հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կուտոյանին այդպես էլ չհարցաքննեցին ԱԱԾ-ից կորած փաստաթղթերի մասին

Կուտոյանին այդպես էլ չհարցաքննեցին ԱԱԾ-ից կորած փաստաթղթերի մասին

Գեորգի Կուտոյանը, ում դին հրազենային վնասվացքով հայտնաբերվել է հունվարի 18-ին, մի անձ է, որն աշխատել է Հայաստանի նախագահի օգնական, գլխավոր դատախազի տեղակալ և Ազգային անվտանգության տնօրեն այն ժամանակահատվածում, որը մենք բնութագրում ենք որպես պետության զավթման շրջան։ Այս մասին ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆակտոր տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում։

«Հրազենային զենքի կիրառումը ենթադրում է, որ ինքնասպանություն է կամ սպանություն։ Խոսքը մի մարդու մասին է, որը բավական իրազեկված է իշխանության կառավարման վերաբերյալ այնպիսի տեղեկություններով, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ։ Կուտոյանի՝ որպես տեղեկատվություն կրողի մահվամբ վերանում է պետության զավթման կոնկրետ մեխանիզմների, փաստերի ու դրսևորումների մասին առավել մանրամասն իմանալու հնարավորությունը։ Չեմ կարծում, որ միայն ինքն է տիրապետում, իհարկե», – ասել է իրավապաշտպանը։

Սաքունցը հիշեցնում է, որ ի տարբերություն ԱԱԾ նախկին պետերի, Կուտոյանը հանրային դաշտում հաճախ չէր երևում, ինչը նշանակում է, որ հանրային քաղաքականությամբ զբաղվելու, խմբերի մեջ ներգրավվելու ցանկություն չուներ․ «Սա լուրջ մարտահրավեր է։ Քանի որ իմ՝ վերը նշած հանգամանքները կան, վարկած եմ առաջարկում՝ շատ կարևոր է արձանագրել, թե ո՞ւմ էր պետք և ո՞ւմ շահերից էր բխում Կուտոյանի ողջ չլինելը։ Միանշանակ է, որ Կուտոյանի չլինելով շահագրգռված չէ ներկայիս իշխանությունը»։

Նա հիշեցրել է՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված մի քանի մահեր կան՝ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի (սպանվել է 2009-ին), նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի (2019), Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի (2019)․ «Սա արդեն մտահոգող է այն իմաստով, որ երևի թե պատշաճ չի գնահատվում այն խնդիրների խորությունը, որոնք ունենք ճշմարտության բացահայտման տեսակետից։ Կուտոյանի, նման իրազեկված մարդկանց մահը ավելի խոշոր հանցագործության հետքերի թաքցման նպատակ ունի։ Այդ տեղեկատվության չբացահայտմամբ շահագրգիռ ուժերն են, որ, իմ կարծիքով, այս մահվան դեպքերի հետևում կանգնած են»։

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ԱԱԾ-ից փաստաթղթերի անհետացման մասին։ Այն ժամանակվա ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այդ կապակցությամբ լրագրողներին ասել էր, որ կառույցի նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանին հարցաքննելու անհրաժեշտություն չկա։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անհրաժեշտ էր համարում քրեական գործի հարուցումն ու Կուտոյանի հարցաքննությունը, ինչը փաստացի տեղի չի ունեցել։