Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց Վլադիմիր Զելենսկին արմատական կադրային փոխատեղումներ է նախաձեռնում: Երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահի հրամանագրով պաշտոնանկ արվեցին երկրի 25 նահանգապետերից 15-ը, հաղորդում է «Ազատությունը»:
Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին երկրի խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց նոր արտգործնախարարի թեկնածությունը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Զելենսկին առաջարկում է նշանակել կադրային դիվանագետ Վադիմ Պրիստայկոյին:
Զելենսկու կողմից արտգործնախարարի պաշտոնում առաջադրված Պրիստայկոն 2014 թվականից զբաղեցնում էր փոխարտգործնախարարի պաշտոնը, մինչ այդ` 2012-2014 թվականներին եղել է Ուկրաինայի դեսպանը Կանադայում: Վերջին մի քանի շաբաթներին Պրիստայկոն աշխատում է նորընտիր նախագահի աշխատակազմում որպես այդ կառույցի ղեկավարի տեղակալ:
Կադրային փոխատեղումներից բացի, Զելենսկին երեքշաբթի օրը հասցրեց մասնակցել Ուկրաինայի Սահմանադրական դատարանի նիստին, որտեղ քննվում էր նորընտիր նախագահի առաջին հրամանագրերից մեկի` Գերագույն ռադայի լուծարման մասին որոշման սահմանադրականությունը:
Դիմելով դատարանի անդամներին՝ Զելենսկին նշում էր․ – «Ես չէ, որ պետք է բացատրեմ ձեզ, թե ինչ է նշանակում «օրենքի տառին և ոգուն» համապատասխան: Ես համոզված եմ, որ Գերագույն ռադայի լուծարման մասին իմ որոշումը այդ երկու չափանիշներին էլ համապատասխանում է: Վերջին հարցումների համաձայն՝ Գերագույն ռադային վստահում է ուկրաինացիների ընդամենը չորս տոկոսը: Կարելի է արձանագրել, որ Ուկրիանայի ժողովուրդը ողջունում է խորհրդարանի լուծարումը»:
«Կարծում եմ, որ դուք արդար որոշում կկայացնեք: Հուսով եմ, որ մենք այդ որոշման համար չենք ամաչի ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ մեր երեխաների, ո՛չ ուկրաինացիների առջև», – հայտարարում էր երկրի նախագահը:
Սահմանադրական դատարան հայցադիմում ներկայացրած Ռադայի պատգամավորները, սակայն, պնդում են` Զելենսկին, լուծարելով երկրի խորհրդարանը, կոպտորեն խախտել է Սահմանադրությունը:
«Մենք ողջ ուկրաինական հանրությանը և դատարանի անդամներին կներկայացնենք մեր փաստարկները, որոնց համաձայն, Ռադայում առկա հին կոալիցիայի փլուզումից հետո նախագահն իրավունք չուներ խորհրդարանը լուծարել` խախտելով նոր կոալիցիայի ձևավորման համար նախատեսված 30-օրյա ժամկետը», – նշում էր Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Տետերուկը:
Գերագույն ռադայի լուծարման հարցով վերջնական վճիռը Ուկրաինայի Սահմանադրական դատարանը կայացնելու է մինչև հունիսի 29-ը: