Մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան֊Իլհամ Ալիև հանդիպումից հետո «Ստրատֆոր» մասնավոր վերլուծական կենտրոնի մասնագետներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին․
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական բանակցությունները շարունակվում են տենդագին տեմպերով, բայց առանց առաջընթացի մեծ հույսի։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), ինչպես նաև Ռուսաստանից, ԱՄՆ֊ից ու Ֆրանսիայից ներկայացուցիչների միջնորդությամբ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 16֊ին կայացած հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց երկրների հանձնառությունը։ Մայիսի 17֊ին ու 18֊ին, սակայն, երկու կողմերը կրկին հաղորդեցին հրադադարի ռեժիմի նոր խախտումների ու զոհերի մասին։ Լեռնային Ղարաբաղում ընթացող գործողությունների ու հանդիպման ժամանակ խոսացվածի միջև անհամատեղելիությունը երևան է հանում այն խոչընդոտները, որոնք կանխում են հակամարտության հարատև կարգավորումը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը նաև նմանություն ունի նախկին խորհրդային տարածքի մեկ այլ շրջանի՝ Արևելյան Ուկրաինայի խնդիրների հետ։
Թե Ուկրաինայի, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների ակունքները կապված են Խորհրդային Միության անկման ու փլուզման հետ։ Լեռնային Ղարաբաղում վեճն ի հայտ եկավ, երբ խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի կողմից 1980֊ականների վերջին գործարկված ռեֆորմիստական քաղաքականությունը մարդկանց տվեց հավաքվելու ու իրենց տեսակետները բարձրաձայնելու իրավունքներ, որոնցից նրանք նախկինում զրկված էին։ Հայերը ցանկանում էին Հայաստանի Հանրապետության կազմի մեջ ներառել Լեռնային Ղարաբաղը, որն այն ժամանակ կառավարվում էր Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կողմից, սակայն բնակեցված էր հիմնականում էթնիկ հայերով։ Բաքվի ղեկավարությունը մերժեց կոչերը, և առանց Մոսկվայի հստակ առաջնորդության կամ միջամտության, խնդիրը հանգեցրեց ռազմական բախման։ Հայաստանն ի վերջո խլեց Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների վերահսկողությունն Ադրբեջանի ձեռքից։ Այդուհանդերձ, չնայած 1994֊ին կնքված հրադադարի համաձայնագրին, սահմանային ընդհարումները շարունակվում են մինչ օրս։
Ուկրաինայում ռազմական ագրեսիան ավելի ուշ ի հայտ եկավ։ Խորհրդային Միության փլուզումից հետո, անկախ Ուկրաինան տատանվում էր Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։ Երկրի ռուսամետ արևելքի ու եվրոպամետ արևմուտքի միջև պառակտումը սկսվեց 2014 թվականի Եվրամայդանի ապստամբության ժամանակ, որի արդյունքում ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչը փոխարինվեց ամուր արևմտամետ կառավարությամբ։ Ռուսաստանը հետագայում իրենց բռնակցեց Ղրիմը, իսկ արևելյան Դոնբասի անջատողականներն ընդվզեցին՝ հրահրելով լայնածավալ հակամարտություն։
Ի հավելումն նմանատիպ ծագման, ուկրաինական ու ղարաբաղյան հակամարտություններն առաջացրել են Ռուսաստանի ու Արևմուտքի մասնակցությամբ ակտիվ միջնորական գործընթացներ։ Քանի որ երկու հակամարտություններն էլ տեղի են ունենում վիճելի տարածքներում՝ Արևելյան Եվրոպա Ուկրաինայի դեպքում և Կովկաս՝ Ղարաբաղի, և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը հետաքրքրված են, որպեսզի արդյունքները ծառայեն իրենց շահերին։ Արևմուտքում տարբեր երկրների վերաբերմունքը, սակայն, տարբեր է, օրինակ, ԱՄՆ֊ն ու Լեհաստանը Ռուսաստանի հանդեպ ավելի լարված են, քան, ասենք, Գերմանիան ու Ֆրանսիան։ Այնուամենայնիվ, Մոսկվան ու Արևմուտքը, ընդհանուր առմամբ, կանգնած են հակադիր կողմերում՝ զգալիորեն բարդացնելով գործընթացը։
Դա է պատճառը, որ հակամարտությունների ավելի հիմնարար լուծումն այսքան անորսալի է։ Առկա է ներքին պառակտվածություն և ագրեսիա, բայց մեծ է նաև հակամարտող կողմերի վրա ազդեցություն ունեցող հզոր խաղորդների մրցակցության դերը։ Դիվանագիտական բանակցությունները միշտ չէ, որ հակամարտությունների կարգավորում են երաշխավորում։ Որոշ պետություններ, մասնավորապես՝ Ռուսաստանը, նույնիսկ շահագրգռված են կարգավորմանը որքան հնարավոր է հավատարիմ երևալ, հանդես են գալիս որպես միջնորդ բոլոր կողմերի միջև՝ միևնույն ժամանակ, սակայն, անելով ամենը, որպեսզի երկուսն էլ մնան «վերահսկելի» ճգնաժամեր։
Հակամարտությունների տարբեր կողմերի միջև փոխզիջման ու առաջընթացի հեռանկարներ միշտ էլ կան, սակայն քաղաքական խնդիրների վերաբերյալ զարգացումները պետք է համընկնեն անվտանգության հիմնական բաղադրիչների իրականացման հետ։ Հրադադարի կայուն պահպանում, որի շուրջ բազմիցս համաձայնել են թե՛ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ղեկավարները, և թե՛ Ուկրաինայի անվտանգության ուժերն ու Արևելյան Ուկրաինայի անջատողականները, մինչ օրս տեղի չի ունեցել։ Ու քանի դեռ դա այդպես է, հակամարտությունները կշարունակվեն՝ անկախ նրանից, թե քանի հանդիպումներ ու դիվանագիտական գագաթաժողովներ կվերահաստատեն վեհ հանձնառություններ։