Սպիտակ տունն ապօրինի է գործել, երբ առանց Կոնգրեսի իմացության սառեցրել է Ուկրաինային տրվող 214 միլիոն դոլար ռազմական օգնությունը, հայտնում է ԱՄՆ Հաշվետարական պալատը։
Անցյալ տարվա օգոստոսին ամերիկյան լրատվականները գրում էին նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականի մասին, որով պետք է վերանայվեր Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Նշվում էր, որ Թրամփն այդպիսով ցանկացել է համոզվել, որ Միացյալ Նահանգների գումարները լավագույն ձևով են ծախսվում։
Սեպտեմբերի կեսերին Վաշինգտոնը սառեցրեց Կիևին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ դրամական օգնության տրամադրման արգելափակումը կարող է կապ ունենալ 2016 թվականի ԱՄՆ ընտրություններում Ուկրաինայի հնարավոր միջամտության հետ։
Դեմոկրատ կոնգրեսականները կարծում են, որ Թրամփն այդպիսով ցանկանում էր ճնշում գործադրել Կիևի վրա, որպեսզի կարողանա ստիպել Ուկրաինային քրեական հետապնդում սկսել իր քաղաքական հակառակորդ, դեմոկրատ Ջո Բայդենի հետ։ Դա դարձավ ԱՄՆ նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու պատճառներից մեկը։
Թրամփը հերքում է իր նկատմամբ բոլոր մեղադրանքները, դեմոկրատների գործողությունները որակելով որպես «վհուկների որսի հերթական օրինակ»։