Քաղաքացիական ակտիվիստ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վարդան Հարությունյանը անցած գիշերը շքամուտքում հարձակման է ենթարկվել, տեղեկացնում է «Հետքը»: Վերջինիս համոզմամբ՝ իր վրա հարձակումը կապ ունի նախօրեին տեղի ունեցած ակցիայի հետ, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման որոշումից հետո քաղաքացիները բողոքի քայլերթ էին անում, և ճանապարհին միջադեպ էր գրանցվել ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի հետ:
Վարդան Հարությունյանի վստահեցմամբ՝ ինքն այդ օրը Հրանտ Մարգարյանին ոչ հրել է, ոչ էլ վիրավորել:
«Ուղղակի իր հետ մեկը կար, որ հայհոյեց մի աղջկա, իրան եմ բան ասել, իր տված հայհոյանքն եմ ասել ու ասել եմ` ինչի՞ ես հայհոյում, ու դրանից հետո փորձել եմ մարդկանց հետ պահել», – ասաց նա:
Անդրադառնալով գիշերվա միջադեպին` ակտիվիստը պատմեց. «Իրենք երեք հոգով էին, մեկը հարձակվեց դիմացից, հետո մյուսները, դեմքները ծածկել էին գլխարկներով: Էս գործելաոճն ինձ ծանոթ է, 2015 թվականին, երբ Արծվիկ Մինասյանին հարց էի ուղղել հանրաքվեի «այո»-ի հետ կապված, նույն գործելաոճն էր եղել: Ես վստահ եմ, որ դա կապ ունի նախորդ օրվա միջադեպի հետ, քանի որ հարձակումից հետո նրանք փախուստի դիմեցին Գյուլբենկյանում տեղակայված Դաշնակցության գրասենյակ», – պատմեց Վարդանը:
Վերջինիս խոսքով՝ իրեն ծեծելու միջադեպի հարցով դիմել է ոստիկանություն: