Միացյալ նահանգների կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի է ենթարկել երկու հոդվածներով՝ լիազորությունների չարաշահում և իմփիչմենթի գործով կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում։ Թրամփն ԱՄՆ պատմության իմփիչմենթի ենթարկված երրորդ նախագահն է։ Ընդ որում, սենատի կողմից նրան իշխանությունից զրկելուն գործը կարող է նաև չհասնել։
Դեմոկրատները իմփիչմենթի թեմայով հետաքնչական աշխատանքների մեկնարկի մասին հայտարարել էին սեպտեմբերի վերջին։ Առիթը Թրամփի հեռախոսազրույցն էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հետախուզության գաղտնի աշխատակիցը հայտնել էր, որ ԱՄՆ առաջնորդն այլ երկրի նախագահին խնդրել է հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նկատմամբ՝ Ուկրաինային տրվող 400մլն դոլար ռազմական օգնության սառեցման ֆոնին։ Դեմոկրատները հայտարարեցին, որ այդպիսով նախագահը խախտել է սահմանադրութունն ու վտանգ ստեղծել ԱՄՆ ազգային անվտանգության համար։
Սպիտակ տան առաջնորդը մեղադրվում է լիազորությունների չարաշահման և Կոնգրեսի հետաքննության համար խոչընդոտների ստեղծման մեջ։ Մեղադրանքի առաջին կետի օգտին քվեարկել են 230 օրենսդիրներ, դեմ՝ 197, մեկը ձեռնպահ է մնացել։ Երկրորդ հոդվածին կողմ ձայների թիվը 229 էր, դեմ՝ 198, ձեռնպահ՝ 1։
Նիստը, որի արդյունքներով պատգամավորները հայտարարեցին իմփիչմենթի մասին, տևել է 11 ժամ, ընդ որում՝ կողմերին այնքան էլ հետաքրքիր չէր մյուս կողմի կարծիքը։ Դահլիճում տեղերի մեծամասնությունը դատարկ էր, կոգրեսմենները գալիս էին, ելույթ ունենում ու դուրս գալիս։ Տեսախցիկների առջև ելույթներն արվում էին բացառապես շրջանային ընտրողների համար։
Թե դեմոկրատները, թե հանրապետականներն իրենց օգտին էին օգտագործում այն փաստը, որ իմփիչմենթը չեղարկում է 2016 թվականի ընտրությունների արդյունքում գրանցված արդյունքը։ Հանրապետականների խոսքով, դեմոկրատները նպատակ ունեն զրոյացնել Թրամփի օգտին քվեարկած ավելի քան 60մլն ընտրողների ձայները։ Դեմոկրատները հայտարարում էին, որ Թրամփի պաշտոնանկության համար չի կարելի սպասել հաջորդ ընտրություններին։
«Մենք չենք կարող հույս դնել հաջորդ ընտրությունների վրա, երբ նախագահը սպառնալիք է ներկայացնում հենց այդ ընտրությունների ամբողջականության համար», – հայտարարեց ազդեցիկ դեմոկրատ Ջերոլդ Նադլերը։ Նա նաև հանրապետականներին հիշեցրեց, որ իմփիչմենթն ամենևին էլ իշխանության փոփոխություն չի ենթադրում․ Թրամփի պաշտոնանկությունից հետո երկրի առաջնորդ է դառնալու փոխնախագահ Մայք Փենսը, ոչ թե 2016-ին դեմոկրատների առաջարկած թեկնածու Հիլարի Քլինթոնը։ Երկու կուսակցություններն էլ համարում են, որ իրենց գործողություններն ուղղված են երկրում ժողովրդավարության հաստատմանը։
Այժմ մեղադրանքների առաջադրումից հետո գործը փոխանցվում է ԱՄՆ սենատի քննությանը։ Կոնգրեսի Վերին պալատում սենատորները դատավարության ժամանակ ատենակալների դերում են լինելու․ քննարկումներին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լուռ լսեն հայցվոր և պատասխանող կողմերի դատողություններն ու որոշում կայացնեն։
Փոխնախագահ Մայք Փենսը գործընթացներին չի մասնակցելու։ Նրա փոխարեն պրոցեսը կղեկավարի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը։ Թրամփի պաշտոնանկության համար պահանջվում է սենատորների ձայների երկու երրորդը՝ 66 ձայն։ 53 հանրապետականներից ոչ մեկը դեռևս իմփիչմենթին կողմ քվեարկելու պատրաստակամության մասին չի հայտարարել։
Այս ընթացքում դեմոկրատները փորձում են գործում ներգրավել վկաների, ովքեր հրաժարվել են վկայություն տալ Ներկայացուցիչների պալատի առաջ։ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն առաջարկել էր որպես նոր վկաներ ներգրավել Սպիտակ տան բոլոր նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ Հանրապետական մեծամասնությունը սակայն այդ նախաձեռնությունն արգելափակում է։
Փորձագետների կարծիքով, սենատում գործի քննությունը սկսվի ամերիկյան սուրբծննդյան տոներից հետո՝ հունվարի սկզբին։ Քննության համար շուրջ մեկ ամիս կպահանջնվի։ Վճիռը կարող է պատրաստ լինել արդեն հունվարի վերջում։ Նրանց խոսքով, կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ գործընթացի ձգձվելը․ հանրապետականները վախենում են նոր փաստերի ի հայտ գալուց և չգիտեն, թե ինչ նոր բաներ կարող է ասել կամ անել նախագահ Թրամփն այս ընթացքում։ Դեմոկրատների համար այս գործընթացի երկարաձգումը կնշանակի նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ժամանակի մի մասը լսումների վրա ծախսել։ Նախագահական ընտրություններում պատրաստվում են առաջադրվել մի քանի դեմոկտրատ սենատորներ՝ Էլիզաբեթ Ուորենը, Բերնի Սանդերսը, Քորի Բուքերը, Էմի Քլոբուշարը և Մայքլ Բենեթը։
Թարմփը Ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկությունը որակել է որպես Դեմոկրատական կուսակցության «քաղաքական ինքնասպանություն»։ Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել Միչիգան նախանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
Դոնալդ Թրամփն ԱՄՆ երրորդ նախագահն է, որին Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթի է ենթարկել։ Նախկինում իմփիչմենթ կիրառվել է Էնդրյու Ջոնսոնի (1868 թվական) և Բիլլ Քլինթոնի (1998 թվական) նկատմամբ։ Երկու դեպքում էլ Սենատը քվեարկել է նախագահների օգտին և գործը պաշտոնակության չի հասել։ Իմփիչմենթի գործընթաց նախաձեռնվել է նաև Ռիչարդ Նիքսոնի նկատմամբ (1974 թվական), սակայն նա հրաժարական է տվել մինչև լսումների մեկնարկը։