Համար 8, եթե շատ եք կարոտել Նախիջևանը
Հունիսի 7-ի ընտրություններին Ազգային-ժողովրդավարական բևեռն առաջարկում է բռնել ընտրողներին մեկնած իր ձեռքը և Make Armenia Great Again։
ԱԺԲ-ն «Սասնա ծռեր» խմբավորման քաղաքական իրավահաջորդն է, դատապարտյալ Վարուժան Ավետիսյանի պայքարի դաշնակիցը, Հայաստանի Առաջին Հանրապետության, Սևրի պայմանագրի, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հիմնական ժառանգորդը, սովետական օկուպացիայի թշնամին։ Կուսակցության կորիզը ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանն է, Աֆղանստանում սովետական զորքերի թարգմանիչ, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը, նախկին քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանը, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուքասզյանը և Վարուժան Ավետիսյանը, որը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդառության, ապօրինի զենք պահելու, զինամթերք հափշտակելու համար։
Ավետիսյանը հիմա բանտում է և չի կարող գլխավորել ընտրական ցուցակը։ Նրան ժամանակավոր փոխարինում է Գևորգ Կարապետյանը՝ երիտասարդ ֆինանսիստ և վարկային մասնագետ, որի արմատները ձգվում են մինչև «Արցախի և Սյունիքի մելիքական ազնվական տոհմեր»։ Կուսակցության նախընտրական հոլովակներից մեկում նշվում է, որ Կարապետյանի համար «պայքարը ընտրություն չէ, այլ տոհմական ժառանգություն»։
ԱԺԲ քարոզարշավի մեխը դրամահավաք թելեթոնն էր։ Կուսակցությունը, որպես հակառուսական ուժ, հենվում է արևմտյան սփյուռքի ազգային սենտիմենտների և ամերիկահայերի հանգանակությունների վրա։ Հայաստանցիների անտարբերությունը բացատրում են մեդիա-բլոկադայով, որը սահմանվել է իրենց նկատմամբ նախկին և ներկա ռեժիմներից սնուցվող ԶԼՄ-ների կողմից։
.jpg)
«Մենք ոչ թե փող չունենք, այլ մեզ փող տվող օլիգարխներ չունենք <․․․> Եթե հայ ժողովրդի համար չափանիշը փող ունենալն է, ուրեմն վայ-վայ հայ ժողովրդին <․․․> Փողի պաշտամունքն է, որ մեզ հասցրել է այս օրվան <․․․> Սարդարապատի հրաշքը կերտող ժողովուրդը չուներ փող, բայց ուներ կամք և գաղափար», — դրամահավաքին ընդառաջ ասել է ԱԺԲ վարչապետի նախորդ թեկնածու, բժիշկ Վահե Գասպարյանը։

Ազգային-ժողովրդավարական բևեռն «այն տեսակն է, որը թրծվել է դիմադրության մեջ և կոփվել հանուն Հայաստանի վաղվա օրվա»։ Կուսակցությունը մտադիր չէ հարմարվել նույնիսկ օբյեկտիվ հանգամանքներին։
Նախընտրական խոստումներն են՝ չսակարկել այն, ինչը սուրբ է, և չընդունել այն, ինչը պարտվողական է և նվաստացուցիչ։
Ծրագրային դրույթները՝
— հրաժարվել Հայաստանի երկրորդ (խորհրդային) հանրապետության իրավահաջորդությունից,
— որդեգրել Առաջին հանրապետության իրավահաջորդությունը,
— հիմնվելով Սևրի պայմանագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վրա՝ պահանջել Լեռնային Ղարաբաղի տարածքը, Արևմտյան Հայաստանի հատվածները և Նախիջևանը,
— ԱՄՆ-ի հետ ստեղծել անվտանգային նոր համակարգ,
— Հայաստանը դարձնել ազգ-բանակ, հայաստանցիներին՝ ազատագրական պայքարի մարտիկ-ֆիդայի։
.jpg)
ԱԺԲ-ի համար Արցախը Հայաստանի մարզ է, հանրապետության անքակտելի մաս։ Նրանք գալու են իշխանության, որ փորձեն դա կապել նյութական իրականության հետ։
«Արցախի նկատմամբ մենք ունենք տիտղոս։ Մեր հարավ-արևելյան սահմանները որոշվել են 1920 թվականի փետրվարի 24-ին Ազգերի լիգայի կողմից Փարիզի վեհաժողովում, որի զեկույցին կից ներկայացվել է քարտեզ, որում Արցախը եղել է Հայաստանի Հանրապետության մաս։ Այդ զեկույցը հիմք է դարձել Սևրի պայմանագրի համար։ Նախևառաջ, [գալու ենք իշխանության] և ճանաչելու ենք Առաջին հանրապետության իրավահաջորդությունը։ Մենք ոչ թե Սովետական Միության փլուզման արդյունքում նորաստեղծ պետություն ենք մեզ համարում, այլ Առաջին Հանրապետության իրավահաջորդը։ <․․․> Մենք մեր իրավունքները անպայման պահելու ենք որպես գաղափարախոսություն և արտաքին քաղաքական ուղղություն։ Եվ ստեղծելու ենք անվտանգային համակարգ Միացյալ Նահանգների հետ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակով։ Մեր լոբբիստական կազմակերպությունն աշխատում է այդ ուղղությամբ», — ասել է կուսակցության վարչապետի թեկնածու Գևորգ Կարապետյանը։
ԱԺԲ սփյուռքի թևը ներկայանում է իբրև հայկական լոբբի։ Տեղացի կուսակցականները լոբբինգով զբաղվում են հասարակագիտական կոնֆերանսներին։ Բևեռը շուտով նախատեսում է դիմել ամերիկյան Կոնգրեսին դաշնակցության առաջարկով։
«Ոչ, չենք մերժվի։ Մենք հաստատ ունենք դրա հնարավորությունը և հաստատ դա անելու ենք, եթե լինենք իշխանություն։ Եվ ստեղծելով այդպիսի անվտանգային համակարգ, մենք չենք հրաժարվելու մեր իրավունքներից։ Ունենալու ենք հնարավորություն ԱՄՆ-ի հետ սպառազինության համատեղ արտադրություն ստեղծելու, զինավարժություններ անելու։ Բայց եկեք նաև փաստենք, որ ցանկացած պետության հետ ցանկացած դաշնակցություն չի նախատեսում, որ ուրիշի զինվորները պետք է գան կռվեն մեզ համար։ Ուստի այս դաշինքին մենք պետք է զուգակցենք նաև Ազգ-բանակ համակարգային ծրագիրը, որը մեզ թույլ կտա ստեղծել ոչ թե սովետական կայսերական մոդելի բանակ, այլ ազգային բանակ։ Ամբողջ ազգաբնակչությունը պետք է իր կենսակերպով մասնակցի երկրի պաշտպանությանը», — բացատրել է կուսակցության առաջին համարը։
.jpg)
Արցախցիների իրավունքները իրացնելու նպատակով Բևեռը օգտագործելու է դիվանագիտական լծակներ, քանի որ, ինչպես ասում է Արա Պապյանը, «միջազգային իրավունքում մենք անհամեմատ ավելի հզոր դիրքեր ունենք, քան եթե գնանք բախումների»։ Իրավունքը ծնում է ուժ, և կան նախադեպեր։ Օրինակ՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում քննվում է Վենեսուելայի և Գայանայի տարածքային վեճը։
Ու քանի մենք ունենք Վուդրո Վիլսոն և Սևրի պայմանագիր, և ունեցել ենք Առաջին Հանրապետություն 1918 թվականից մինչև 1920 թվականը, ինչպես Արա Պապյանն է ասում՝ Արցախի տիտղոսը պատկանում է Հայաստանին և, ըստ Գևորգ Կարապետյանի, «Ադրբեջանը բացի Կովկասի բյուրոյի կուսակցական որոշման փաստաթղթից ուրիշ ոչինչ չունի» ներկայացնելու միջազգային հանրությանը։ Վերջինս հաշվի կառնի սա, և «միջազգային խաղաղապահ ուժերի անվնագության ներքո արցախցիները կվերադառնան հայրենք»։
Ադրբեջանն երևի թե չի ասի «չէ»։ Որովհետև Բևեռը «չի հրաժարվում մեր իրավունքներից և կհասնի հաջողության», մասնավորապես «դաշնակցելով Միացյալ Նահանգների, Հունաստանի, Հնդկաստանի և Իրանի հետ», քանի որ «պետությունները սառը մեխանիզմներ են, ոչ թե զգացմունքային» բաներ, հետևաբար հարաբերակցվում են սեփական շահերից ելնելով, իսկ տվյալ պարագայում «շահը մեկն է՝ հնդեվրոպական միջանցիկ, տարանցիկ, տնտեսական, ռազմավարական ուղղությունը, որի մաս է նաև Հայաստանը», մինչդեռ «Ադրբեջանը թյուրքական է և մեծթուրանական»։
.jpg)
Գևորգ Կարապետյանի՝ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից․
— Սևրի պայմանագիրը դեռ ուժի մե՞ջ է։
— Երևի նկատի ունեք Վիլսոնի իրավարար վճիռը, որը Սևրի պայմանագրի 89-րդ կետն է։
— Դեռ ուժի մե՞ջ է։
— Այո։
— Արևմտյան Հայաստանն էլ եք վերցնելո՞ւ։
— Դա մենք չենք անելու։
— Ամերիկան է տալո՞ւ։
— Շատ հնարավոր է։ Եթե ուսումնասիրեք միջազգային հարաբերությունները ներկա փուլում, կտեսնեք՝ Իսրայել-Թուրքիա ինչպիսի սրված վիճակ է։ Կանխատեսում ունենք, որ Արևմուտքը փորձում է ՆԱՏՕ-ն լուծարել, և զուգահեռաբար ստեղծել նոր ռազմական ալյանս, որի մեջ Թուրքիան չի լինելու։
— Բայց լինելու ենք մե՞նք։
— Ոչ։ Բևեռը կողմ է ԱՄՆ-ի հետ երկկողմ դաշնակցությանը։ Միայն ԱՄՆ-ն ունի ուժ դիմակայելու միաժամանակ և Թուրքիային, և Ադրբեջանին։
.jpg)
— Դուք ուզում եք Ղարաբաղը, ուզում եք Արևմտյան Հայաստանը՝ հիմնվելով․․․
— Ոչ թե ուզում ենք, այլ դա մեր իրավունքն է։
— Իսկ Ջավա՞խքը։
— Մենք Վրաստանի հետ գոյութենական պայքար չունենք։
— Ջավախքը մե՞րն է, թե՞ ոչ։
— Ըստ վիլսոնյան իրավարար վճռի՝ մերն է։ Բայց դա քննարկելի է։ Վրաստանի հետ մենք չունենք գոյութենական պայքար։
— Վիլսոնի ծրագրով Թուրքիայից ուզում եք, Ադրբեջանից ուզում եք, իսկ Վրաստանից չեք ուզո՞ւմ։ Ինչո՞ւ այդպիսի անարդարություն Վիլսոնի նկատմամբ։
— Դա անարդարություն չէ Վիլսոնի իրավարար վճռի նկատմամբ։ Նիդերլանդները մինչև այսօր իր սահմանադրության մեջ ամրագրած ունի, որ բրիտանական կղզիները պատկանում են իրեն, և դա որպես իրավունք պահպանում է, բայց այս պահին կոնֆլիկտ կա՞ Նիդերլանդների և Բրիտանիայի միջև։ Ճապոնիան իր կղզիներից մինչև հիմա չի հրաժարվել նույնիսկ ենթարկվելով կապիտուլյացիայի Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Ի վերջո, Արգենտինա և Բրիտանական կայսրություն․․․
— Այսինքն՝ մերն է, բայց դեռ չեք ուզո՞ւմ։
— Դա իրավունք է՛։ Իրավունքից հրաժարվելով մենք չենք կարող անվտանգություն ապահովել։ Խաղաղությունը մեզ նվեր չեն տալու։
— Իսկ Իրանից հողեր չեք ուզո՞ւմ։
— Դա իրավո՛ւնք է։ Իրավո՛ւնք։
— Իրանի հողերի նկատմամբ էլ իրավունք ունե՞նք։
— Եթե Վիլսոնի իրավարար վճիռը չոր վերցնենք՝ այն նախատեսում է նման բան, բայց Իրանից մենք այս պահին տարածքային որևէ պահանջ չունենք։ <․․․> Այս պահին մենք գոյութենական խնդիր ունենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Դուք ավելի լավ է հարց տվեք Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես է պատրաստվում Սյունիքը պաշտպանել։ Որովհետև առանց Նախիջևանի և Արցախի մենք վնասում ենք Սյունիքին և վտանգում Սյունիքի գոյությունն ընդհանրապես։
— Դուք, այսինքն, կվերցնեք Նախիջևանն ու Արցախը, որ․․․
— Անընդհատ զիջողական մրցավազքի մեջ գտնվելով՝ մենք հասնելու ենք մի կետի, որտեղ զիջելու ոչինչ չի լինելու և դա է հանդիսանալու կազուս բելլի․․․
— Ո՞նց եք հետ բերելու Նախիջևանը և Ղարաբաղը։
— Ստեղծելու ենք անվտանգային համակարգ։
— Ասում են՝ չենք տալիս ու վերջ։ Դիվանագիտական լծակներն օգտագործեցիք, հետո՞։ Չեն տալիս էտ մարդիկ։
— Հիմա դուք Ադրբեջանի դերն եք ստանձնե՞լ։
— Ադրբեջանի դերն եմ ստանձնել։ Ի՞նչ եք անելու։
— Ճնշելու ենք մինչև հասնենք մեր ուզածին։
— Չի ճնշվում, ի՞նչ եք անելու։
— Էն անեկտոդը հիշո՞ւմ եք, որ ասում է՝ հիմա դուք իմ կողմից եք, թե՞ արջի։
— Չեմ հիշում, ի՞նչ եք անելու։
— Ցանկացած հայ պետք է պատրաստ լինի իր իրավունքները պաշտպանելու։
— Ո՞նց։
— Ցանկացած միջոցով։ Նիկոլ Փաշինյանը մեկ ստորագրությամբ ավելի շատ տարածք հանձնեց, քան ռազմական ճանապարհով։
— Իսկ դուք ի՞նչ եք անելու։
— Հենց ազգային իշխանություն ձևավորվի Հայաստանում, ինքներդ կտեսնեք։