Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանը 2 շաբաթով կփակվի։ Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Այս մասին փետրվարի 23-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով Հայաստանը կունենա երկու բաց սահման․ Վրաստանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ։ Ադրբեջանի հետ անկախացումից ի վեր սահմանը բաց չի եղել, Թուրքիայի հետ սահմանը փակվել է 1993-ին՝ ղարաբաղյան պատերազմով պայմանավորված։
Արդեն այսօր կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստին որոշում է կայացվել․
- Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
- Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
- Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
- Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
- Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
«Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար», ֊ գրել է Նիկոլ Փաշինյանը։
Կիրակի օրը Պակիստանը նույնպես ժամանակավորապես փակել է տրանսպորտային հաղորդակցությունն Իրանի հետ Տաֆտանի անցակետով: Պակիստանի սահմանամերձ նահանգի կառավարությունն ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարել Իրանի հետ բոլոր սահմանային շրջաններում և արգելել ուխտագնացություններն այդ երկիր:
Տարերային աղետի դեմ պայքարի շրջանային վարչությանը հանձնարարվել է Իրանի հետ սահմանային անցակետի մոտ վրանային հիվանդանոց ստեղծել 100 հոգու համար, ուր բժիշկների խումբ են ուղարկել:
Վրաստանի կառավարությունը ևս կորոնավիրուսի ներթափանցումը երկիր բացառելու համար դադարեցրել է Իրանի հետ ավիահաղորդակցությունը:
Կառավարության տարածած հայտարարության համաձայն, այս փուլում տեղափոխվելու համար մնում է ցամաքային սահմանը, որտեղ կգործեն խիստ սահմանափակումներ: Ըստ կառավարության, հարկ եղած դեպքում չի բացառվում նաև ցամաքային արգելքը:
Ավելի վաղ տրանսպորտային հաղորդակցությունն Իրանի հետ կորոնավիրուսի տարածման պատճառով փակել էին Աֆղանստանը, Թուրքիան և Հորդանանը:
Իսկ Չինաստանում նոր կորոնավիրուսի համաճարակի օջախը համարվող Հուբեյ նահանգից դուրս անցած մեկ օրում գրանցվել է վարակի ընդամենը 11 նոր դեպք, ընդ որում՝ 24 տարածաշրջաններում առհասարակ այդպիսին չի գրանցվել։
Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ կիրակի օրը մահվան դեպքերի թիվն ավելացել է 150-ով, որից 149-ը գրանցվել է Հուբեյում։ Փետրվարի 23-ի ժամը 24։00-ի դրությամբ 31 նահանգներից ստացված տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2 հազար 592-ի, վարակը հաստատված է 77 հազար 150 մարդու մոտ, նրանցից 9 հազար 915-ի վիճակը ծանր է, 24 հազար 734-ն ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից։
Չինաստանից դուրս գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1769 դեպք՝ 28 երկրներում, մահացել է 17 մարդ։