Home / Մեդիա / Նոր նախագահի անունը հարցրու Netflix-ից

Նոր նախագահի անունը հարցրու Netflix-ից

Դավադրության տեսության ամենահամառ կողմնակիցներն են անգամ, չգիտես ինչու, անտեսում ուկրաինական իրադարձություններին վերաբերող բոլոր վարկածներից, կարծես, ամենաակնհայտը․ ամբողջ այս պատմությունը՝ ամենասկզբից և ընդհուպ մինչև մարզադաշտում բանավեճը՝ Netflix-ի վիթխարի գովազդային արշավն էր։

Netflix-ն սերիալ է առնում, որը վերածվել է ընտրությունների, ընտրությունները հավանաբար կվերածվեն սերիալի շարունակության, որը Netflix-ը հավանաբար կառնի, մինչժանրային անցումների ներդաշնակությունը հաստատվում է ընտրությունների հանրահաշվով և հակառակը՝ այնտեղ, որտեղ դեռ երեկ ծաղկում էր ուկրաինական քաղաքագիտությունը, այսօր կինոգետներն են․ «Դուք իսկապե՞ս մտածում եք, որ Զելենսկու հանճարեղ տեխնոլոգները եզակի տեխնոլոգիա են հորինել։ Անգամ բանավեճի «հանճարեղ» քայլն էր հասարակ գրագողություն։ Չեք հավատո՞ւմ։ Նայեք «Սև հայելի» սերիալը․․․»։ Ու այսպես շարունակ՝ բոլոր սոցիալական ցանցերով, որոնք չեն ճանաչում սահմաններ և ճակատագծեր, ու հետո՝ ո՞ր մի սցենարիստը կհրաժարվեր այսպիսի քայլից, որի մասին, ինչպես արդեն ասվել էր, հուշում էր աշխարհի լավագույն հնարամիտը՝ կյանքը։

Գուցե սա բոլորովին էլ գրագողություն չէր, որն, ի դեպ, երբեմն հեշտ չէ տարբերակել պարոդիայից։ Հատկապես երբ դա, ինչպես մեր ուկրաինական դեպքում, նմանակման նմանակում է՝ խաղարկված արդեն և էկրանին, և իրականության մեջ – «Սև հայելում» արտացոլվածի արտացոլանք, Բեպե Գրիլոյի հանգչող իտալական «Հինգ աստղերի» շողքեր ․․․

․․․Թվում է, թե Վլադիմիր Զելենսկին՝ առաջին ռաունդի հաղթանակից հետո, ներկայանում է հանրությանը իր ընդդիմախոսին նոկդաունից ոտքի կանգնեցնելու համար միայն։ Բեմական միտումնավորությամբ հավասարեցնում է շանսերը: Նրա կատակները, գուցե, նրա մասին եզրակացություններ անելու միակ հիմքն են, բայց այսպիսի կատակներով մարդամեջ դուրս գալու համար զիջախաղի մեծ վարպետ է պետք լինել։ Միշա Գալուստյանի՝ հարևան ռուսական աշխարհ արտահանման համար նախատեսված տարբերակով է Զելենսկին ծլկում ստադիոն տանող ճանապարհի ամեն անկյունից՝ ծաղրանքի առարկա դարձնելով ոչ այնքան իրեն, որքան իր օգտին քվեարկողներին։

Համացանցը վերածվում է Զելենսկու հետահայաց ցուցադրության՝ «Նաշա Ռաշայի» վաղեմի և գրեթե անդրսահմանային նմանակումից մինչև ամանորյա սքեթչ, որտեղ նա զվարճացնում է հանդիսատեսին տարակուսանքով․ «Ու դուք լո՞ւրջ կքվեարկեք իմ օգտին, եթե ես առաջադրվեմ»։ «Ու դուք լուրջ կքվեարկեք այս խեղկատակի օգտի՞ն, ով ծաղրի է ենթարկում Ուկրաինան, ով ոչինչ չգիտի պետական կառավարման, պատերազմի ու խաղաղության մասին, դուք կվստահեք այս վիճակում գտնվող երկիրն ինչ-որ աճպարարի՞, դուք ամոթից գետինը չեք մտնի՞, երբ նա ներկայացնի այն՝ հանդիպելով Թրամփի, Մաքրոնի, գուցե՝ Պուտինի հետ, լո՞ւրջ» – ճշտում են իշխանության համակիրները՝ ամենայն անկեղծությամբ, սեփական բառերի լրջության նկատմամբ հավատով։

Եվ այն պահին, երբ նրանց լրջությունը հասնում է անխուսափելի ֆալցետի, նրանք ընկնում են ծուղակի մեջ, որն, իհրակե, նույնպես Զելենսկին չի հնարել։

Զելենսկուն մեղադրելու կամ մերկացնելու առիթ չկա՝ նա ինքն է հոխորտում սեփական հակահերոսությամբ։ Սա նույնիսկ պոստմոդերն չէ, ինչպես ընդունված է համարել, այլ՝ կրկին պարոդիա՝ մի քիչ հնացած կամ, եթե կուզեք, էվոլյուցիայի ենթարկված Անդերսեն․ այն, որ թագավորը մերկ է, այլևս բացահայտում չէ, հակառակը՝ ելման կետ ցանկացած սյուժեի համար, և նրանք, ովքեր ամենայն լրջությամբ քողազերծում են այդ մերկությունը, հայտնվում են թագավորի դրության մեջ։

Իսկ եթե լուրջ, ապա Զելենսկու ու նրա աշխարհայեցողական բացթողումների հետ կապված համատարած զայրույթի հետ մի բան այն չէ։ Դե հա, տնտեսական առումով նա tabula rasa է, որի վրա կարելի է գրել թե Բալցերովիչի ծրագիրը, թե Մարքսի «Կապիտալը»։ Բայց հազիվ թե տնտեսությունը որևէ բանից ազդվի ավելին, քան, ասենք, նախկին թեկնածու Յուլիա Տիմոշենկոյից, ում հիշատակումից միայն ներդրողները փշաքաղվում, իսկ բորսային ինդեքսները ջղաձգվում են՝ ու ոչինչ չի պատահում։ Բորիս Նեմցովից բացի, ով պատմածով չէր տեղյակ նրա վարչապետության մանրամասներից, ոչ ոք առանձնակի ամոթ երկրի համար չէր արտահայտում։

Զելենսկու մեջքի հետևը կանգնած է մի օլիգարխ, որն այդպիսով իր ձեռքի տակ կառնի ողջ Ուկրաինա՞ն։ Այստեղ՝ սկզբի համար, կարելի է հարց տալ, թե ինչպես է Շվեյցարիայում թաքնված օլիգարխը մտադիր դառնալ ուկրաինական Իվանիշվիլի։ Թեկուզ և մտադիր է, ու թող ոչ ոքի համար դաս եղած չլինի Վլադիմիր Պուտինի ու Բորիս Բերեզովսկու միջև մեծ և մարդկային ընկերության պատմությունը։ Դաս չէ, և այդպես էլ պետք է լիներ, որովհետև Ուկրաինան Ռուսաստան չէ, թեկուզ որովհետև այս առումով ավելի բարդն է։

Նրա ողջ նորագույն պատմությունը ապարդյունության պատմություն է, որով այս կամ այն մագնատը փորձել է ամրապնդել իր քաղաքական և ուստի՝ տնտեսկան մենաշնորհը։ Բալթիական ավազաբլուրների պես ճոճուն օլիգարխիկ կոալիցիաների պատմություն է նաև՝ բոլորն ընդդեմ բոլորի, և սյուժեներ, որտեղ անհրաժեշտ է մշտապես լինել զգույշ եզրույթների նկատմամբ։

Ասենք, 90-ներին, երբ խոսքը Վիկտոր Մեդվեդչուկի կամ Սուրկիս եղբայների մասին էր, ովքեր մինչ օրս ձեռքի հետ քանդուքարափ են անում ուկրաինական ֆուտբոլը, անհրաժեշտ էր անպայման հետևել համատեքստին․ հիմա նրանք սոցիալ-դեմոկրատնե՞ր են, թե՞ խոսքը նրանց էներգետիկ ակտիվների ու Տիմոշենկոյի հետ՝ Օբլէներգոյի համար տարվող ճակատամարտերի մասին է? Եվ որտե՞ղ է, ի դեպ, ավարտվում հենց ինքը՝ Յուլիա Վլադիմիրովնան՝ Ուկրաինայի Միասնական էներգոհամակարգերի հետ կապված իր շլացուցիչ գազային բարտերներով, որոնք ծածկել էին նախկին հզոր տերությունը՝ Չերնովեցից մինչև Յամալա, և որտե՞ղ է սկսվում Յուլիա Վլադիմիրովնան՝ այն ժամանակվա վարչապետ Պավել Լազարենկոյի «Գրոմադա» կուսակցության այն ժամանակվա առաջնորդը։

Մեկը կասի՝ ինչ մի չտեսնված բան է, ու ճիշտ կլինի։ Բայց կլինի նաև սխալ, որովհետև քաղտնտեսական անբաժանելիության այսպիսի խրախճանք որևէ այլ տեղ պատահած չկա, որովհետև Ուկրաինայում, ամենից զատ, ոչ ոք երբևիցե չի ունեցել իշխանության մենաշնորհ, ինչը բավականին գայթակղիչ էր ընդունել որպես սկբնային ժողովրդավարություն։ Ու այդպես եղել է միշտ, նույնիսկ Յանուկովիչի ժամանակ, ով անձնային հատկանիշների առանձնահատկության շնորհիվ միայն կարող էր մտածել, որ ունակ է այդ համակարգը իրենով անել։

Այո, Զելենսկու հետևում Կոլոմոյսկին է։ Հավանական է, որ այդպես է։ Սակայն Րինատ Ախմետովի և Վիկտոր Մեդվեդչուկի կողմից վերահսկվող հեռուսատաալիքները կանգնած են իշխանության կողքին, որը ջղաձգորեն ռեսուրսներ է փնտրում ռևանշի համար։ Ուկրաինայի ցանկացած նախագահ՝ իր բոլոր լիազորություններով հանդերձ, փաստացի մնացել է թույլ ֆիգուր՝ գուցե Կուչմայի բացառությամբ, ով քաղաքական փորձվածության շնորհիվ կարողացավ օլիգարխիկ պայմանավորվածությունները վերածել իր կողմից շատ թե քիչ վերահսկելի համակարգի։

Սա էլ, ի դեպ, այն մասին, որ թույլամորթ Զելենսկին Ուկրաինան կգցի քաոսի մեջ։ Չի գցի։ Ուկրաինայում դա նախագահի անելիքը չէ։ Երկիրը ռուսական բանակի ճարակն էլ չի դառնա, որովհետև գործող նախագահն այնպիսի գերագույն հրամանատար էր, որ նույնիսկ իր նախընտրական քարոզարշավի համար անհրաժեշտ ծավալների ռազմական դրություն հայտարարել չկարողացավ, և դա նույնպես՝ անձամբ Պորոշենկոյի բնութագիրը չէ, այլ՝ ամբողջ ուկրաինական համակարգի։ Ուկրաինայում դա ոչ ոքի համար գաղտնիք չէ, այլ՝ տարրական տրյուիզմ, հիմքերի հիմք, որի մասին Զելենսկուն մերկացնողներից ոչ ոք չիմանալ չէր կարող․ Զելենսկին ավելի լավը կամ ավելի վատը չէ, քան մնացած բոլորը, քանի դեռ ուկրաինական քաղաքականությունն ունի անքաքտելի կանոններ, որոնք անտեսել ամենաճարպիկ թրոլն անգամ չի կարող։

Բայց աճպարարությունը սրանում չէ։ Եվ ճագարին պետք է հետևել բոլորովին այլ կերպ, որովհետև ճագարն ամենևին էլ չկա։

Զելենսկին, իսկապես, ոչ մի նոր բան չի հնարել։ Որքա՜ն գայթակղիչ է սահմանափակվել շրջանառվող վարկածով, որ նրա հաջողությունը անվստահության քվե է գործող ուկրաինական իշխանությանը, անձամբ Պյոտր Պորոշենկոյին կամ, ինչպես ևս ասում են, Կոլոմոյսկու վերջին վրեժխնդրությունն է, ինչն, ըստ էության, նույն բանը կարելի է համարել։ Ոչ, պատճառները, թե ինչու են բավականին մտածող մարդիկ կրկնում իշխանամետ և հակազելենսկիական քարոզի ամենաշինծու թեզերը, անհրաժեշտ է փնտրել ոչ Ուկրաինաում և ոչ էլ անգամ Ռուսաստանում։ Դրանք, թերևս, գլոբալ են, ինչպես սերիալների սիրահարները։ Զելենսկու օգտին քվեարկում են ոչ միայն քանի որ ուժ չկա քվեարկելու Պորոշենկոյի օգտին, թեև այդ դժվարին ընտրությունը շատերի համար նույնպես ակտուալ է։ Զելենսկու, Բեպե Գրիլոյի, անարխո-սյուրեալիստ Յոն Գնարիի, ով դարձավ կոնսերվատորների օգտին քվեարակելու սովորություն ունեցող Ռեյկյավիկի նոր քաղաքապետը, օրերս Սլովակիայի նախագահ ընտրված Զուզանա Չապուտովայի օգտին քվեարկում են ոչ միայն ձախողած իշխանության նկատմամբ հակակրանքից ելնելով։ Նրանց օգտին քվեարկում են ձախողած պետությունից հիասթափության պատճառով՝ ոչ թե իտալական, նորվեգական կամ սլովակական, թեև դա նույնպես կա, այլ՝ ընդհանուր առմամբ՝ պետությունից իբրև ինստիտուտ։ Պետությունն՝ իր լուրջ հավակնություններով հանդերձ, դարձել է ծիծաղելի, և վեճն այլ տեղ է․ արդյո՞ք արդեն կարելի է ծիծաղել նրա վրա, թե այն, ի վերջո, ոնց էլ պտտես, հայրենիք է, իսկ այստեղ ծիծաղելի բան չկա։

Ուստի՝ նոր տեսակի հաղթանակողը նույնիսկ կուսակցության ու ծրագրի բացակայությամբ չէ աչքի ընկնում, այլ՝ որ ծիծաղում է պետության վրա այնպես, ինչպես այդ ազդանշանին սպասող ընտրողը։ Հատկապես, երբ ընտրողն ուկրաինական է․ նրան առաջարկել են (հին ձևերով) ներել պետության թալանչիությունը՝ ռազմական հաջոցությունների դիմաց, որոնք նույնպես չկան, իսկ նա բռնել ու նորովի հրաժարվել է, ու գնա գլուխ հանի, թե որտեղ են միջազգային տենդենցները, իսկ որտեղ՝ «Կվարտալ-95»-ը՝ իր կատակներով հանդերձ։

Այնպես չէ, իհարկե, որ Զելենսկին զբաղվում է պետության ապասրբացմամբ։ Զելենսկին հենասյուններ քանդողը չէ։ Մեկը խորաքնին հետազոտում է պետության էության փոփոխությունները, մեկը՝ ինչպես անարխո-սյուրեալիստները, մերժում է այն՝ փոխարենն առաջարկելով քաղաքային բարեփոխման բավականին արդյունավետ ծրագիր, մեկն էլ սերիալ է արտադրում՝ սեփական հաջողության՝ մի կողմից և սերիալի մոտիվներով հաջողության մասին՝ մյուս։ Netflix-ը երկուսն էլ հետագայում կառնի, հատկապես եթե հանգուցալուծումից անմիջապես առաջ ֆավորիտը դուրս գա յոթանասունհազարանոց մարզադաշտ, խոնարհվի ու հայտարարի․ «Շնորհակալություն։ Ձեզ նկարահանում էր թաքնված տեսախցիկը»։

Վադիմ Դուբնով
ekhokavkaza.com