ԱՄՆ֊ում բռնկված նոր սկանդալի կենտրոնում նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հուլիսին կայացած հեռախոսազրույցն է, որում ԱՄՆ նախագահը Զելենսկուց պահանջում է հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ և գալիք նախագահական ընտրությունների հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ։ Ներկայացուցիչների պալատը Թրամփին մեղադրել է սահմանադրական կարգի խախտման մեջ և պաշտոնական իմփիչմենթի գործընթաց սկսել։ Ինչպես է տեղի ունեցածը դիտվում Ուկրաինայի կողմից, ինչ ռիսկեր է պարունակում երկրի համար, որի համար ԱՄՆ աջակցությունը կենսական նշանակություն ունի։ «Էխո Կավկազա»-ի եթերում այս մասին խոսում են Ազատություն ռադիոկայանի ուկրաինական ծառայության տեսաբան Ռոստիսլավ Խոտինն ու ուկրաինացի լրագրող Տարաս Բերեզովեցը։
– Առաջին հարցը ձեզ, Ռոստիսլավ․ ընդհամենը մի քանի ժամ առաջ հրապարակվեց Զելենսկու և Թրամփի հեռախոսազրույցի սղագրությունը։ Ինչպիսի՞ն ներկայացավ Ուկրաինայի նախագահն այդ խոսակցության մեջ։
Ռոստիսլավ Խոտին․ – Եթե այս պատմությունից առաջ ինչ որ մեկը չգիտեր Ուկրաինայի նախագահի անունը կամ կարծում էր, որ Ուկրաինայում ինչ որ նախկին հումորիստ է հաղթել, ապա այժմ բոլորը գիտեն, թե ով է նախագահ Զելենսկին։ Այնպես որ, կարող ենք ասել, որ վատ publicity էր, բայց ամեն դեպքում publicity էր։
– Ուրա՞խ եք այդ փառքի համար։
Ռոստիսլավ Խոտին․ – Դա դեռ բարդ է ասել։ Զելենսկու քաշը միանգամից հայտնվեց միջազգային ԶԼՄ֊ների ուշադրության կենտրոնում․ լավ է դա, թե վատ՝ այլ խոսակցություն է։ Ինչպիսի՞ն ներկայացավ։ Այդ սղագրությամբ նա ներկայացավ որպես նորեկ քաղաքական գործիչ, զգացվում է, որ դեռ բոլոր գործերից տեղյակ չէ, բայց այս խոսակցությանը պատրաստվել է: Մի քանի պահ կա, երբ հաջող կատրակում է, բաներ կան, որ զգաստացնում են, այդ թվում՝ Թրամփի խնդրանքը դիտարկելու պատրաստակամությունը…
– Նկատի ունեք սղագրության այն հատվածը, որտեղ Ուկրաինայի նախագահն ասում է, որ «հաջորդ գլխավոր դատախազը 100 տոկոսով իր մարդն է լինելու» և խոստանում աջակցությու՞ն ցույց տալ։
Ռոստիսլավ Խոտին․ – Բայդենի ասպեկտը նկատի ունեմ։ Սա արդեն երկրորդ ընտրություններն են (Միացյալ Նահանգների նախընտրական քարոզարշավը փաստացի սկսվել է), որոնցում Ուկրաինան հիշատակվում է։ Առաջինը Մանաֆորտի և նրա՝ Ուկրաինայի հետ կապերի աստղի տակ էր, իսկ հիմա արդեն ուրիշ պահ է՝ Ջո Բայդենի ու նրա որդու թեմայով, այնպես որ, դեռ բարդ է ասել, ինչ ազդեցություն այս ամենը կունենա, քանի որ վտանգ կա, որ ամերիկյան քաղաքական գործիչները հիմա սկսեն վախենալ Ուկրաինայում «վնասվելուց», վտանգավոր թեմա է։ Մյուս կողմից, տեսնում ենք, որ հիմա արդեն դեմոկրատներն էլ, հանրապետականներն էլ Միացյալ Նահանգներում փորձում են համոզել Ուկրաինային, որ կաջակցեն․․․ Լավ է, թե վատ, որ Ուկրաինան նորից հայտնվել է ԱՄՆ֊ի ներքաղաքական ընտրական գործընթացների էպիկենտրոնում… Երևի, այդքան էլ լավ չէ, կարող է շեղել, չնայած Ուկրաինան մրցում է ոչ իր քաշային կարգում, այլ ավելի բարձրում, քան ինքն է։ Դա գուցե այդքան էլ վատ չէ Արևելյան Եվրոպայի պետության համար։
Տարաս Բերեզովեց․ – Հիմա Կիևում ամերիկյան լրագրողների խոշորագույն դեսանտ է իջել, որը մի բանով է զբաղված․ լուրեր են փնտրում, կոմպրոմատներ, կապված այս դեռևս ամբողջությամբ չուսումնասիրված պատմության հետ։ Հաշիվը կորցրել եմ, թե քանի ամերիկացի լրագրողի հետ եմ այսօր հանդիպել, և բոլորը հետաքրքրված են 2016 թվականի պատմությամբ, երբ մի շարք ուկրաինացի քաղաքական գործիչներ փաստացի աջակցում էին Հիլարի Քլինթոնին, բայց ի վերջո, ինչպես գիտենք, հաղթում է Դոնալդ Թրամփը, ինչը մեծ հիասթափություն էր շատ ուկրաինացի պաշտոնյաների համար, ովքեր Հիլարիին աջակցելու համար հստակ քաղաքական դիվիդենտներ էին ստացել։
Գիտե՞ք, ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի բախտն ինչ որ իմաստով բերել է․ աշխարհը գրեթե չնկատեց 08.08.08 պատերազմն ու Ռուսաստանի ներխուժումը, ինչի արդյունքում վրացական տարածքների հսկայական մաս բռնակցվեց Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ, հավանաբար, նույնն էր սպասում Ուկրաինային 2014 թվականին, եթե չլիներ այդ ֆորս մաժորային միջադեպը, որի մասին ողջ աշխարհը գիտի՝ մալազիական «Բոինգի» կործանումը։ Հենց այդ պահից Ուկրաինան հայտնվեց միջազգային ԶԼՄ֊ների առաջին էջերում։ Այսօր էլ նույն բանն է տեղի ունենում։ Այս պատմության վատ կողմն այն է, որ Ուկրաինան բավականին տոքսիկ դարձավ և Երկրորդ անգամ խառնվեց ամերիկյան նախագահական նախընտրական քարոզարշավին՝ ինչպես 2016-ին, այնպես էլ՝ հիմա։ Սա երևի այնքան էլ լավ պատմություն չէ։
…Սակայն դրական կողմ, հավանաբար, ամեն դեպքում կա․ այօր աշխարհն ուշադրություն կդարձնի մի կողմից Դոնալ Թրամփի, մյուս կողմից՝ Ուկրաինայի նախագահի գործունեությանը․ այն, ինչ նա ասաց այս արդեն հայտնի դարձած սղագրության մեջ, դեռ մի քանի շաբաթ հատվածաբար կքննարկվի միջազգային ԶԼՄ֊ների կողմից։ Մասնավորապես այն հատվածը, որտեղ Զելենսկին ասում է «Ռադայում միանգամայն մեծամասնություն ունեմ, հաջորդ գլխավոր դատախազը 100 տոկոսով իր մարդն է լինելու, և իհարկե, մենք այդ հետաքննության վրա ամեն ձևով կարող ենք ազդել»։ Այնպես որ այստեղ հարցերը Զելենսկուն են ուղղված, ով ծայրահեղ անզգույշ․․․
– Այսինքն, ձեր կարծիքով նա Ուկրաինայի նախագահի համար ոչ շահավետ դիրք զբաղեցրե՞ց։
Տարաս Բերեզովեց․ – Միանգամայն, քանի որ Ուկրաինայի նախագահը չի կարող իրեն թույլ տալ հանրապետական նախագահի կամ դեմոկրատ նախագահի կողմը բռնել, այն պետք է լինի ամերիկյան ներքին և արտաքին քաղաքականության մեջ վաղուց գերակայող երկու խոշորագույն կուսակցությունների ուղիղ մեջտեղում։
– Ինչքանո՞վ է հեշտ դա անել Դոնալդ Թրամփի նման ինքնատիպ քաղաքական գործչի հետ․ դիվանագիտորեն ինչ որ հարգալից հեռավորություն պահել և հասկացնել, որ չես կարող կողմերից մեկին խաղակցե՞լ։
Ռոստիսլավ Խոտին․ – Բարդ է ասել, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել Դոնալդ Թրամփի կշիռը որպես աշխարհի ամենահզոր երկրի՝ Միացյալ նահանգների առաջնորդ։ Երկրորդ, պետք է հաշվի առնել Դոնալ Թրամփի անհատականությունը, որ նրա հետ խոսակցությունը նրբանկատորեն է պետք առաջ տանել, քանի որ նա գերակայող դիրքում է, գիտի՝ ինչի է ուզում հասնել։ Այստեղ, հավանաբար, Զելենսկուն պետք չէ շատ խիստ դատել, քանի որ այն ժամանակ նա լրիվ նոր նախագահ էր, Ռադայի ընտրությունները նոր էին կայացել, հուլիսի վերջերն էր… Իհարկե, այն պահերը, որոնց մասին մենք արդեն խոսեցինք՝ «100 տոկոսով իմ մարդիկ են, մեծամասնություն», այդ ամենը հասկանալի է․․․
– Այդ խոստումները, կարծես, չօգնեցին։ Խոսկացությանը հաջորդեց Ուկրաինային 250 մլն դոլլար աջակցության անսպասելի սառեցումը…
Ռոստիսլավ Խոտին․ – Հիմա Միացյալ Նահանգներում ինչ որ հետաքննություն կլինի, որը կպարզի, թե արդյոք այդ սառեցումը՝ որոշ տվյալներով 250 մլն ռազմական գծով, այլ տվյալներով՝ ավելի քան 340 մլն, Կիևի և նախագահ Զելենսկու վրա քաղաքական ճնշման մաս էր, թե ոչ։ Այսինքն, դա արդեն ավելի շուտ ամերիկյան պատմություն է, և պետք է ինչ որ պաշտոնական կարծիք ձևակերպվի։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, կապված ինչ որ հետաքննության հետ․․․ նախ, Ուկրաինան իրավական տեսանկյունից Միացյալ Նահանգներ չէ, չնայած ձգտում է լինել բաց իրավական պետություն։
…Ինձ մի ասպեկտ ևս զարմացրեց․ Ուկրաինան երկու թոքով պետք է շնչի՝ ինչպես ԱՄՆ֊ի դեմոկրատների ու հանրապետական կառավարության, այնպես էլ՝ Նախագներ֊Եվրոպա։ Այդտեղ ինչ որ ասպեկտ կա, Եվրամիության վրա հարձակումների, որ պատժամիջոցներ չեն սահմանվում։ Դա ճիշտ չէ, պատժամիջոցներ սահմանվում են։ Ուկրաինան արևմտյան ուղղությամբ երկու թոքով պետք է շնչի՝ ամերիկյան ու եվրոպական։ Եվրամիությունը ևս կարևոր է, և հաշվի առնելով Թրամփի հարաբերությունները Եվրամիության և առհասարակ Եվրոպայի հետ, չի կարելի օգնել ԱՄՆ նախագահին «հարված հասցնել Եվրոպային»։ Ուկրաինան պետք է լիարժեք շնչի, լիաթոք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Էխո Կավկազա» կայքում։