Ուկրաինայի արևելքում տեղի ունեցողը նույն պատերազմն է, ինչ Ռուսաստանը վարում էր Լեռնային Ղարաբաղում, Մոլդովայում, Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում ու Ղրիմում։ Inopressa.ru կայքի փոխանցմամբ՝ այս մասին ավստրիական «Profil» պարբերականի հետ զրույցում հոկտեմբերի 6֊ին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն։
«Վլադիմիր Պուտինը փորձում է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը ներկայացնել այնպես, թե այնտեղ պատերազմում են ուկրաինացիները ուկրաինացիների դեմ, իբր դա քաղաքացիական պատերազմ է, որը բացառապես վերաբերում է Ուկրաինային։ Ու, ցավոք, Պուտինին դա հաջողվում է։ Մարդկանց մեծ մասը, ում հետ վերջին ամիսներին քննարկել եմ ուկրաինական ճգնաժամը, այդ կարծիքին էին։ Եթե, սակայն, բոլոր խաղաքարտերը դնենք սեղանին, պարզ կդառնա, որ դա պատերազմ է, որը գալիս է Ռուսաստանից։ Դա նույն պատերազմն է, որը Ռուսաստանը վարում էր Լեռնային Ղարաբաղում, Մոլդովայում, Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում ու Ղրիմում։ Ու այս պատերազմում միմյանց դիմակայում են ոչ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան։ Պուտինը, իրականում, իրականացնում է քաղաքական նախագիծ, որի նպատակն է Ռուսաստանին գերտերության կարգավիճակ վերադարձնել»,֊ հայտարարել է Յուշչենկոն։
Ուկրաինայի նախկին նախագահի խոսքով՝ Արևմուտքն ու Եվրոպան, մասնավորապես, պետք է սկսեն արձագանքել ու Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտությունն ընդունել որպես «Եվրոպայի, Արևմուտքի ու ամբողջ աշխարհի խնդիր, քանի որ Ուկրաինան Մոսկվայի կայսերական ծրագրերի միայն փոքր մասն է»։