Home / Ապատեղեկատվություն / Չինացի բժիշկը զգուշացնում էր համաճարակի մասին և կանչվում ոստիկանություն

Չինացի բժիշկը զգուշացնում էր համաճարակի մասին և կանչվում ոստիկանություն

2019 թվականի դեկտեմբերի սկզբներում Չինաստանի Հուբեյ նահանգի Վուհան քաղաքում արդեն 2019-nCoV կորոնավիրուսով վարակված հիվանդներ կային։ Իշխանությունները մի քանի շաբաթ վճռական գործողություններ չէին ձեռնարկում անհայտ տեսակի թոքաբորբի հետ կապված, բժիշկներին ստիպում էին լռել, գրում է The New York Times֊ը։

2019-ի դեկտեմբերի 30-ին 34-ամյա ակնաբան Լի Վենյլյանը Վուհանի հիվանդանոցի իր կոլեգաներին պատմում է վիրուսային վարակի մասին։ Սկզբում նա կարծում էր, որ խոսքը SARS վիրուսի մասին է, որը Չինաստանում և այլ երկրներում տարածվել էր 2000-ականների սկզբներին։

Վուհանի առողջապահական համակարգի պաշտոնյաները գիշերը կանչել էին բժշկին ու բացատրություն պահանջել, թե ինչու է նա իր կասկածներով կիսվել կոլեգաների հետ։ Նրան երկու անգամ ոստիկանական բաժանմունք են կանչել, տուգանել «հասարակական կարգը խախտող» «կեղծ մեկնաբանություններ» տարածելու համար։ The New York Times֊ը հունվարի 3-ի փաստաթուղթ է հրապարակել, որով Լին պարտավորվում է այլևս չխոսել այդ հիվանդության մասին։ Այդ ժամանակ ևս ութ անձ արդեն պարտավորվել էին չմեկնաբանել նոր վարակը։

Լի Վենյլյանը փաստաթուղթը ստորագրելուց հետո վերադառնում է աշխատանքի։ Հունվարի 10-ին նա գլաոուկոմայից բուժում էր մի կնոջ, ով 2019-nCoV վիրուսի կրող էր։ Արդյունքում բժիշկը ևս վարակվում է և այժմ բուժում է ստանում նույն հիվանդանոցում, որտեղ աշխատում էր։

Հունվարի 28-ին, երբ Չինաստանում ավելի քան հազար մարդու մոտ նոր կորոնավիրուսի առկայությունը հաստատվեց, Վուհանի ոստիկանությունը քննադատության արժանացավ Չինաստանի Գերագույն դատարանի կողմից՝ վարակի մասին կասկածները նախապես լռեցնելու համար։ «Գուցե այսօր ավելի հեշտ լիներ վերահսկել նոր կորոնավիրուսը, եթե մարդիկ այն ժամանակ հավատային «շշուկներին» ու ավելի շուտ սկսեին բժշկական դիմակներ կրել, պահպանել սանիտարական պահանջներն ու խուսափել շուկաներում վաճառվող վայրի կենդանիների մսից», – ասվում է գերագույն դատարանի հայտարարության մեջ։