2026 թ. հունիս 3, չորեքշաբթի

3 կուսակցություններ են բռնվում ընտրակաշառքի գործերով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից, «Մեր Ձևով» ՀԿ-ի նախագահ Ալեքսան Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով։ Նա, ըստ Քննչական կոմիտեի, իր կազմակերպությունում ձևական աշխատանքի է գրանցել 1400 հոգու, որպեսզի նրանք մասնակցեն Սամվել Կարապետյանի նախընտրական ցույցերին։

ՔԿ-ն հաղորդում է, որ Ալեքսանյանը աշխատավարձեր բաժանելով նաև փողեր է լվացել. ՀԿ-ի հաշվին փոխանցվել են «հանցավոր ճանապարհով ստացված» խոշոր գումարներ Սամվել Կարապետյանի հետ փոխկապված ընկերություններից։ Մոտ 763 միլիոն դրամը նա լեգիտիմացրել է կեղծ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրերով։ Ալեքսանյանին 6-ից 12 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում։

Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզարշավի վրա թեկնածու կուսակցությունները և դաշինքները պիտի ծախսեն ոչ ավել, քան 800 միլիոն դրամ։ Ծախսերը պիտի արվեն կուսակցության հիմնադրամի հաշվից։

Ձայնագրություններ և հերքումներ

Վերջին երկու ամսում Քննչական և հակակոռուպցիոն կոմիտեները հայտնել են ընտրությունների հետ կապված տասնյակ քրեական գործերի մասին` կաշառք տալ և վերցնել, ընտրողներին ուղորդել և մի շարք այլ հոդվածներ։

2026 թվականի փետրվարի 7-ից մինչև մայիսի 30-ը ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է շուրջ 70 քրեական վարույթ, քրեական հետապնդում է հարուցվել 120 անձի նկատմամբ, ձերբակալվել է նրանցից 110-ը։ 6 անձի վերաբերյալ գործերը դատախազությունն ուղարկել է դատարան։

Կան նաև կաշառք ստանալու համար կալանավորվածներ՝ այս պահին երեք հոգի։ Նրանց անունները չեն հրապարակվում։

Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է նաև «հեռախոսային գաղտնալսումներ»՝ Արտաշատի, Բյուրեղավանի, Ալավերդիի և այլ բնակավայրերի «Ուժեղ Հայաստան»-ի շտաբերի ներկայացուցիչների և ընտրողների միջև խոսակցություններից։ Դրանցում խոսվում է գումարներ ստանալու մասին, չափը տատանվում է` 10-ից մինչև 200 հազար դրամը։

«Ուժեղ Հայաստանը» այս ձայնագրությունները համարում է «մտացածին»։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սա վարչական ռեսուրսի չարաշահում է։ Նրա աջակիցներից 500 հոգի բերման է ենթարկվել, նրանցից 30-40-ն անցնում են քրգործերով։

Բարձրաստիճան կուսակցականներից ձերբակալվել են նաև Գոհար Ղումաշյանը և Արթուր Ավանեսյանը (Կանդազ)․ առաջինը բարեգործության արգելքը խախտելու համար, եկրորդը՝ նյութապես շահագրգռելու։ Մասնավորապես, հրապարակված ձայնագրության մեջ նա դրական է պատասխանել, երբ խոսակիցը հարցրել է հետագայում իրեն պաշտոն տալու մասին։

Չորս հոգի էլ մեղադրվել է մի ընտանիքի կաշառք տալու և տաքսիով Շիրակի մարզից Երևան բերելու համար, որպեսզի վերջիններս մասնակցեն 2026 թվականի ապրիլի 11-ի «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին։

Մայիսի 25-ին Հակակոռուպցիոնը հրապարակել է նաև Ռուսաստանում բնակվող գործարարների և Կարապետյանի ենթադրյալ աջակիցների միջև հեռախոսազրույցների ձայնագրությունները։ Դրանցում խոսվում է ավիատոմսեր գնելու և Ռուսաստանից հայկական անձնագրեր ունեցողներին քվեարկության բերելու մասին։ 

Ընտրակաշառք բաժանելու համար մի քանի գործ էլ կա Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների դեմ։ Ծառուկյանը հայտարարել է՝ դրանք «սարքած գործեր են», որոնցով ճնշում են ազդեցիկ ընդդիմադիր ուժերին։

Քրեական հետապնդում է հարուցվել, մասնավորապես, Վանաձորում ԲՀԿ-ի օգտին ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու համար։ Նույն հոդվածով գործեր էին հարուցվել «Բարգավաճ»-ի Շիրակի ու Տավուշի գրասենյակների դեմ: