Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ երդմնակալության արարողությունից հետո, հայտարարել է Ուկրաինայի Բարձրագույն ռադայի լուծարման մասին։
«Ես լուծարում եմ ութերորդ գումարման Բարձրագույն Ռադան», – խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է Զելենսկին։
Մինչ այդ նա խնդրել է պատգամավորներին ընդունել մի շարք անհետաձգելի օրենքներ և հեռացնել պաշտոնից Ուկրաինայի անվտնագության ծառայության պետին, գլխավոր դատախազին և պաշտպանության նախարարին։
«Ես խնդրում եմ ձեզ ընդունել պատգամավորական անձեռնմխելիության չեղարման մասին օրենքը, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրենքը, բազմաչարչար Ընտրական օրենսգիրքը ու, խնդրում եմ, նախատեսեք, որ [ընտրական] ցուցակները բաց լինեն։ Արե՛ք դա և պատվանշաններ կախեք ձեզ վրա․ դա բավականաչափ լավ բալեր են արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ», – ասել է Զելենսկին` ընդգծելով, որ գործող խորհրդարանին տալիս է դրա համար երկու ամիս ժամանակ։
Ուկրաինայի անվտանգության ծառայության պետ Վասիլիյ Գրիցակը հրաժարական է տվել Զելենսկիի երդմնակալությունից քիչ առաջ, երդմնակալության արարողությունից հետո հրաժարական է տվել նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը։ Ֆեյսբուքի իր էջում նա հրապարակել է այսօր պաշտոնը ստանձնած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված համապատասխան դիմումի լուսանկարը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին քանդվեց ուկրաինական խորհրդարանի կոալիցիան, երբ այն լքեց նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» խմբակցությունը։ Օրենքի համաձայն, կոալիցիա արձակումից հետո 30 օրվա ընթացքում խմբակցություններն իրավունք ունեն հիմնել նոր կոալիցիա, կոալիցիայի չձևավորման պարագայում նախագահը իրավասու է հայտարարել խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին։