Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում երեկոյան բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև, ոստիկանությունը 10-ից ավել լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան վիրավորներ։
Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում երեկոյան բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև, ոստիկանությունը 10-ից ավել լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան վիրավորներ։
Ընդդիմությունը` արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ, արդեն երեք օր է գիշերում է Բաղրամյան պողոտայում։ Դեմիրճյան փողոցը արգելափակված է ոստիկանների կողմից։
տե՛ս Ա՛ջ, ա՛ջ, ա՛ջ․ տերտերը հանրահավաքով մտավ Երևան
Խորհրդարանում երեկոյան Կառավարության հետ հարցուպատասխան էր։ Մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրսում հավաքվածներին հորդորվել էր շրջափակել շենքը, որպեսզի Կառավարության ղեկավարը նիստի ավարտին չկարողանան լքել այն։
Անհանգիստ էր նաև ներսում. Փաշինյանը խոսում էր ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, մեղադրում էր ընդդիմությանը արցախյան հարցն ու արցախցիներին օգտագործելու մեջ։ Մի քանի անգամ նիստն ընդհատվեց ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև վիճաբանության պատճառով։
Դրսում հավաքվածները խումբ-խումբ կանգնած էին Սիրահարների այգում, հարակից մայթերին, Ակադեմիայի նստարաններին։ Բաղրամյան պողոտայի վրա տեղադրված բեմի մոտ և այգու՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկ տանող դարպասների հատվածում համեմատաբար խիտ զանգված էր։ Մինչև 19։20 մթնոլորտը հանգիստ էր, բեմից մոտ 10 մետր շառավիղից դուրս՝ նաև պասիվ։ Բախման որևէ վտանգ այդ պահին չկար։
Իրավիճակը սրվեց, երբ արքեպիսկոպոսը հայտարարեց՝ դրսում գտնվող խորհրդարանականները վերադառնում են նիստերի դահլիճ։ Չնայած Դեմիրճյանը փակ էր՝ դաշնակացական, ՀՀԿ-ական պատգամավորները և նրանց խմբակիցները նախընտրեցին գնալ հենց ոստիկանական պատնեշի միջով։ Բագրատ Գալստանյանը առանձին դիմեց դաշնակ Գառնիկ Դանիելյանին․ «Գառնի՛կ, դու էլ գնա, գնա՛»։
Նրանց հետևից շարժվեցին նաև ցուցարարները։ Ոստիկանական պատնեշի մոտ մեծ կուտակում գոյացավ։ Ամեն ինչ սկսվեց բանավեճից։ Հետո սկսեցին կամաց հրել։ Ընթացքում ցուցարարների շարքերը մաղվեցին, կանայք հիմնականում հեռացան։
Ինչ-որ պահից սկսվեց իսկսկան հրմշտոցը։ Ցուցարարները՝ մի քանի շարք, հրում էին դեպի առաջ, ոստիկանները՝ մի քանի շարք, հետ էին բրդում։ Արանքում գտնվողները սեղմնված էին մնացել։ Առաջին շարքերում կանգնած ոստիկանները մահակների ծայրերով հրում էին առաջին շարքերում կանգնած ցուցարարներին։ Հայհոյանքները երկուստեք էին, երքուստեք նաև շշեր և քարեր էին նետվում։
Մոտ 5-10 րոպե հետո ոստիկանական պատնեշի մոտակայքում իրավիճակը հանդարտվեց և թեժացավ արդեն այգու դարպաստների մոտ։ Այնտեղ անկանոն ծեծկռտուք էր։ Ոստիկանների խմբերը վազում էին դեպի խորք, հրամանատարներից մեկի կոչը՝ «հե՛տ վերադարձեք», լսելի էր լավագույն դեպքում միայն նրա շուրջ գտնվողներին։
Այգու խորքում իրավիճակն արդեն անկառավարելի էր։ Խառը ծեծկռտուքներ և սիտուացիան լիցքաթափելու անկանոն փորձեր և՛ ցուցարարների, և՛ ոստիկանների կողմից։
Ոստիկաններից մի քանիսը գոռում էին «Հանգստացե՛ք», փոխգնդապետ ոստիկանը գոռում էր․ «Ով խփի՝ սատկացրեք»։
Ոստիկանների մեծ մասը ի վերջո դուրս եկան այգուց։ Հենց դուրս եկան, դարպասի հատվածում սկսվեցին լուսաձայնային նռնակների պայթյունները։
Միանգամից մի քանի պայթյուն, կարճ դադար, նոր պայթյուններ՝ արդեն փողոցի մարդաշատ հատվածում։
Epress.am-ին հանդիպած վիրավորները հիմնականում թեթև բեկորային վնասվածքներ ունեին՝ ոստքերի, որովայնի հատվածում։ Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում երևում է՝ ցուցարարը փորձում է վերցնել գետնին ընկած նռնակը, որը պայթում է հենց նրա ձեռքում։
Նռնակները պլաստիկ պատյանով էին՝ РГК-60 СЗ: Բեկորայն վնասվածքների դեպքում պլատիկ բեկորը մարմնի մեջ չէր մխրճվում։
Ցուցարարների զգալի մասը՝ նրանք, ովքեր մինչ այդ էլ շատ պասիվ էին (հիմնականում նստած էին մայթեզրերին, Ակադեմիայի մոտակայքում և հարակից տարածքներում) պայթյուններից հետո էլ էին մնացել նույն տեղում։ Իրարանցում նրանց շրջանում չկար նույնիսկ պայթյունների ժամանակ։
Պայթյունները մի քանի րոպե հետո հանդարտվեցին, իրավիճակը հետզհետե լիցքաթափվեց։ Բաղրամյան էին գալիս շտապօգնության մեքենաներ։
Բագրատ Գալստանյանը վերադարձավ բեմ և շարունակեց ելույթը։ Ազգային ժողովի նիստը պայթյուններից հետո ընդհատվեց և դադարեց։
Չնայած ցուցարարները փորձել էին շրջափակել շենքը՝ Փաշինյանի ելքը թույլ չտալու համար, նիստի ավարտից հետո նա լքեց տարածքը կառավարական մեքենաներով։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մինչ այդ հայտարարեց, որ ոստիկանների գործողություններն իրավաչափ է համարում, լուսաձայնային նռնակները կիրառվել են «արդարացիորեն»՝ այն բանից հետո, երբ Գալստանյանը, Սիմոնյանի գնահատականով, ուղղորդել է մարդկանց գրոհել ոստիկաներին: Ցուցարարները մինչ այդ հայտարարում էին, որ իրենց շարքերում սադրիչներ կան, որոնք շշեր էին նետում ոստիկանների ուղղությամբ։
Տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու հոդվածով։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, բուժօգնության է դիմել 30 անձ, նրանք հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ ունեն։
Ոստիկանությունից հաղորդվել է 6 տուժած ոստիկանի մասին։
21:00 դրությամբ 86 բերման ենթարկված կա: