ՍԴ-ն դեմ չի, որ ԿԸՀ-ն ազդի ընտրությունների արդյունքների վրա
Սահմանադրական դատարանը մերժեց ընտրությունների արդյունքները վիճարկող 7 կուսակցությունների և դաշինքների դիմումները․ ԿԸՀ-ի կողմից հրապարակված արդյունքները մնացին անփոփոխ։
ՍԴ դիմած ուժերից մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, որը անցողիկ 4 տոկոսանոց շեմը չհաղթահարեց ընդամենը մի քանի տասնյակ ձայնով։ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց. — «Մենք ունեինք մի ունիկալ իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված էր բացառապես ԿԸՀ-ի որոշումից: Դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների և նյութերի ուսումնասիրությամբ միանշանակ էր, որ առնվազն ԲՀԿ-ն պետք է ստանար իր մանդատները: Բոլորը տեսան, ցավոք սրտի, որ Սահմանադրական դատարանը մասնակից եղավ կամ առնվազն չկանգնեցրեց ձայնագողությունը»:
Կոտայքցի միլիարդատեր Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» ձայներ կորցրեց և չհաղթահարեց շեմը ԿԸՀ-ի որոշման պատճառով, որով անվավեր ճանաչվեցին վիճահարույց երեք տեղամասերի արդյունքները և չնշանակվեց վերաքվեարկություն։ Այդ որոշումն ապօրինի էին գնահատել ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունները, այլև մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնց թվում էր նաև «Անկախ դիտորդ» դաշինքը։
Մեկնաբանության համար Epress.am-ը դիմել էր Դաշինքի անդամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներ Վարդինե Գրիգորյանին և Անտոն Իվչենկոյին։
Անտոն Իվչենկո․ — Ընտրություններից անմիջապես հետո հրապարակված նախնական արդյունքները պարունակում էին լիքը անճշտություններ, հիմնականում` տեխնիկական խնդիրներ մուտքագրման հետ կապված։ Տեղամասերից ստացված քաղվածքներում արձանագրված էին ճիշտ թվերը, հենց դրանց հիման վրա էլ բացահայտվել էին սխալները։ Նշանակվեց վերահաշվարկ, որը տևեց մոտ մեկ շաբաթ։ Այդ ընթացքում ԿԸՀ-ն հասցրեց անվավեր ճանաչել երեք տեղամասերի քվեարկության արդյունքները։
Երկու տեղամասերում ժամկետային զինծառայողները շարունակել էին մտնել ընտրատեղամաս և քվեարկել ժամը 20։00-ից հետո։ Ըստ օրենքի, 20։00-ին տեղամասը փակվում է, կարող են քվեարկել միայն նրանք, ովքեր այդ պահի դրությամբ արդեն ներսում էին։ Այդպես եղավ, օրինակ, Սոթքում։ Իսկ Ագարակում և Նուբարաշենում քվեարկությունը շարունակվեց 20։00-ից հետո․ քվեասենյակ էին մտնում դրսում սպասող զինծառայողները, որոնք ուշ էին իջել հերթափոխից։ Ագարակում, որքան գիտեմ, հանձնաժողովի նախագահը նույնիսկ փորձել էր դադարեցնել քվեարկությունը, բայց հրամանատարը չէր համաձայնվել և չէր հանել զորքը։ Երրորդ տեղամասում մի փոքր այլ խնդիր էր։ Հանձնաժողովին չէին տրամադրել կուսակցություններից մեկի՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկը։ Հանձնաժողովականները, ընտրողները, վստահված անձինք, դիտորդները և լրագրողները չէին նկատել այդ հանգամանքը մինչև գրեթե օրվա ավարտը։ Քանի որ քվեաթերթիկի բացակայությունը լուրջ խնդիր է՝ ընտրատարածքայինը և ԿԸՀ-ն եզրակացրել էին, որ տեղամասի արդյունքները պիտի չեղարկվեն։
Երբ ԿԸՀ-ն անվավեր ճանաչելու որոշում կայացրեց, շատերս համոզված էինք, որ վերաքվեարկություն կնշանակվի, որովհետև այդպիսին է օրենքի պահանջը։ ԿԸՀ-ն ճիշտ է ասում՝ այնպես չէ, որ բոլոր դեպքերում, երբ անվավեր ես ճանաչում, պարտավոր ես վերաքվեարկություն նշանակել։ Բայց պարտավոր ես, երբ անվավեր ճանաչելն ազդեցություն է ունենում ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։ Եթե այդ երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին, «Բարգավաճ Հայաստանը» կանցներ խորհրդարան։ Սա ակնհայտ ազդեցություն է արդյունքի վրա։
Շատ վիճելի է, թե ինչ ազդեցություն են ունեցել այն խախտումները, որոնք արձանագրվել էին այդ տեղամասերում։ Կարևոր է ոչ այնքան ընթացակարգի խախտումը, որքան իրավունքի։ Այն երկու տեղամասերում, որտեղ զինվորներն էին քվեարկում, մենք չենք ունեցել վկայություններ տեղում ուղղորդման, քվեարկության վերահսկողության, արդյունքների փոփոխության կամ լցոնման մասին ո՛չ վստահված անձանց կողմից, ո՛չ մեր դիտորդների։ Այդպիսի նշաններ չեն ֆիքսել նաև տեղամասերի տեսախցիկները։ Այսինքն՝ զինվորները քվեարկել են այնպես, ինչպես քվեարկում էին մինչև 20։00-ն եկած մարդիկ։ Կոպտորեն խախտվել է ընթացակարգը։ Բայց ընթացակարգը պաշտպանելու համար խախտվել է այնտեղ քվեարկած մարդկանց ընտրության իրավունքը։
Իրավունքը գերակա է ընթացակարգին։ Այլ կերպ ասած՝ կամ չպիտի չեղարկեին արդյունքները երկու տեղամասերում, կամ պիտի վերաքվեարկություն նշանակեին։ Եվ մենք, արդյունքում, կունենայինք ընտրությունների մի փոքր այլ արդյունքներ։ ԿԸՀ-ն կայացրել է ընտրությունների արդյունքների վրա ազդող որոշում, մինչդեռ ԿԸՀ որոշումները արդյունքների վրա չպիտի՛ ազդեն։ Մենք հայտնվել էինք այնպիսի մի իրավիճակում, երբ բառացիորեն հարյուր քվեի պլյուս կամ մինուս լինելը ազդում էր արդյունքների վրա։ Այդ հարյուր քվեից էր կախված կուսակցություններից մեկի խորհրդարանում լինել-չլինելը և իշխող կուսակցության մեծամասնության որակը (եթե ԲՀԿ-ն մտներ ԱԺ, ՔՊ-ն ⅗-րդ չէր ունենա)։
Վարդինե Գրիգորյան․ — Անհասկանալի է նաև այն, թե ինչպես էր ԿԸՀ-ն հիմնավորում վերաքվեարկություն չնշանակելու իր որոշումը։
Փաստացի ասում էին, որ եթե վերաքվեարկություն նշանակեն, կազդեն ընտրությունների արդյունքների վրա։ Բայց դա հենց այն էր, ինչի համար պիտի՛ նշանակվեր վերաքվեարկություն։ Դա է օրենքի պահանջը։
Ճիշտ է, որ այն պահին, երբ երեք տեղամասերի արդյունքները անվավեր ճանաչվեցին ԿԸՀ-ի կողմից, ԲՀԿ-ն չէր անցնում 4 տոկոսանոց շեմը։ Բայց անվավեր ճանաչելու պահին արդեն հայտնի էր, որ կան տեխնիկական խնդիրներ, և վերահաշվարկը մեծ հավանականությամբ ազդելու է ընդհանուր պատկերի վրա հատկապես ԲՀԿ-ի մասով։
Աբսուրդ է նաև այն, որ [նախկին ՔՊ-ական պատգամավոր, այժմ՝ ԿԸՀ նախագահ - խմբ․] Վահագն Հովակիմյանը ասում է, թե վերաքվեարկություն չի նշանակվել, քանի որ տակտիկական քվեարկության ռիսկ կա։ Ցանկացած վերաքվեարկության դեպքում էլ կա տակտիկական քվեարկության ռիսկ։ Եթե դա հիմք լիներ, վերաքվեարկության մասին օրենք ուղղակի չէր լինի։
Մինչդեռ, եթե այս երեք տեղամասերում նշանակվեր վերաքվեարկություն, և նույնիսկ եթե բոլոր ընդդիմադիր ընտրողները համախմբվեին և քվեարկեին բացառապես ԲՀԿ-ի օգտին՝ ԲՀԿ-ն չէր ստանա ավել մանդատներ, քան ստանալու էր, եթե այս տեղամասերի արդյունքները չճանաչեին անվավեր։ Այսինքն՝ զուտ վերականգնվելու էր արդարությունը այնքանով, որքանով որ կար։ Այդ իմաստով ակնհայտ է, որ արդյունքների վրա վերաքվեարկությունը չէր կարող ազդել, մինչդեռ վերաքվեարկություն չնշանակելը կարո՛ղ էր և փաստացի ազդեց։
————
Այսպիսով, 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29 մանդատ և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցել էին ՍԴ 9 դատավորներից 7-ը: Դատավորներ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը քննությանը չեն մասնակցել, քանի որ «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ: Ընդդիմությունը բացարկ էր ներկայացրել նաև դատավոր Սեդա Սաֆարյանին, բայց միջնորդությունը մերժվել էր։
թարմացում․ — Պատմաբան, հրապարակախոս Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ՍԴ դիմողները կամ խորքային ամնեզիա ունեն կամ տառապում են քաղաքական կրիտինիզմով։ ՀՀ պատմության մեջ ՍԴ-ն մեկ անգամ է կայացրել «համարձակ» որոշում։ Դա 2003թ․-ն էր։ Ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը, բայց ԱՌԱՋԱՐԿԵՑ վստահության հանրաքվե անցկացնել։
Հիշեցնեմ, սա այն ընտրություններն էին, երբ Քոչարյանի օգտին քվեարկում էին դեռ այն ժամանակ Հայաստանում ապրող փոքրաթիվ հինդուսները։ Հետագայում նրանց ընտրությունների բերողը դրական մահով մեռավ․ բոբիկ ոտքերով փորձում էր բաղնիքի լույսը սարքել։ 2008թ-ին անգամ Տեր-Պետրոսյանը չկարողացավ իր ողջ վեհությամբ ու յուր կողմից ՍԴ դատավորներ նշանակած անձանց նկատմամբ օբյեկտիվ ազդեցություն կիրառել։ Խառը կինոների մեջ դատավորի աչոն կար, մեկի տղեն կոկս էր սիրում ու էս ձեւ էլի։
Էս ընթացքից ամենաշատը շահեցին ընդդիմության փաստաբանները) Հա, չմոռանամ ասել, որ հինգ քաղաքական ուժերը, որոնք հանդես եկան հայտարարությամբ, ի սկզբանե դատապարտված են ձախողման։
Հղումում կթողնեմ իմ վերջին հոդվածը, որի պատճառով մի պատշալուրջ տիկին ինձ գավառական էր անվանել։ Հայաստանը մտնում է այլ՝ ավելի բարդ խնդիրների փուլ»։