Հրապարակում հրավիրված ընդդիմադիր միտինգին մարդկանց թիվն այսօր ավելի քիչ էր, քան մայիսի 9-ին։ Եկածներն էլ հուսախաբված տեսք ունեին, ասում էին՝ էներգիան այն չէ, և շարժումը դեռ կոնկրետ արդյունքներ չի տվել։
տե՛ս Ա՛ջ, ա՛ջ, ա՛ջ․ տերտերը հանրահավաքով մտավ Երևան
Որոշները դժգոհեցին, որ ճիշտ պահը բաց է թողնվել․ «Ներուժը չօգտագործվեց»։ Հուսահատները կարծում էին, որ «սրբազանը պիտի գնար ռադիկալ քայլերի»։
— Ի՞նչ եք պատկերացնում ռադիկալ ասելով։
— Դուք ինձնից լավ գիտեք՝ ռադիկալը որն է։
Դոն Պիպոյի թիմակիցները չբացառեցին, որ արմատական քայլերի դեպքում կարող էին լինել ընդհարումներ։ Չբացառեցին նաև քաղաքացիական պատերազմը։
— Հնարավոր է, և պատրաստ ենք։ Գարեգին Նժդեհն էլ է շատ հայի արյուն թափել։ Մեր ազգը աստծուց հեռացել է։ Այսօր Ռուսաստանի հայերը ավելի ազգասեր են, քան Հայաստանում ապրող մարդիկ։
Հրապարակում շատ էին Ղարաբաղից տեղահանվածները, նրանք հիմնականում չէին ուզում նկարահանվել։ Ասում էին, որ ուզում են գնան տուն՝ Արցախ, և միայն այդ հույսով են գալիս։ Շատերը, այդ թվում նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ասում էին՝ հրապարակ են եկել, որպեսզի լինեն «ժողովրդի կողքին»։
Հանրահավաքի ժամանակ հանդիպեցինք նաև Մաշտոցի պուրակի ակտիվիստ Ապրես Զոհրաբյանին, ով ուսումնասիրում է հինդուիզմը։ Նա կրոնավորի մուտքը քաղաքականություն տարօրինակ չի համարում։
— Քաղաքական դաշտին պակասում է հոգևորը։ Քաղաքական միջազգային համակարգը ճգնաժամի մեջ է, դրա մասին են վկայում պատերազմները, երկրների սուվերեն տարածքներ ներխուժումները։ Եվ կրոնը մտնում է քաղաքականություն՝ Եվրոպայում և այլուր։ Օրինակ, Հնդկաստանում իշխող քաղաքական ուժին հաջողվել է ամուսնացնել ազգայնականությունը կրոնական մոտեցումների հետ։ Սա համաշխարհային միտում է, որից Հայաստանը չի կարող դուրս մնալ։
Կրոնի մուտքը քաղաքականություն ոչ ոք վտանգավոր չէր համարում։ Ոմանք մտածում էին, որ վտանգները սպառնում են միայն մուսուլման երկրներին։ Որոշները հիացած էին Իրանի իսլամական հեղափոխությամբ։ Կային մարդիկ, որ եկել էին նայելու։
— Սիրում եմ, որ իրար տան, ես էլ նայեմ։ Այլ բան չեմ էլ սպասում։ Դեմիրճյանից էս կողմ լավ ղեկավար չի եղել։ 10 կոպեկով 6 հատ պերաժկի էինք ուտում Աբովյանի վրա։ Ուր մտնում էինք՝ քյաբաբ էին տալիս, հիմա մտնում ես՝ կոֆե-մոֆե։ Մտնում էինք Արմենիա հյուրանոց։ Հիմա ես կարա՞մ մտնեմ Մարիոտ։ Ստեղ սաղ ղարաբաղցի են, դու իրանց խոսացրու։ Ղարաբաղցիները տեսել են Արշակունյացի վրայի նորակառույցները, իրենք էլ են տուն ուզում։ Թե չէ սահմանը կապ չունի, մի մետր էս յան, մի մետր էն յան։ Նիկոլը Քաջ Նազարի բախտին էր՝ նստեց վագրի վրա, չի կարում քշի։ Ես իրան ճանաչում եմ, բայց ես քծնող տղա չեմ։ Հիմա որ ինքը անցնի, դու կկանգնե՞ս, որ բարևես։ Ես չեմ կանգնի։ Հայերը չեն կարա ոչ մի բան անել։ Ֆրանսիայում հեն ա թոշակների համար երկիրը պաժառ տվին։
Նախքան միտինգի մեկնարկելը երիտասարդները քայլերթ էին արել Մատենադարանից։ Ավանգարդում ուրարակիր Թովմաս Առաքելյանը, դիզայներ Արամ Նիկոլյանն ու դաշնակցության երիտթևի ակտիվիստներն էին։
Վուվուզելներն և թմբուկները հիշեցնում էին 2018 թվականի ցույցերը։
Միտինգի սկզբում հնչեց օրհներգը։ Խմբակային աղոթք եղավ։ Բեմում քաղգործիչներ այս անգամ համարյա չկային՝ ուսանողներ էին, նախկին դիվանագետներ, ազգագրական երգիչներ, աստղեր։
Ելույթ ունեցավ տավուշցի դաշնակ, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Դանիելյանը շնորհակալություն հայտնեց ազգային փոքրամասնություններին՝ եզդի, ասորի, հույն, ռուս, որ ներկա են հանրահավաքին։ Ազգային փոքրամասնություններին հետագայում մի երկու անգամ շնորհակալություն հայտնեց նաև շարժումն առաջնորդող արքեպիսկոպոսը։
Ահավասիկ շնորհակալությունները ներողություններ էին։ Երկու օր առաջ Հանրապետության հրապարակի միևնույն բեմից ելույթ էր ունեցել շարժմանը միացած Անաիս Սարդարյանը, որը աբովյանցի դերասանուհի է։ Նախորդ ամիսներին նա ուղիղ հեռարձակմամբ օգնություն էր բաժանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց։ Դրանով էլ հայտնի է։
Կրքոտ ելույթի ժամանակ դերասանուհին, դիմելով հրապարակում հավաքվածներին, հարցրել էր․ «Ո՞վ է համաձայն, որ գնան, ովքեր հայեր չեն, և մնանք հայերով էս երկրում»։ Ցուցարարները մեխանիկորեն պատասխանել էին․ «Այո՜»։ Դերասանուհին ամփոփել էր․ «Այդքան բան»։
Սարդարյանի հայրենասիրությունը սոցիալական ցանցերում գնահատվել էր որպես ֆաշիզմ։
«Այսօր մեր առջև խնդիր է դրված՝ լինել Արևմտյան Ադրբեջան, թե՞ Հայաստան։ Մենք ընտրում ենք Հայաստանը», – ասում էր դաշնակցական Դանիելյանը՝ ողջունելով բոլորին, այդ թվում «քաղբանտարկյալներին»։
Արևմտյան Ադրբեջան եզրույթը շրջանառության մեջ է դրվել Ալիևի և նրա արբանյակ կազմակերպությունների կողմից 2020 թվականի պատերազմից հետո։ Դրան պարբերաբար հղվում են ադրբեջանական պրոպագանդիստական ալիքները, երբեմն՝ հայաստանյան ընդդիմությունը։
տե՛ս Հակապատերազմական նախաձեռնությունների հնարավորություններին առանձնապես չեմ հավատում
«Տավուշցիների անունից՝ իմ խոնարհումը, իմ շնորհակալությունը։ Ամբողջ Տավուշը հպարտ է։ Կիրանց, Ոսկեպար և Բաղանիս գյուղերի բնակիչների անունից՝ իմ խոնրահրումը և շնորհակալությունը ձեզ, ձեր ցավը տանեմ, ապրեք, որ դուք կաք, հպարտանում եմ ձեզանով», – ասում էր պատգամավոր Դանիելյանը։
Չնայած նա խոսում էր ամբողջ Տավուշի անունից՝ քիչ հետո նույն մարզի արքեպիսկոպոս Գալստանյանը գանգատվում էր, որ միասնականություն համայնքներում չկա․ «Առավել ահավորն այն է, որ այդ սահմանապահ ժողովուրդը ենթարկվեց ներքին պառակտման <․․․> Նրանք ապրում էին միության և միասնականության մեջ։ Հիմա ի՞նչ է դարձել։ Մի մասը մյուսին կոչում է հողատու, մի մասն էլ մյուսին կոչում է թալանչի կոռուպցիոներ»։
«Սրբազանի» առաջնորդած շարժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում։ Ինֆոառիթը Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատումն է, որի շուրջ Երևանն ու Բաքուն առաջին անգամ պայմանավորվածության են եկել։ Կա կարծիք, որ սա հնարավոր տարբերակներից ամենաբալասավորվածն է։ Կա նաև կարծիք, որ սա միակողմանի զիջում է։
տե՛ս Ի՞նչ է լինելու սահմանազատումից հետո
Ադրբեջանի նախագահը այս օրերին փորձում է դիվիդեդներ քաղել՝ սահմանազատումը ներկայացնելով որպես սեփական հաղթանակ։ Հայաստանի ընդդիմությունը մոբիլիզացիա է ապահովում՝ երկրորդելով նրան։
Առանցքային հարցերից խոսելու գործն այսօր պատվիրակվել էր նախկին դիվանագետների կորպուսին: Նրանք փաստաթուղթ էին մշակել, որը ընթերցում էին հանրահավաքին։ Հիմնական ասելիքները՝
— Սահմանազատման այս գործընթացը պետք է կասեցվի
— Սա անօրինական գործընթաց է՝ ուժի սպառնալիքի ներքո, և կապիտուլյացիայի շարունակություն
— Լավագույն ապացույցը Ալիևի ասածներն են
— Անվտանգության որևէ երաշխիք չկա
— Սահմանազատման համար իրավական հիմք պետք է լինի համատեղ ընդունված մեթոդաբանությունը, որը հիմնվում է իրավական ուժ ունեցող ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա
— Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջև սահմանների որոշման վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու օրինական գործընթաց՝ 1928-1929 և 1984-1987 թվականներին
— Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային որևէ նկարագիր, կցված չեն քարտեզներ
— Պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ՝ մինչև ամբողջական սահմանագծման գործընթացի ավարտը
— Իսկ այդ գործընթացի համար անհրաժեշտ է միջպետական համաձայնություն, որը պետք է վավերացվի խորհրդարանների կողմից
— Եվ եթե պարզվի, որ Հայաստանի որևէ տարածք պետք է անցնի Ադրբեջանին, հարցը պետք է դրվի նաև հանրաքվեի։
Մի խոսքով՝ վերադարձ 90-ականների փուլային-փաթեթային խաղին, որի արդյունքները հետհայաց հայտնի են բոլորին, թեև տարբեր կերպ են մեկնաբանվում, և հերթական հայանպաստ փաթեթը, որի իրագործելիությունը հիմնավորվում է դիվանագիտական հրաշքով։
ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը շարունակեց՝ ներկան ապագայի հետ կապված հույսեր չի ներշնչում, Ադրբեջանը շարունակելու է նորանոր պահանջներ առաջ քաշել, հրահրելու է տեղային նոր սադրանքներ և այլն։ Մտքերը ամփոփվեցին այսպես․ «Ներկա պայմաններում պատերազմ կարող է սկսվել միայն իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում»։ Հանդիսատեսը ծափահարեց։
«30+ տարվա փորձ ունեցող դիվանագետները», ըստ նրա, ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլեր են մշակել։ Դրանք են՝
— բանակցություններ
— սթափ գնահատել իրավիճակը
— ձերբազատվել բանավոր պայմանավորվածություններից
— նորից բանակցություններ
Ոչինչ չասող ձևակերպումների շարքում առանձնանում էին երկուսը․
— իրականացնել արտաքին քաղաքական ընթացիկ օրակարգի սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը ․․․ կամ հակաարևմտականությունը
— բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը և դիրքավորումները
Հայրենիքի փրկության շարժման օրերին էլ առաջարկվում էր միավորվել «Ռուսաստանի և Չինաստանի» հետ՝ ընդդեմ Թուրքիայի և մյուսների։
Դիվանագետների ծրագրային տեքստից հետո ցուցարարներին առաջարկվեց տեսանյութ նայել՝ մոնտաժված կադրեր Նիկոլ Փաշինյանի տարբեր տարիների ելույթներից։ Տեսանյութը կոչված էր ապացուցելու, որ Հայաստանի վարչապետը ստախոս է։
Բագրատ սրբազանը վերադարձավ բարձրախոսի մոտ․ «Ես իմ կյանքը մի աղոթքով, մի սաղմոսով եմ միշտ սկսել՝ տերն է իմ լույսը և իմ կյանքը, ես ումի՞ց եմ դողալու, տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ վախենալու։ <․․․> Այսօր ես դուրս եմ եկել պայքարի, որովհետև մենք ապրում ենք գողացված ուրախության և անպատվության ժամանակներում, երբ կորսված է մեր հայրենիքի չքնաղ, խտացված ազատությամբ լեցուն հատվածը՝ իմ և ձեր բոլորի սիրելի Արցախ աշխարհը, երբ բոլոր ուղղություններով վտանգված են մեր հայրենիքի սահմանները <․․․> Այս պայմաններում եմ ես արձագանքել իմ տիրոջ հորդորին, երբ հարցնում էր, թե՝ ո՞ւմ ուղարկեմ այս ժողովրդի մոտ։ Եվ ես արձագանքել եմ մարգարեի խոսքով՝ ահավասիկ ես, ո՜վ տեր, ուղարկիր ինձ։ Վստահ եմ, որ դուք ևս այդ ձայնը լսել եք և ասել եք՝ ահավասիկ ես, ո՜վ տեր, ուղարկի՜ր ինձ»,։
Նա շարադրեց իշխանափոխությունից հետո գալիք անցումային կառավարության անելիքները։ Կրկնվեցին բեմում կանգնած դիվանագետների առաջարկները, խոսվեց բարձրագույն կրթություն ունեցող խելացի մարդկանց մասին, որոնք պետք է համալրեն նոր իշխանությունը, խոսվեց ընտանեկան և հոգևոր արժեքների մասին, երկար խոսվեց սփյուռքի մասին, խոսվեց Ադրբեջանում պահվող գերիների, Հայաստանում բանտարկված «պրոֆեսիոնալների», գնաճի, ակադեմիական քաղաքի, ծնելիության, էկոնոմիկայի, բնապահպանության, Հայաստանի պահուստների, կրթության, պսակադրության, եկեղեցու, քաղաքական հաշտության և մնացած ամեն ինչի մասին։
Վերջում հայտարարվեց, որը վաղը առավոտյան 8-ին ամբողջ քաղաքը պարալիզացվելու է, արվելու են գործադուլներ, դասադուլներ, դրանք լինելու են մասսայական։