Տարիներ շարունակ արձակուրդ գնացած և զորամաս վերադարձած զինվորների հետ միջադեպեր են գրանցվում։ Սրա մասին սպաները չգիտե՞ն, հարցնում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Մահվան 5 դեպք ունենք՝ որակված որպես ինքնասպանություն, բոլորը արձակուրդից հետո են գրանցվել, ասում է ասուլիսի մյուս մասնակից՝ «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը։
Ալեքսանյանի խոսքով, հունվարի 30-ին Ղարաբաղում մահացած (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղած) Վահրամ Ավագյանը, որի հարազատները՝ ի նշան բողոքի, փետրավարի 2-ին փորձում էին նրա դին տեղափոխել Երևան՝ Պաշտպանության նախարարության շենքի մոտ, նույնպես մահացել է արձակուրդից վերադառնալուց հետո։
Ավագյանի հարազատները, ասում է Ալեքսանյանը, հաստատել են․ զորամաս վերադառնալուց առաջ նա հորաքրոջից գումար է խնդրել։ Հորաքույրը մերժել է․ «Ասել է՝ տանջվելով աշխատել եմ, որ տանես եսիմ ում տա՞ս»։
Ալեքսանյանը պնդում է՝ բանակում «նալոգ» կա դրված, և տնից վերադառնալուց հետո զինվորներից գումարներ են պահանջում։
Իրավապաշտպանի փոխանցմամբ, հուլիսի 24-ին մահացած (ըստ պաշտոնական վարկածով՝ ինքնասպան եղած) Վոլոդյա Գալոյանի դեպքը նույնպես տեղի է ունեցել արձակուրդից հետո։
Հայտնի է, որ զորամաս վերադառնալուց առաջ Գալոյանը ևս գումար է խնդրել հարազատներից․ «Հորից է ուզել։ Հայրը Ռուսաստանից 40 հազար է ուղարկել, բայց գնալուց առաջ նա գումարը տվել է մորը և ասել, որ չի տանի․ եթե մի անգամ տանի, պարտավոր է լինելու անընդհատ տանել։ Վոլոդյան սպանվել է արձակուրդից մի քանի օր հետո»։
«Մի դեպք էլ եմ հիշում։ Տարիներ առաջ է եղել։ Զինվորը արձակուրդից չէր վերադարձել զորամաս։ Գումար էին պահանջել, չէր կարողացել ձեռքբերել և դրա պատճառով խուսափել էր զորամաս վերադառնալուց», – հեվալում է Արթուր Սաքունցը։
Սա համակարգային խնդիր է և քրոնիկ բնույթ է կրում։ Բանակում կան չգրված կանոններ, որոնք քրեական ենթատեքստ ունեն։ Սպաները, ըստ իրավապաշտպանի, սրա մասին չիմանալ ուղղակի չեն կարող․
«Սպաները ուղղակի և անմիջական պատասխանատվություն ունեն զինվորական կարգապահության պահպանման, անձնակազմի հետ աշխատանքների տարման, տարիներ շարունակ կրկնվող խնդիրներին լուծումներ տալու համար․․․Անձի արժանապատվությունը նվաստացնող բոլոր դրսևորումները պետք է անթույլատրելի համարվեն. զրո հանդուրժողականություն նման խտրական, քրեական բնույթի վարքագծի նկատմամբ»։
Բանակում գրանցված, այդ թվում՝ մահվան ելքով միջադեպերի համար հրամանատարական անձնակազմը որպես կանոն պատասխանատվության չի կրում։ Ժաննա Ալեքսանյանը նշում է՝ երբ զորամասում նման միջադեպեր են գրանցվում, առաջինը հրամանատարը պետք է հրաժարական տա․ «Այսպիսի ավանդույթ հայկական բանակում չկա, որ զորամասի հրամանատարը պատասխանատվություն կրի զինվորների մահվան համար։ Երբ զորամասում նույնիսկ մահվան մի քանի դեպքեր են գրանցվում․ հրամանատարական կազմից մեկը չկա, որ պատասխանատվության ենթարկվի»։