված գեներալներն են։ Նախքան ոստիկանները կհեռացնեին Օսիպյանին, նա փորձում էր ապացուցել, որ որևէ օրենք չի խախտել և բողոքելու իրավունք ունի։
Ոստիկանության մեծ մասն անկիրթ, անդաստիարակ և խուժան զանգված է, և ուժային կառույցներ նման մարդկանց են աշխատանքի ընդունել, որպեսզի իրենք պատրաստ լինեն ցանկացած հրաման կատարել, «Artsakh 1 TV»-ին տված հարցազրույցում ասել է ընդդիմադիրը։ «Ոստիկանն օրենքը սովորում է՝ ի՞նչ անի։ Մեկ է՝ Բակո Սահակյանն ինչ ասի՝ էն են անելու»։
Ըստ Օսիպյանի, Ղարաբաղում իրավիճակը լարվում է․ ուժային կառույցներն օրենքից դուրս են գործում՝ մարդկանց պարբերաբար ծեծուջարդի ենթարկելով, մանավանդ հակաիշխանականներին։
Ստեփանակերտի կենտրոնում բարձրախոսով ելույթ ունենալիս, Օսիպյանը, շնորհավորելով Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ, ասել է․ «Ղարաբաղում մարդու իրավունքներ չկան, բայց, միգուցե, վախտը վախտին շնորհավորենք՝ կլինի։ Ինչի՞ համար ենք դուրս եկել հրապարակ։ Ոչ մի ակնկալիք՝ կապված նրա հետ, որ հեսա ստեղ փորձում ենք շատ մարդ հավաքել, չգիտեմ՝ հեղափոխություն անել և այլն․․․ Այս պահի դրությամբ մենք դրա համար չենք կանգնած․ մենք ունենք ուրիշ պահանջ՝ Ղարաբաղում ուժային կառույցների կողմից շարունակական ապօրինության դեմ ա, որի գլխավոր պատասխանատուներն են Բակո Սահակյանը և իրա մոտ հավաքված չակերտավոր գեներալները՝ Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղահրամյանն ու Աղաջանյան Կամոյով՝ Քերիմով Կամոյով և այլն»։
Այնուհետև, տեսնելով իրեն մոտեցող ոստիկանին, Օսիպյանը ենթադրեց, որ իրեն, հավանաբար, ուզում են խանգարել։
Artsakh 1 TV-ի Youtube-ի էջում տեղադրված «Արցախում իրավիճակը լարվում է: Կոչ Նիկոլ Փաշինյանին» անունը կրող հոլովակում գործիչն ասում է, որ «հավաք կազմակերպելու նպատակ չէր ունեցել», այլ պարզապես ցանկանում էր դիմել Հայաստանի իշխանություններին։ Ըստ նրա՝ ոստիկանության գործողությունների հետ կապված կուսակցությունը բազմիցս էր դիմել դատախազություն, որտեղից, սակայն, ամեն անգամ «աբսուրդային» պատասխաններ են ստացել։
Օսիպյանը նաև հարց է բարձրացնում՝ ո՞ւմ դիմել, երբ համապատասխան կառույցներից՝ բողոք ներկայացնելու պարագայում, «ինչ ուզում ես՝ արա» պատասխանն ես ստանում։
Հարցազրույցավարի հարցին, թե ինչո՞ւ է նա «այդքան կոպիտ» արտահայտվում Արցախի հերոսի կոչումն ստացած գեներալների մասին, ընդդիմադիրը նշել է, որ տվյալ մարդիկ, ազգային հերոսի կոչումն ունենալով հանդերձ, հերոս չեն։ «Նույն Արկադի Ղուկասյանով, Սերժ Սարգսյանով, Ռոբերտ Քոչարյանով, որ Արցախի հերոս է համարվում, նույն Պարգև Սրբազանով․․․ Ինչո՞ւ Վիտալի Բալասանյանին չի կարելի համարել հերոս։ Նույն Վիտալի Բալասանյանը պատերազմի ժամանակ, երբ թշնամին հարձակվեց Ասկերանի վրա, ինքը թողեց, Ասկերանից դուրս եկավ՝ թողնելով այնտեղ խաղաղ բնակիչների։
Երբ ասում են հերոս, դա շատ լուրջ ա․ ասում ենք «հերոս», պատկերացնում Մոնթե, պատկերացնում ենք Աշոտ Ղուլյան՝ Բեկոր։ Էսօրվա դրությամբ Վիտալի Բալասանյանը թուղթ ու գրիչը ձեռը՝ ազգ է կիսում։ Երբ հայության մեծամասնությունը ռեժիմի դեմ ա գնացել, իրենք արդեն ժողովուրդին են հանում իրար դեմ։
Եթե նայենք Վիտալի Բալասանյանի՝ «Սասնա ծռեր»-ի հետ կապված դեպքը, հստակ կարելի է ասել, որ նա երկերեսանի է, իսկ հերոսն ունի մեկ երես։
Հենց Բալասանյանի ու նման չակերտավոր հերոսների ազգին հասցրած ամենամեծ վնասն այն է, որ իրենք հերոսի կերպարը փորձում են ոչնչացրած լինեն»։