2026 թ. հունիս 22, երկուշաբթի

«Նոր էլիտան» հանուն ընդդիմափոխության և մոնոէթնիկության

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններում ձգտում է հասնել ընդդիմափոխության։ Կուսակցության վարչապետի թեկնածուն քաղաքագետ, թենիսի մարզիչ, տնտեսագետ և ալպինիստ, «Սրբազան շարժման» նախկին մասնակից Սուրեն Պետրոսյանն է։ Վերջին տարիներին նա «դիմակայում էր հայ ժողովրդի դեմ մղվող մենթալ պատերազմներին»՝ միաժամանակ քաղաքական փորձ կուտակելով Լաչինի շրջանի Աղավնո գյուղում, Տավուշի մարզի դելիմիտացված հատվածում, Երևանի Ազատության հրապարակում։ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի դեմ գաղտնալսումների մասին Պետրոսյանն իմացել էր նախքան դրանց հրապարակվելը։ Պայքարի նախկին ընկերները նրան մեղադրում էին «լրտեսության» մեջ։

suren petrosyan 5.jpg

Սուրեն Պետրոսյանը ուզում է Հայաստանում էլիտա ստեղծել։ Քանի որ հունիսի 7-ի ընտրությունները «ազգի և պետության առաջ ծառացած գլոբալ խնդիրների» մասին են, «Ժողովրդավարական համախմբումը» չի շեղում ընտրողներին տնտեսական և սոցիալական հարցերով, այլ խոսում է գեոպոլիտիկայից և նորագույն պատմությունից։

Օրինակ․ եթե պարզվի, որ Սյունիքով անցնող Թրամփի ուղու շուրջ «գերտերությունների միջև չկա վերջնական կոնսենսուս», կփորձեն «խաղացնել աշխարհաքաղաքական կենտրոններին», չեղարկել TRIPP-ը և բացառել միջանցքային տրամաբանությունը։ Իսկ եթե պարզվի, որ կոնսենսուս կա, կձգտեն «միջանցքի մասնակից դարձնել բոլոր շահագրգիռ կողմերին»՝ ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև մյուս գերտերություններին։ 

Պետրոսյանը խոստանում է հատուկ ուշադրություն դարձնել նաև Հայաստանի մոնոէթնիկության պահպանմանը՝ «վերահսկելով անհասկանալի էթնիկ խմբերի, հիմնականում հնդիկի անվան տակ եկած պակիստանցիների մուտքը Հայաստան»:

Հեռանկարային ծրագրերից է հայկական ընդերքի աստիճանական ազգայնացումը (եթե երկիրը դառնում է պոչամբար, գոնե դարձնողը մենք լինենք)։

suren petrosyan 6.jpg

«Ժողովրդավարական համախմբումը» միակ ուժն է, որը բացառում է համագործակցությունը ընտրություններին մասնակցող մնացած բոլոր կուսակցությունների հետ։

Նրանք պատրաստ չեն դաշնակցել նախկին կամ ներկա իշխանությունների, նրանց ածանցյալ ուժերի, հակառուսական կամ հակաարևմտյան քաղաքական միավորների հետ։ Ըստ Պետրոսյանի՝ իրենցից բացի ոչ ոք չի համապատասխանում այս նախապայմաններին։

Պետրոսյանի կուսակցությունը ձգտում է ընդդիմափոխության, որից հետո միայն հնարավոր կլինի իշխանափոխությունը։ Սա երկարաժամկետ պրոյեկտ է․ ընտրություններին մասնակցելով փորձելու են թրծվել քաղաքականության մեջ։

«Մենք չենք ասել, որ գալիս ենք իշխանության։ Մենք չենք ասել, որ հավակնում ենք 51 տոկոսի։ Մենք մեր չակերտավոր փոքրությունը չենք փորձել թաքցնել մեծ խոսքերի կամ մեծ քայլերի մեջ։ Այս պահին մեր խնդիրը պարլամենտում լինելն է», — ասել է կուսակցության ղեկավարը։

suren petrosyan 4.jpg

Նախընտրական ցուցակում ընդգրկված են․

— իրավաբան, ԵՊՀ-ում ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, որը «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համահիմնադիր Տիգրան Ուրիխանյանի «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախկին անդամ է,
— գնդապետ Արթուր Կումելովը, որը հեռացվել է ռադիոէլեկտրոնային զորքերի պետի պաշտոնից 2021-ին՝ Փաշինյանի կառավարության դեմ բարձրաստիճան զինվորականների ընդվզումից հետո,
— շախմատիստ Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն, որը 2015 թվականին մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը զբաղեցրել է տասերորդ հորիզոնականը։

Ֆինանսական հաշվետվություններ կուսակցությունը չի ներկայացնում, չնայած ունի գրասենյակներ, նախընտրական շտաբեր, գումար է ծախսում դահլիճային հանդիպումների և փողոցային քարոզարշավի վրա։ Պաշտոնական վարկածի համաձայն, «Ժողովրդավարական համախմբումն» ինքնաֆինանսավորվում է Սուրեն Պետրոսյանի ֆրանսիական և ռուսական բիզնեսների, նրա ընկերների հանգանակությունների, համակիրների բնամթերքի հաշվին։

suren petrosyan 1.jpg

Հայաստանում, ինչպես բնորոշում է Պետրոսյանը, «փոխհամաձայնեցված խմբիշխանություն» է․ գործող ընդդիմությունը վերարտադրում է գործող իշխանությանը, որը վերարտադրում է ընդդիմությանը։ 2018-ի իշխանափոխությունը նա համարում է Գունավոր հեղափոխություն՝ ոչ թե որովհետև արտաքին վեկտոր է փոխվել, այլ որովհետև համակարգը վերարտադրվել է առանց «կանոնների, մշակույթի, կոնյուկտուրայի, էլիտայի սոցիալական հենքի փոփոխության»։

«2018-ին իշխանության հանձնումը ընդամենը միջոց էր՝ շարունակելու այն [արտաքին] գիծը, որը Հայաստանը վարում էր, միաժամանակ անձնական պատասխանատվություն չվերցնելով։ <․․․> Հայաստանը ընդունել է թյուրքական պետությունների դոմինանտությունը։ <․․․> Դրա ինստիտուցիոնալ հիմքը դրվել է 2004-ից <․․․>։ Նույն ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ համազգեստի վրայից Մասիս սարը հանվեց, Ծիծեռնակաբերդի լույսերն անջատվեցին, որովհետև գալու էր Աբդուլահ Գյուլը։ <...> 2013 թվականին մեկ գիշերվա մեջ որոշեցին, որ մենք գնում ենք ԵԱՏՄ։ <...> ԵվրԱզԵսի պետությունները 2009 թվականից սկսել էին իրենց օրենսդրությունների համապատասխանեցումը։ <․․․> Իսկ մեզ մոտ, պահելով այդ հանրային կերպարը, իբր մենք պրոռուսական ենք, խորքային գործընթացը, անգամ փաստաթղթային, միշտ եղել է դեպի արևելյան գործընկերություն, որտեղ հինգ էր պակաս ԵՄ-ի հետ համապարփակ համաձայնագրի ստորագրումից։ Քանի որ Ռուսաստանը աղերս չունի փափուկ ուժի հետ, նրանք սպասում են, որ վերահսկողությունից դուրս գան, վերջին պահին մի հատ ապտակ են տալիս, որ վերադարձնեն գծերի մեջ։ Հենց այդպես էլ եղավ [Հայաստանի պարագայում]։ 2014-ի սահմանային բախումները, 2016-ի քառօրյա պատերազմը ևս դրա հետևանք էին։

<․․․> Սերժ Սարգսյանն ասաց, որ երրորդ ժամկետ չի գնա։ Համոզված եմ, որ նա չի էլ ուզեցել։ Իրավիճակն է պարտադրել։ 2016-ին քառօրյա պատերազմը կանգնեցվեց․ նույնիսկ իրենք են խոստովանել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի խնդիրն ավելի արագ հանգուցալուծել։ Այդ ժամանակ բեմականացվեց ՊՊԾ գնդի գրավումը (մասնակիցները այդ մասին կարող էին անգամ չիմանալ)։ <...> Համոզված եմ, որ սա կազմակերպել են բացառապես նրա համար, որ Ռուսաստանին ցույց տան՝ եթե ուզենանք գնալ զիջումների, սկսենք հանձնման պրոցեսը, տեսեք՝ արդեն տեռորիստական ակտեր են, կարող ենք դա չմարսել։ Եթե ուշադրություն դարձնեք, ՊՊԾ-ից անմիջապես հետո որպես դեսանտ Հայաստանի վարչապետ իջեցվեց Կարեն Կարապետյանը Ռուսաստանից, թեպետ այդ ժամանակ պլանավորվում էր, որ Սերժ Սարգսյանին պետք է փոխարինելու գա Վիգեն Սարգսյանը։ Կար չգրված օրենք, որ նախագահ դառնալու համար պետք է ՊՆ-ով անցնել։ Բոլորը գիտեին, որ Վիգեն Սարգսյանը ծայրահեղ հակառուսական և պրոարևմտյան թևի ներկայացուցիչ էր։ Պատրաստվում էին նախագահի պաշտոնը թողնել նրան։ Դրա համար էր Սարգսյանը ասում, որ երրորդ ժամկետ չի գնա։ Բայց ՊՊԾ գնդից հետո Կարեն Կարապետյանը դեսանտ իջեցվեց որպես ռուսական կողմի վարչապետի թեկնածու։ Սարգսյանը դա չէր կարող թույլ տալ։ Եվ ստիպված էր ընտրել ոսկե միջինը՝ ոչ Վիգեն Սարգսյան, ոչ Կարեն Կարապետյան, ես կգնամ երրորդ ժամկետ։ Պարզ է, որ դրսից ճնշումները շարունակվեցին, հնարավոր չէր անվերջ հետաձգել, և ահա հայտնվեց ընդդիմությունը, որին Սերժը ձևավորել էր մոտ տասը տարի՝ Նիկոլ Փաշինյանը», — CTRL Z-ի հետ հարցազրույցում վերլուծում էր կուսակցության ղեկավարը։

suren petrosyan 7.jpg

Պետրոսյանը սիրում է կատարյալ պատճառահետևանքային կապեր։ Բոլորը ինչ-որ մեկի մարդն են կամ բեմականացման զոհ, նախագծի դերակատար և խամաճիկ։ Նրա քաղաքական հայտնությունն էլ է ուղեկցվել դավադրապաշտպական բացատրություններով։

Սուրեն Պետրոսյանը սկսել է Հանրապետական կուսակցության երիտթևից, բայց երկար այնտեղ չի մնացել։ 2014-2016 թվականներին աշխատել է Տրանսպորտի և կապի նախարարությունում։ Մոտ ութ տարի դասախոսել է Կառավարման ակադեմիայում, որտեղից հեռացվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից հետո։ 2021 թվականին բացել է սեփական կուսակցությունը։

2022-ին մանկահասակ երեխաների հետ միասին գնացել է Աղավնո գյուղ, որը, ըստ զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի, պետք է հանձնվեր Ադրբեջանին։ Փորձել է համակարգել Աղավնոյի ինքնապաշտպանությունը։ Ձախողումից հետո մեղադրել է խորհրդարանական ընդդիմության դաշնակցական թևին, որը «գործ անելու փոխարեն զբաղված էր կոչերով»։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իր առաջին հայտը ներկայացրել է դրանից մեկ տարի հետո՝ Երևանի ավագանու 2023-ի ընտրություններին։ Պետրոսյանն այն ժամանակ խոստանում էր «ինքնության հեղափոխություն» անել, բայց չուներ ծրագիր։ Խոսում էին հիմնականում հայապահպանության և ազգային անվտանգության մասին։ Նրան աջակցում էին Արթուր Բրազըրսը՝ 2000-ականներին Քենիայում թմրավաճառքի և հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող հայտնի հայ գործարարներ Արտակ Սարգսյանը և Արթուր Սարգսյանը։ Հունիսի 7-ի ընտրություններին նրանք մասնակցելու են առանձին՝ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությամբ:

Երևանի ընտրություններում Պետրոսյանի կուսակցությունը հավաքել է մեկ տոկոս և ավագանի չի անցել։

Սուրեն Պետրոսյանը շատ թե քիչ հայտնի է դարձել 2024-ին՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շնորհիվ, որը հետագայում դարձավ «Սրբազան պայքար»։ Դելիմիտացիայի դեմ բողոքի ցույցերը հենց նա է նախաձեռնել սահմանամերձ Ոսկեպար և Կիրանց գյուղերում։ Ոսկեպարցիները, ըստ Պետրոսյանի, ամենասկզբից ասել են, որ դաշնակների տեսնել չեն ուզում։ Նա փորձել է խորհրդարանական ընդդիմությանը հեռու պահել շարժումից և ապավինել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի օգնությանը։ Բայց Գալստանյանը նախընտրել է միավորվել Դաշնակցության հետ։ Պետրոսյանը առժամանակ ենթարկվել է՝ տեղի եկեղեցականի և դաշնակների հետ միասին շարժումը տեղափոխելով Երևան։

Արդեն Երևանում՝ «Սրբազան շարժման» մասնակիցների և ոստիկանների միջև բախումներից առաջ նա ուղղակի անհետացել է։ Հայտարարվում էր, թե նրան առևանգել են և տարել ԱԱԾ։ Պետրոսյանը հիմա ավելի շուտ հերքում է, քան հաստատում դա՝ առևանգումն այդքան էլ առևանգում չէր, ԱԱԾ-ն կարող է ԱԱԾ չէր, ու պարզ չէ, թե ի վերջո ովքեր են նրան անհետացրել։

Դեպքը տեղի է ունեցել 2024-ին հունիսի 12-ին։ Դրանից մի քանի օր անց Պետրոսյանը հարցազրույց է տվել և հայտարարել, թե Բաղրամյան պողոտայից իրեն սև մեքենայով տարել էին Հրազդանի ուղղությամբ, ինչ-որ ձայնագրություններ էին ցույց տվել շարժման անդամների մասնակցությամբ, զրուցել էին քաղաքականությունից։

Հետագայում, երբ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և նրա թիմակիցների նկատմամբ քրեական գործ հարուցեցին ահաբեկչության և պետական հեղաշրջում նախապատրաստելու հոդվածներով, Քննչական կոմիտեն գաղտնալսումներ հրապարակեց։ Սուրեն Պետրոսյանն հայտարարեց, թե չի կարող միանշանակ գնահատական տալ արքեպիսկոպոսի կալանավորմանը, քանի որ չի վստահում ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ իր նախկին թիմակիցներին։

Ընդդիմադիր մամուլում գրում էին, թե նա ներդրված է եղել սրբազան շարժման մեջ ԱԱԾ-ի կողմից, ենթադրություններ էին տարածվում, թե հենց ինքն է կազմակերպել գաղտնալսումը։ Պետրոսյանը հերքում էր․ «Իրենց նպատակը մեկն էր՝ որ արդեն մարող շարժումից ոչ մեկ դուրս չգար մաքուր»։ Նա պնդում է, որ շատ բան կարող է պատմել Սրբազան շարժման և իր նախկին պայքարի ընկերների մասին, որոնք «խորքային համագործակցության մեջ են եղել ՔՊ-ի հետ», բայց կնախընտրի առժամանակ լռել։

ppara.jpg

Նրա կուսակցությունը մեծ ծրագիր ունի գրած՝ էլ սեփականաշնորհման պատմության, էլ վաուչերային քաղաքականության, էլ նախկին-ներկա բաժանման, հիմնականում ազգային ինքնության, հայկական պետության և պահպանողականության մասին։

Ծրագիրն ընտրողներին առաջարկում է կենսունակության երկու կետ․

1) Ազգային անվտանգության ընդլայնված օրակարգ
Հայ լինելը պետք է լինի անվտանգ (լինել հայ պետք է նշանակի լինել պաշտպանված)։

2) Հայկական կապիտալ
Հայ լինելը պետք է լինի շահավետ (լինել հայ կնշանակի լինել ապահովված)։