Դոգը ամերիկյան բանտից գայթակղում է մահապատժով
Նախկին ոստիկան, յութուբ-բլոգեր Վարդան «Դոգ» Ղուկասյանի «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը մասնակցում է ընտրություններին «արևային Հայաստան» ստեղծելու խոստումով։ Քարոզարշավն ավելի համեստ է անցնում՝ առանց հայհոյանքներով հայտնի յութուբերի անմիջական մասնակցության։

Վարդան Ղուկասյանը 2010-ականներին աշխատում էր պաշտպանության նախարարությունում, Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, Չարբախի բաժնում և ռազմական ոստիկանությունում։ Օպերլիազոր, մայոր, բաժնի պետի տեղակալ և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընկեր, ուներ մատնիչների ցանց հյուրանոցներում, գիշերային ակումբներում և խաղատներում, որոնց միջոցով կոմպրոմատներ էր հավաքում, մասնավորապես, ուժային կառույցների համար։ 2014 թվականին Ղուկասյանին ձերբակալեցին այդ կոմպրոմատներն անձնական նպատակներով օգտագործելու՝ շանտաժի և շորթման մեղադրանքով, և դատապարտեցին 4 տարվա ազատազրկման։ Պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո նա լքեց Հայաստանը և դարձավ բլոգեր։
Կոնսպիրատիվ արտերկրից Դոգը վարում էր յութուբ ալիք, որում վարկաբեկում էր քաղաքական գործիչներին, կրիմինալ հեղինակություններին կամ բիզնեսմեններին, և հարյուր հազարավոր հետևորդներ նայում էին նրան, որպեսզի վատ բաներ լսեն վատ մարդկանց մասին։ Լսարանը դիմում էր տարբեր խնդրանքներով՝ հայհոյել կանչից ուշացած շտապօգնության աշխատողին, գտնել մեղավորին, բացահայտել թաղայինի ապօրինությունները, անվանարկել ինչ-որ մեկին կամ գովել մեկ ուրիշին։ Ընդլայնվում էր նաև անանուն մատնիչների ցանցը։

2021-ին Դոգը որոշեց կապիտալիզացնել իր յութուբյան դիտումները և մտնել քաղաքականություն։
ԱԺ արտահերթ ընտրություններին նա մասնակցում էր որպես «Հայոց Հայրենիք» կուսակցության «լոկոմոտիվ», Երևանի ՏԻՄ ընտրություններին` որպես «Հանրային ձայնի» պատվավոր նախագահ։ 2023-ին նրա կուսակցությունը ստացավ լծակ որոշելու՝ Երևանի քաղաքապետ դարձնել Տիգրան Ավինյանին, թե անցկացնել նոր ընտրություններ։ Ավինյանը չէր ընտրվի, եթե ավագանի անցած «Հանրային ձայնը» չգար առաջին նիստին և չապահովեր քվորում։ Ընդդիմադիր Հայկ Մարությանը մեղադրեց Ղուկասյանին ՔՊ-ի հետ գործարք կնքելու մեջ։ Հետո ՔՊ-ի հետ գործարքի համար Ղուկասյանը մեղադրեց իր կուսակիցներին և «բաժանվեց» Հանրային ձայնից, որի առաջին համար Արտակ Գալստյանը, ըստ Քննչական կոմիտեի, Դոգի վաղեմի հանցակիցներից է։ 2023-ի ապրիլից Գալստյանն ու Ղուկասյանը մեղադրվում են տարբեր անձանց արատավորող տեղեկություններ հավաքելու և Դոգի յութուբում հրապարակելու սպառնալիքով գումարներ շորթելու մեջ։ Ղուկասյանից բաժանված Գալստյանը հիմա պաշտպանում է Գագիկ Ծառուկյանին։

Հունիսի 7-ի ընտրություններին ԴՕԿ կուսակցության առաջին համարը Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն է։ Նա ասում է, որ 2023-ին Դոգը «քաղաքական հաջողության է հասել մեկ կոմպյուտերով»։ Իսկ հիմա չի կարողանում առցանց քարոզարշավ անել, քանի որ գտնվում է ԱՄՆ բանտի մեկուսարանում։

Վարդան Ղուկասյանին բռնել են Լաս Վեգասում հակամիգրանտական ռեյդի ժամանակ և ձերբակալել տուրիստական վիզան չարաշահելու համար 2025 թվականի փետրվարին։ Ինտերպոլը նրան փնտրում էր հինգ տարի։
Ղուկասյանը նախընտրել է արտաքսվել Ռուսաստան, որտեղ ինքը կունենա «ֆուլ պաշտպանություն»։ Հայաստանը էքստրադիցիա է պահանջել քրեական հետապնդման հիմքով և մերժվել։ Դոգին մեղադրում են կազմակերպված հանցավորության, խարդախության, շանտաժի, շորթման, պայմանագրային զինծառայողների և պետական գործիչների հանդեպ բռնության կոչեր անելու, դատարանին վիրավորելու և այլ հոդվածներով։

Ղուկասյանին աջակցում է խորհրդային հայտնի դիսիդենտ Պարույր Հայրիկյանը և գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որը ՊՆ ղեկավար է եղել 2021-ին՝ ընդամենը երեք ամիս։ Ըստ Փաշինյանի, նա ազատվել է պաշտոնից, քանի որ չի զեկուցել ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի տարածք ներխուժման մասին։
Կարապետյանը ներխուժման ժամանակ եղել է Մոսկվայում։ «Գիշերվա տասներկուսը կամ մեկն էր, զանգեցին ասեցին՝ պարոն նախարար, թուրքերն առաջ են եկել, դիրք են գրավել։ Ասեցի՝ Արայիկ, ուշադիր լսի, իջնում եմ բասեյնում լողանամ, ես լողանալու եմ երկուսուկես կիլոմետր, դրանից հետո եթե դուրս եկա ու ինձ չզեկուցեցիր, որ էտ դիրքերը հետ ես վերցրել, նստելու եմ սամալյոտ, գամ Հայաստան, քեզ անձամբ կաբինետում գնդակահարեմ։ Մեկուկես կիլոմետր էի լողացել, մեկ էլ օգնականս վազելով գալիս ա, զեկուցում ա՝ պարոն նախարար, դիրքերը հետ ա վերցրել», — պատմել է նա։
2025-ից նա հետախուզվում է պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով և թաքնվում է Ռուսաստանում։ Անցյալ տարի բացել է կուսակցություն՝ միավորելով պաշտոնից հեռացված զինվորականներին։


Կուսակցության նախատեսում է կրճատել ծառայողական մեքենաները, թվայնացնել փաստաթղթերը, ազատագրել դատախազներին, կադրային և էթիկական ռեֆորմներ անել, Սյունիքում պետականացնել հանքարդյունաբերությունը, Լոռին դարձնել արդյունաբերական կենտրոն, Շիրակում աջակցել մշակույթին, արվեստին, ինքնությանը և հումորին, սահմանել հատուկ հարկային ռեժիմ։
ԿԸՀ ներկայացված ծրագիրը ընդհատվում է ուղերձներով։ Օրինակ․
ԼՈՌԻ՛,
Դու պարզապես մարզ չես։
Դու աշխատավոր հայի հպարտ ճակատն ես։
Դու Դեբեդի ձայնն ես,
դու հանքագործի ձեռք ես,
դու անտառի բույր ես,
դու վարպետի մուրճի հարվածն ես,
ու այն հայի տեսակն ես,
որ դժվարությունից չի փախչում,
այլ ատամ սեղմած պայքարում է։
ՏԱՎՈՒ՛Շ
Դու Հայաստանի կանաչ սիրտն ես։
Դու անտառի շունչն ես,
սահմանապահ զինվորի կամքն ես,
դու խաղողի այգին ես, մեղվի բույնն ես,
լեռների մեջ ապրող հպարտ հայն ես,
որ ամեն օր նայում է վտանգին աչքերի մեջ,
բայց չի լքում իր հողը։

Նախընտրական խոստումներն են՝
— Դավաճանության համար գնդակահարություն․
«Եթե մենք մեզ համարում ենք առաջինը քրիստոնեությունը ընդունած ազգ, որպես իրավագետ բացատրեմ՝ սա ոչ միայն բռնության կոչ չէ, այլև աստվածային իրավանորմ», — ասել է կուսակցության առաջին համարը։
— Ճամբարափոխության արգելք․
«Թույլ չենք տա մեր ցուցակով անցած թեկնածուներին ճամբար փոխել և առևտուր անել», — խոստացել է Բաղդասարյանը։