Home / Առողջապահություն / Իրանի հետ սահմանը չի բացվի

Իրանի հետ սահմանը չի բացվի

Մարտի 2-ին վարչապետի մոտ տեղի ունեցած  խորհրդակցությունից հետո կառավարությունը արտահերթ որոշում է ընդունել երկարաձգել և ընդլայնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանահատումների սահմանափակումները։ Իրանի հետ սահմանը փակ կպահվի առնվազն մինչև մարտի 24-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանահատումների սահմանափակումները ընդունվել էին երկու շաբաթ ժամանակով, սակայն Իրանում պայմանավորված համաճարակային իրավիճակով որոշում ընդունվեց այդ սահմանափակումները երկարեցնել ևս երկու շաբաթով․ դրանք այս պահին ընդունված որոշումներով կգործեն մինչև մարտի 24-ը», – ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Որոշումը, ըստ Թորոսյանի, կհրապարակվի այսօր և ուժի մեջ կմտի վաղը։

Սահմանահատման արգելքը այժմ կտարածվի նաև բեռնափոխադրումների վրա։

Փետրվարի 24-ին ընունված որոշմամբ, հիշեցնենք, Իրանի հետ ցամաքային և օդային հաղորդակցության սահմանափակումը բեռնափոխադրումներին չէր վերաբերում։ Այն չէր սահմանափակում նաև Իրանի և Հայաստանի քաղաքացիների՝ «հայրենիք վերադառնալու» իրավունքը։