Կան տարբեր տեսակի ուժեր՝ օգտագործված և չօգտագործված, ճանաչված կամ ուրիշ: Էրոտիկը ռեսուրս է մեզնից յուրաքանչյուրի ներսում, որը գտնվում է խորապես կանացի և հոգևոր հարթությունում՝ ամուր արմատավորված մեր չարտահայտված կամ չճանաչված ուժի մեջ: Ինքն իրեն հավերժացնելու համար ցանկացած ճնշում պետք է այլասերի կամ խեղաթյուրի ճնշվածների մշակույթի մեջ ուժի այն աղբյուրները, որոնք կարող են էներգիա ապահովել փոփոխությունների համար: Կանանց դեպքում սա նշանակում էր զսպել էրոտիկը՝ որպես ուժի և տեղեկատվության աղբյուր մեր կյանքում:
Մեզ սովորեցրել են կասկածել այս ռեսուրսին, որն արատավորված, չարաշահված և արժեզրկված է արևմտյան հասարակության մեջ: Մի կողմից, մակերեսային էրոտիկը խրախուսվել է որպես կանացի թերարժեքության նշան, մյուս կողմից՝ դրա գոյության պատճառով կանայք ստիպված են եղել տառապել և անցնել թե՛ արհամարանքի, թե՛ կասկածանքի միջով:
Այստեղից կարճ քայլ է դեպի կեղծ համոզմունք, որ մեր կյանքում և գիտակցության մեջ էրոտիկի զսպմամբ միայն կանայք կարող են իսկապես ուժեղ լինել: Բայց այդ ուժը պատրանքային է, քանի որ այն ձևավորվել է իշխանության տղամարդկային մոդելների կոնտեքստում:
Որպես կին՝ մենք սկսել ենք չվստահել այդ ուժին, որը բխում է մեր ամենախորը և ոչ ռացիոնալ գիտելիքից: Ամբողջ կյանքում մեզ դրա դեմ է տրամադրել արական աշխարհը, որը բավարար արժևորում է զգացմունքի այս խորությունը՝ կանանց հնարավորինս մոտ պահելու և տղամարդկանց ծառայեցնելու համար, բայց չափազանց վախենում է այդ խորությունից, որպեսզի ուսումնասիրի դրա հնարավորությունները իր ներսում: Այսպիսով, կանայք պահվում են հեռու/ստորադաս դիրքում, որ ֆիզիկապես կթվեն՝ ճիշտ այնպես, ինչպես մրջյունները, որոնք աֆիդների գաղութներ են պահում՝ իրենց տերերին նրանց կենսատու նյութերը մատակարարելու համար:
Բայց էրոտիկը լիցքավորող և սադրիչ ուժի աղբյուր է առաջարկում կնոջը, որը չի վախենում դրա բացահայտումից և չի ենթարկվում այն համոզմունքին, որ զգացությունը բավական է:
Հաճախ էրոտիկին սխալ անուն են տվել տղամարդիկ, և այն օգտագործվել է կանանց դեմ։ Այն վերածվել է շփոթված, չնչին, փսիխոտիկ, պլաստիկացված զգացողության: Մենք հաճախ ենք երես թեքել էրոտիկի ուսումնասիրությունից, որպես ուժի և տեղեկատվության աղբյուր դիտարկելուց՝ շփոթելով այն իր հակառակի՝ պոռնոգրաֆիայի հետ: Բայց պոռնոգրաֆիան ուղղակի ժխտումն է էրոտիկի ուժի, քանի որ այն ճշմարիտ զգացմունքների ճնշումն է: Պոռնոգրաֆիան ընդգծում է զգացողությունը առանց զգացմունքի:
Էրոտիկը մի չափում է մեր եսը զգալու աղբյուրների և մեր ամենահզոր զգացմունքների քաոսի միջև: Դա բավարարվածության ներքին զգացողություն է, որին մենք կարող ենք ձգտել, քանի որ արդեն փորձառել ենք։ Զգացմունքի այս խորության ամբողջականությունը զգալու և դրա ուժը ճանաչելու համար, պատվով և ինքնահարգանքով մենք կարող ենք ոչ պակաս պահանջել ինքներս մեզնից:
Երբեք հեշտ չէ մեզնից, մեր կյանքից, մեր աշխատանքից պահանջել առավելագույնը: Խրախուսել գերազանցությունը նշանակում է անցնել մեր հասարակության խրախուսվող միջակությունից անդին: Բայց զգալու վախին տրվելը և մինչև վերջ աշխատելը շքեղություն է, որը միայն ակաման կարող է իրեն թույլ տալ, իսկ ակաման նրանք են, ովքեր չեն ցանկանում ուղղորդել իրենց իսկ ճակատագիրը:
Գերազանցության այս ներքին պահանջը, որը մենք սովորում ենք էրոտիկից, չպետք է անճշտորեն մեկնաբանվի որպես անհնարինի պահանջ մեզնից կամ ուրիշներից: Նման պահանջը հընթացս անգործունակ է դարձնում բոլորին։ Էրոտիկը միայն այն չէ, ինչ մենք անում ենք, այլ այն, թե որքան սուր և լիարժեք կարող ենք զգալ անելում: Երբ իմանանք՝ որքանով ենք ընդունակ ապրել բավարարվածության և ավարտվածության զգացումը, կարող ենք տեսնել, թե մեր կյանքի տարբեր ձգտումներից որոնք են մեզ ավելի մոտեցնում այդ լիարժեքությանը:
Մեր արած ամեն ինչի նպատակը մեր և մեր երեխաների կյանքն ավելի հարուստ և հնարավոր դարձնելն է: Երբ մենք տոնում ենք էրոտիկը մեր բոլոր ձգտումներում, մեր աշխատանքը դառնում է գիտակցված որոշում՝ բաղձալի անկողին, ուր ես մտնում եմ երախտագիտությամբ և որտեղից վեր եմ կենում զորացած:
Իհարկե, այդքան զորացած կանայք վտանգավոր են: Մեզ սովորեցնում են առանձնացնել էրոտիկ պահանջը մեր կյանքի ամենակենսական ոլորտներից՝ բացառությամբ սեքսի։ Եվ մեր գործից ստացած բավարարվածության և էրոտիկ արմատի նկատմամբ հոգածության պակասը ամենաշատը զգացվում է նրանում, թե որքան դժգոհ ենք մենք մեր արածների այդքան մեծ մասից։ Օրինակ, որքա՞ն հաճախ ենք մենք իսկապես սիրում մեր աշխատանքը՝ նույնիսկ ամենադժվարին։
Հիմնական արհավիրքը ցանկացած համակարգի, որ լավը սահմանում է շահույթով, այլ ոչ թե մարդկային կարիքով, կամ որը սահմանում է մարդու կարիքը՝ բացառելով այդ կարիքի հոգեկան և էմոցիոնալ բաղադրիչները, այդպիսի համակարգի սկզբունքային արհավիրքը այն է, որ այն զրկում է մեր աշխատանքը իր էրոտիկ արժեքից, էրոտիկ ուժից, կյանքի գրավչությունից ու կատարելությունից: Նման համակարգը աշխատանքը վերածում է անհրաժեշտության անհեթեթության, պարտականություն, որով մենք հաց կամ մոռացություն ենք վաստակում մեր և նրանց համար, ում սիրում ենք: Սա հավասարազոր է նրան, որ կուրացնես նկարչուհուն, իսկ հետո ասես, որ բարելավի իր աշխատանքը և վայելի նկարելը: Դա համարյա անհնարին է և խորապես դաժան։
Որպես կանայք, մենք պետք է ուսումնասիրենք այն ճանապարհները, որոնցով մեր աշխարհը կարող է իսկապես ուրիշ լինել: Ես այստեղ խոսում եմ մեր կյանքի և աշխատանքի բոլոր ասպեկտների, դրանց որակի վերագնահատման անհրաժեշտության և այն մասին, թե ինչպես ենք մենք շարժվում դեպի դրանք և դրանց միջով:
Էրոտիկ բառը ծագում է հունարեն էրոս բառից՝ Քաոսից ծնված և ստեղծագործական ուժն ու ներդաշնակությունը մարմնավորող սիրո անձնավորում իր բոլոր ասպեկտներում։ Երբ ես խոսում եմ էրոտիկի մասին, ես խոսում եմ դրա մասին որպես կնոջ կյանքի ուժի հաստատում՝ որպես ստեղծագործ էներգիայի զորացում, որի գիտելիքն ու կիրառությունը մենք վերականգնում ենք մեր լեզվում, մեր պատմության մեջ, մեր պարում, սիրո մեջ, աշխատանքում, կյանքում:
Հաճախակի փորձեր են արվում նույնացնել պոռնոգրաֆիան և էրոտիզմը՝ սեքսուալի երկու տրամագծորեն հակառակ կիրառումները: Այս փորձերի պատճառով մոդայիկ է դարձել հոգևորը (հոգեկանը և զգացմունքայինը) տարանջատել քաղաքականից, դրանք տեսնել որպես հակադիր կամ հակասող։ «Ի՞նչ է նշանակում՝ պոետիկ-հեղափոխական, մեդիտացիա անող զինավաճա՞ռ»։ Նույն կերպ մենք փորձել ենք տարանջատել հոգևորն ու էրոտիկը՝ հոգևորը իջեցնելով տափակացված աֆեկտի աշխարհի, ասկետի աշխարհի, որը ձգտում է ոչինչ չզգալ: Ոչինչն ավելի հեռու է ճշմարտությունից։ Որովհետև ասկետիկ դիրքը ամենաբարձր վախերից մեկն է, ամենածանր անշարժությունը: Ասկետի խիստ ժուժկալությունը դառնում է իշխող մոլուցք։ Եվ դա ոչ թե ինքնակարգապահության, այլ ինքնաբացարկի մոլուցք է:
Կեղծ է նաև հոգևորի և քաղաքականի միջև երկատվածությունը, որը արդյունքն է էրոտիկ գիտելիքի նկատմամբ ոչ լիարժեք ուշադրության։ Նրանց կապող կամուրջը ձևավորվում է էրոտիկի կողմից – զգայականի – ֆիզիկական, հուզական և հոգեկան արտահայտություններով նրա, ինչն ամենախորն է, ուժեղն ու հարուստը մեզնից յուրաքանչյուրի մեջ, ինչը մենք կիսում ենք՝ սիրո կրքերը, դրա ամենախորը իմաստներով:
Մակերեսից այն կողմ՝ «Իմ զգալով ճիշտ է» արտահայտությունը գիտակցում է էրոտիկի ուժը ճշմարիտ իմացության մեջ՝ որպես հզոր լույս, որ առաջնորդում է մեզ դեպի ցանկացած հասկացողություն: Հասկացողությունը աղախին է, որը կարող է միայն սպասարկել կամ զուտ պարզաբանել այդ խորքից ծնված գիտելիքը: Էրոտիկը մեր ամենախոր գիտելիքների դաստիարակն ու դայակն է։
Էրոտիկն ինձ համար գործում է մի քանի ձևերով։ Առաջինը՝ այն ուժի միջոցով, որ առաջանում է մեկ այլ մարդու հետ որևէ ձգտմամբ խորապես կիսվելուց։ Ուրախությամբ կիսվելը՝ ֆիզիկապես, էմոցիոնալ, հոգեպես կամ մտավոր, կամրջում է կիսվողներին․ այդ կապը կարող է հիմք դառնալ՝ հասկանալու այն, ինչ չի կիսվել, և նվազեցնելու վտանգը, որ գալիս է տարբերություններից։
Մեկ այլ կարևոր ձև՝ ուրախանալու իմ կարողության բաց և անվախ ընդգծումն է: Ինչպես իմ մարմինն է ձգվում դեպի երաժշտություն և բացվում ի պատասխան՝ լսելով դրա ռիթմերը, նույն կերպ իմ զգացողության բոլոր մակարդակները բացվում են էրոտիկ բավարարվածություն բերող փորձի համար՝ պարել, գրապահարան կառուցել, բանաստեղծություն գրել, ուսումնասիրել։
Կիսված կապը-ինքդ-քո-հետ ուրախության այն չափանիշն է, որ գիտեմ՝ կարող եմ զգալ, և հիշեցում զգալու իմ կարողության մասին: Ուրախանալու կարողության խորը և անփոխարինելի ճանաչումը պահանջ է դնում իմ ողջ կյանքի առջև, որ այն ապրվի՝ իմանալով, որ բավարարվածությունը հնարավո՛ր է, և պարտադիր չէ այն անվանել ամուսնություն կամ աստված, կամ հանդերձյալ կյանք: Սա պատճառներից ընդամենը մեկն է, թե ինչու են էրոտիկից այդքան վախենում, ինչու է այն մտցվում ննջասենյակ, երբ առհասարակ ճանաչվում է: Երբ սկսում ենք խորապես զգալ մեր կյանքի բոլոր ասպեկտները, սկսում ենք պահանջել մեզնից և մեր կյանքի ձգտումներից, որ դրանք ապրվեն այն ուրախությամբ, որ գիտենք՝ ընդունակ ենք զգալ: Մեր էրոտիկ գիտելիքը մեզ ուժ է տալիս, դառնում ոսպնյակ, որի միջոցով մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք մեր գոյությունը՝ ստիպելով մեզ ազնվորեն գնահատել դրա բոլոր ասպեկտները, մեր կյանքում դրանց հարաբերական նշանակությունը: Եվ սա լուրջ պատասխանատվություն է, որը արտացոլվում է մեզանից յուրաքանչյուրի ներսից՝ չհարմարվե՛լ հեշտի, անորակի, պայմանականորեն սպասվածի և ո՛չ էլ զուտ ապահովի հետ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մենք պլաստիկ տուփով սպիտակ, անգույն մարգարին էինք առնում՝ դեղին գունանյութի փոքրիկ գնդիկով, որը կպած էր, տոպազի պես, տոպրակի մաքուր թաղանթին։ Մի քիչ սպասում էինք, որ մարգարինը փափկի, հետո սեղմում էինք փոքրիկ գնդիկը, որպեսզի այն պայթի տոպրակի ներսում՝ արտանետելով խիտ դեղնությունը մարգարինի փափուկ, գունատ զանգվածի մեջ: Հետո այն նրբորեն հունցում էինք մատներով՝ ետ ու առաջ, նորից ու նորից, մինչև գույնը տարածվեր մարգարինի մեկֆունտանոց տոպրակով մեկ՝ մանրակրկիտ ներկելով այն: Էրոտիկը ես տեսնում եմ որպես այսպիսի միջուկ իմ ներսում: Երբ այն ազատվում է իր ինտենսիվ և կաշկանդված գնդիկից, այն դուրս է հոսում և գունավորում իմ կյանքը էներգիայով, որը բարձրացնում և զգայունացնում և ուժեղացնում է իմ ամբողջ փորձը:
Մեզ սովորեցրել են վախենալ մեր մեջի «այո»-ից, մեր ամենախորը փափագներից: Երբ մենք ճանաչում են դրանք, այն ցանկությունները, որոնք չեն լավացնում մեր ապագան, կորցնում են իրենց ուժը և կարող են փոխվել: Վախը մեր ցանկություններից դրանց կասկածելի և անխտիր ուժեղ է պահում, որովհետև ճնշել ճշմարտությունը նշանակում է տալ դրան ուժ, որը վեր է տոկունությունից։ Վախը, որ մենք չենք կարող հաղթահարել այն աղավաղումները, որ կարող ենք գտնել մեր ներսում, մեզ հլու, հավատարիմ և հնազանդ, դրսից սահմանված է պահում և ստիպում ընդունել մեր, որպես կանանց, ճնշվածության ձևերը։
Երբ ապրում ենք մեզնից դուրս, նկատի ունեմ՝ միայն արտաքին հրահանգներով, ոչ թե ներքին գիտելիքներով ու կարիքներով, երբ ապրում ենք մեր ներսի էրոտիկ ուղեցույցներից հեռու, մեր կյանքը սահմանափակվում է արտաքին և օտար կաղապարներով, և մենք համակերպվում ենք ստրուկտուրայի կարիքներին, որը հիմնված չէ մարդկային, էլ ուր մնաց՝ անհատական կարիքի վրա։ Երբ մենք սկսում ենք ապրել ներսից դուրս՝ պահելով կապը ներքին էրոտիկ ուժի հետ և թույլ տալով, որ այդ ուժը կրթի և լուսավորի մեր գործողությունները, մենք պատասխանատու ենք դառնում ինքներս մեր առջև՝ ամենախորը իմաստով։ Հենց մենք սկսում ենք ճանաչել մեր զգացմունքները, մենք հրաժարվում ենք բավարարվել տառապանքով և ինքնամերժմամբ, և այն թմրածությամբ, որը մեր հասարակությունում շատ հաճախ միակ այլընտրանքն է թվում։ Մեր գործողություններն ընդդեմ այդ ճնշման մեր «ես»-ի մասն են դառնում, դրանք բխում և հզորանում են ներսից։
Պահպանելով կապը էրոտիկի հետ, ես դժկամությամբ եմ ընդունում անզորությունը կամ լինելու տրված վիճակները, որոնք իմը չեն՝ հնազանդեցումը, հուսահատությունը, ինքնաոչնչացումը, ընկճախտը, ինքնաժխտումը։
Այո՝ հիերարխիա կա։ Կա տարբերություն բակի ցանկապատը ներկելու և բանաստեղծություն գրելու միջև՝ միայն քանակական։ Բայց ինձ համար չկա տարբերություն լավ պոեմ գրելու և դեպի արևի լույսը շրժվելու միջև՝ սիրածս կնոջ մարմնին հպվելու համար։
Հասնում եմ էրոտիկի շուրջ իմ վերջին մտորմանը: Միմյանց զգացմունքների ուժը կիսելը նույնը չէ, ինչ օգտագործել ուրիշի զգացմունքները՝ ինչպես օգտագործում ենք Քլինեքսը։ Երբ մենք շրջվում ենք մեր փորձից՝ էրոտիկ կամ այլ, մենք օգտագործում ենք, ոչ թե կիսում զգացմունքները նրանց, ովքեր մեզ հետ մասնակցել են այդ փորձին։ Առանց օգտագործվողների համաձայնության օգտագործումը չարաշահում է: Մեր էրոտիկ զգացմունքները օգտագործելու համար նախ դրանք պետք է ճանաչել։ Խորը զգացմունքներով կիսվելու կարիքը մարդկային կարիք է: Եվրո-ամերիկյան ավանդույթում այս կարիքը բավարարվում է արգելված էրոտիկ մերձեցումներով։ Այս պահերը գրեթե միշտ բնութագրվում են միաժամանակ թեքված հայացքով, դրանք այլ կերպ ենք անվանվում՝ լինի կրոն, նոպա, ամբոխի բռնություն կամ նույնիսկ բժիշկ-բժիշկ խաղալ։ Կարիքի և արարքի այս ապակոչումը աղավաղում է առաջացնում, որը տանում է դեպի պոռնոգրաֆիա և անառակություն՝ զգացմունքների չարաշահում։
Երբ մենք երես ենք թեքում էրոտիկի կարևորությունից մեր ուժի զարգացման ու սնուցման մեջ և շրջվում ինքներս մեզնից այն պահին, երբ բավարարում ենք մեր էրոտիկ կարիքները ուրիշների հետ միասին, մենք օգտագործում ենք միմյանց ավելի շուտ որպես բավարարման օբյեկտ, ոչ թե կիսում մեր ուրախությունը բավարարվածության մեջ, ոչ թե հպվում մեր նմանություններին և տարբերություններին: Հրաժարումը՝ գիտակցել այն, ինչ մենք զգում ենք յուրաքանչյուր պահի, նույնիսկ եթե դա հարմարավետ է թվում՝ նշանակում է մերժել փորձի մի մեծ մասը և թույլ տալ, որ մեզ վերածեն պոռնոգրաֆիկի, չարաշահվածի, անհեթեթի:
Էրոտիկը չի կարելի զգալ միջնորդավորված։ Որպես Սև լեսբի ֆեմինիստ, ես յուրահատուկ զգացողություն, գիտելիք և ըմբռնում ունեմ այն քույրերի համար, որոնց հետ պարել եմ, խաղացել կամ նույնիսկ կռվել: Այս խորը ներգրավվածությունը նախագուշակ է եղել համատեղ համաձայնեցված այն գործողությունների համար, որոնք հնարավոր չէին նախկինում։
Բայց այս էրոտիկ լիցքը հեշտությամբ չի փոխանակվում այն կանանց միջև, որոնք շարունակում են գործել բացառապես եվրո-ամերիկյան տղամարդկային ավանդույթի մեջ: Ես գիտեմ, որ այն հասանելի չէր նաև ինձ, երբ փորձում էի իմ գիտակցությունը հարմարեցնել ապրելու և զգալու այս եղանակին:
Միայն հիմա եմ ես գտնում շատ ու շատ կին-նույնականացող կանանց, որոնք այնքան քաջ են, որ համարձակվում են կիսվել էրոտիկի էլեկտրական լիցքով՝ առանց հայացքը թեքելու, առանց աղավաղելու կիսվելու ահռելի, հզոր և ստեղծագործ բնույթը: Մեր կյանքում էրոտիկի ուժը ճանաչելը էներգիա է տալիս՝ աշխարհում իրական փոփոխությունների ձգտելու, ոչ թե միևնույն հոգնեցուցիչ դրամայում կերպարների փոփոխությամբ բավարարվելու համար: Որովհետև մենք ոչ միայն հպվում ենք մեր ստեղծագործ աղբյուրներին, այլև անում ենք մի բան, որը կանացի է և ինքնահաստատող՝ դեմ առ դեմ ռասիստական, պատրիարխալ և հակաէրոտիկ հասարակությանը։
Օդրի Լորդ
Տեքստը ընթերցվել է Բերքշիրի կոնֆերանսի ժամանակ (1978), հրատարակվել է «Sister Outsider․ Essays and Speeches» ժողովածուում (1984)
թարգմանել է Մարուսյա Սեփխանյանը