Ուկրաինացի լրագրող Վիտալի Պորտնիկովի՝ Grani.ru կայքում հրապարակված հոդվածն ամբողջությամբ՝ թարգմանաբար.
– Ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում շատերը Վլադիմիր Պուտինին անվանում են հիբրիդային պատերազմի վարպետ, որը հմուտ գործողություններով ստիպեց՝ իր հետ հաշվի նստի թե Արևմուտքը, թե Ուկրաինան: Իրականում, սակայն, Պուտինի ու նրա խորհրդականների գործողություններում որևէ նորություն չկա: Նա պարզապես մանրակրկիտ կերպով կրկնօրինակում է Խորհրդային միության փլուզմանն ուղղված ԿԳԲ առաջին հատուկ գործողությունը՝ մասնակցությունը ղարաբաղյան ճգնաժամին:
Չեմ պատրաստվում վիճել այն մասին, թե որն էր Ղարաբաղյան հակամարտության արմատական պատճառը. տարածաշրջանի հայ ու ադրբեջանցի բնակչության միջև երկարամյա լարվածությունը, Ստեփանակերտի ու Բաքվի միջև հակասությունները, Հայաստանի ու Ադրբեջանի կուսակցական ղեկավարության միջև մշտական թշնամությունը: Այստեղ կարևորը դա չէ, այլ այն, որ խորհրդային հատուկ ծառայություններն անում էին ամեն ինչ հակամարտություն հրահրելու համար մի իրավիճակում, երբ այն պետք է հանդարտեցվեր: Որպես օրինակ՝ ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի «Պրավդա» թերթում հրապարակված «Զգացմունքներ ու բանականություն» հոդվածը: Քանի որ դրա պատրաստման ու տպագրության վկան եմ եղել, ապա կարող են վստահորեն հաստատել Հայկական ԽՍՀ ու Ադրեջանական ԽՍՀ հարցերով «Պրավդայի» հատուկ թղթակիցների հայտարարությունները, որոնք այդ հոդվածը նախկինում չէին էլ տեսել, իսկ ահա թերթում դրա տակ իրենց ստորագրությունները տեսան:
Այդ հոդվածը, որը չբավարարեց հակամարտության կողմերից ոչ մեկին ու ընդունվեց որպես խորհրդային ղեկավարության պաշտոնական դիրքորոշում, պայթեցրեց Ղարաբաղը: Պայթեցրեց Հայաստանը: Պայթեցրեց Ադրբեջանը: Ղարաբաղյան հակամարտությունն անհամար վնասներ հասցրեց երկու երկրներին, որոնք, չնայած ծանր պատմական անցյալին ու թյուրըմբռնմանը, կարող էին սառը խաղաղություն պահպանել, այլ ոչ՝ պատերազմել: Ընդ որում` հայերը կշարունակեին ապրել Բաքվում, որն այդ ժողովրդի հիմնական քաղաքակրթական կենտրոններից էր, իսկ ադրբեջանցիները՝ Աղդամում, Շուշիում և նույնիսկ Երևանում: Այսօր այդ ամենն արդեն անհնար է պատկերացնել:
Բայց փոխարենը լավ հայտնի են այդ քառորդդարյա մղձավանջի արդյունքները: Դա ադրբեջանական պետության գործնական փլուզումն է ու ժողովրդավարական ուժերի ամբողջական մեկուսացումը, որոնք նախաձեռնությունը զիջեցին երկիրը կյանքի ու ավտորիտարիզմի վերադարձրած ԽՍՀՄ ԿԳԲ գեներալ Հեյդար Ալիևին: Դա Հայաստանի վերածումն է հետխորհրդային ամենաաղքատ ու Ռուսաստանից ամենամեծ կախվածությունն ունեցող երկրի, որտեղ մեկուսացված են ուժերը, որոնք հանդես են գալիս հայ ժողովրդի բազմադարյա պատմությունից բխող ամենաբնական՝ զարգացման եվրոպական ուղու օգտին: Զարմանալի է, որ մի երկիր, որը Բյուզանդիայի, Հռոմի ու Հրեաստանի հետ կառուցել է մեր քաղաքակրթությունը, Լուբյանկայի գործողությունների արդյունքում բառացիորեն հայտնվել է ժամանակակից աշխարհի ճամփեզրին. ու դա ոչ միայն Հայաստանի խնդիրն է, այլև՝ ապագա Կովկասի ու Արևմուտքի: Եվ, ի վերջո, Ղարաբաղն է, որը վերածվել է երկիր-ամրոցի՝ միաժամանակ ապակայունացնելով թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին:
Իսկ ինչո՞ւ Դոնբասը նույնպես չվերածել նման Ղարաբաղի: Իսկ թե արդյունքում Ուկրաինան ինչի կվերածվի՝ հետպատերազմյան Հայաստանի, թե՝ հետպատերազմյան Ադրբեջանի, Վլադիմիր Պուտինին այնքան էլ չի մտահոգում: Առավել ևս, որ Ուկրաինան, ինչպես որ Հայաստանը, նավթ չունի:
Բայց անցածի այս կրկնության մեջ մի փոքր սխալ կա: Արցախը հայերին իսկապես պետք էր: Իսկ ադրբեջանցիներին իսկապես պետք էր Ղարաբաղը: Դա դասական էթնիկական հակամարտություն էր, հող, որը ժողովուրդներից յուրաքանչյուրն իրենն էր համարում ու չէր ցանկանում կիսել: Հայերը պատրաստ էին զոհվել հանուն Արցախի: Ադրբեջանցիները ևս պատրաստ էին զոհվել հանուն Ղարաբաղի: Նույնիսկ Հայաստանի ու Ադրբեջանի անկախությունն է այդ պայքարի արդյունքը, այլ ոչ՝ հակառակը:
Հանուն Դոնբասի ոչ ոք չի ցանկանում զոհվել: Ճակատային գիծը ռուսաստանյան բանակից պաշտպանող ուկրաինացի զինվորները պաշտպանում են հենց Ուկրաինան, այլ ոչ թե Դոնբասը: Պատահական չէ, որ անգամ Մարիուպոլում, որը բոլորովին վերջերս դեռ Դոնեցկի շրջանի գլխավոր քաղաքներից էր, խոսում են նոր՝ Մերձազովյան մարզի մասին, որպեսզի իրենց նույնականացնեն ոչ թե Դոնբասի, այլ՝ Ուկրաինայի հետ: Կարելի՞ է պատկերացնել, որ Արցախի տարածքի գոնե մի հատվածի բնակիչները հրաժարվեն այդ անվանումից: Երբե՛ ք:
Ռուս զինվորներն ու վարձկաններն էլ Դոնբասի համար չեն պայքարում. նրանց համար այն ընդամենը պլացդարմ է: Ռուսները պարզապես իրականացնում են իրենց գերագույն գլխավոր հրամանատարի՝ Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնելուն ուղղված ծրագիրը: Ու Պուտինի համար բոլորովին միևնույն է՝ որտեղ այն ապակայունացնել:
Արդյունաբերական Դոնբասը և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի համար առանց բռնակի ճամպրուկ է: Մարդիկ, ովքեր խոսում են այն մասին, թե Ուկրաինան ինչ է «կորցրել Դեբալցևոյում», և թե ինչպես է այժմ նման հիանալի երկաթուղային հանգույցի շնորհիվ զարգանալու Դոնեցկի ու Լուգանսկի տնտեսությունը, ինձ իրական գժեր են թվում: Ինչ տնտեսություն ոչնչացված արդյունաբերական շրջանում: Ո՞ւմ է Դոնբասն իրացնելու իր արտադրանքը: Դրա ածուխը պետք է աշխարհում միայն մի երկրի, ու դա այն դեպքում, երբ այդ նույն աշխարհում այլ ալտրացիտ կա, իսկ Դոնբասի համար այլ Ուկրաինա չկա: Դոնեցկն ու Լուգանսկը կարող են միայն ծառայել որպես պլացդարմ Ուկրաինայի ապակայունացման համար: Ու որքան տարածք էլ Պուտինը գրավի, նա, միևնույն է, Դոնբասը նոր Ղարաբաղ չի դարձնի: Գիտե՞ք՝ ինչու:
Որովհետև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհազորում ցուցակագրվող հայն Արցախը կյանքից շատ էր սիրում ու պատերազմից պաշտպանում էր իր սեփական մորը, ծերունի հորը, կնոջն ու երեխաներին: Շուշիի սահմաններին կանգնած ադրբեջանցին Ղարաբաղն էր կյանքից շատ սիրում ու պատերազմից պաշտպանում իր թանկագին մորը, ծերունի հորը, կնոջն ու երեխաներին: Դա երկու հարևան ժողովուրդների մեծ, անխուսափելի ողբերգություն է:
Իսկ հիմա նայենք Դոնբասին: Ուկրաինացի զինվորը նույնպես ագրեսիայից պաշտպանում է իր թանկագին մորը, ծերունի հորը, կնոջն ու երեխաներին: Բայց նրանք տարածքի ներսում չեն, այլ՝ ազատ Ուկրաինայի, ու նա թշնամուն կանգնեցնում է երկրի սահմաններին: Պուտինին ու կայսրության հզորությանը հավատացող ռուսաստանցի վարձկանը նույնպես կարող է համարել, որ «ֆաշիստներից» պաշտպանում է իր թանկագին մորը, ծերունի հորը, կնոջն ու երեխաներին: Միայն թե նրանք բոլորն իր թիկունքում են՝ խաղաղ Ռուսաստանում: Իսկ Դոնբասի բնակչությունը: Իսկ Դոնբասի բնակչությունն ուղղակի սպասում է, թե ով կհաղթի ու կվճարի թոշակները, աշխատավարձերն ու սոցիալական արտոնությունները: Տարածաշրջանի պատմության մեջ այդ նույն բնակչության հիմնական մասը չի մասնակցում: Առավել ևս, որ Դոնբասի ազատամիտ ու ակտիվ բնակիչների մեծ մասը պարզապես հեռացել է. ի դեպ, ոչ միայն Ուկրաինա, այլև՝ Ռուսաստան: Իսկ Ղարաբաղից չէին հեռանում: Ղարաբաղից փախչում էին միայն, եթե գալիս էին օտարները:
Բայց այլ կերպ չի էլ կարող լինել: Քանի որ Ղարաբաղը երկիր է, քարեր՝ արյունով ողողված. մենք ենք մեր սարերը: Իսկ Դոնբասը պարզապես արդյունաբերական ավազան է: Արդյունաբերական ավազանները հենց դրա համար էլ գոյություն ունեն, որ մարդիկ դրանք հեշտությամբ լքում են, երբ աշխատանքն ավարտվում է: Ու առանձնապես չեն էլ մտահոգվում հանքահորերի, գործարանների ու ֆաբրիկաների գործունեության պատասխանատվությամբ: Իհարկե, Դոնբասը նույնպես հող է: Միայն թե այնտեղ հող չես էլ տեսնում, միայն՝ տերիկոններ: Այնտեղ, որտեղ սկսվում էին ուկրաինական գյուղերը, ռուսաստանյան զորքերը, որպես կանոն, ավարտվում էին:
Հենց դա է պատճառը, որ Վլադիմիր Պուտինը չի կարող Դոնբասի միջոցով մեծ ուկրաինական ապակայունացում հրահրել, իսկ մյուս բոլոր շրջաններում նրան տանել չեն կարողանում: Հենց դա է պատճառը, որ նա չէր կարող մեծ ուկրաինական ապակայունացում հրահրել Ղրիմի միջոցով. քանի որ Ղրիմը, ինչպես և Ղարաբաղը, երկիր է, և Ղրիմում ակտիվ ռազմական գործողությունների դեպքում կծավալվեր էթնիկական հակամարտություն ու քաղաքացիական պատերազմ: Պատերազմ Ղրիմի ներսում, այլ ոչ թե դրա շուրջ: Պուտինյան ապակայունացումը հակասում է քաղաքակրթության հիմնարար օրենքներին: Ու մեծ հաշվով հենց այդ հանգամանքի շնորհիվ էլ Ռուսաստանի նախագահը դատապարտված է պարտության:
Լուսանկարը` zn.ua