Մարտի 8-ին ադրբեջանական ֆեմինիստական շարժումը Բաքվի կենտրոնում բողոքի ակցիա է կազմակերպել «չենք կարող լռել» կարգախոսով։ Մասնակիցները ահազանգում էին, որ երկրում կանանց նկատմամբ բռնության մասին բողոքները անհրաժեշտ կերպով չեն քննվում, ոստիկանները իրենց դիմողներին խորհուրդ են տալիս հաշտվել ամուսնու հետ և վերադառնալ ընտանիք։ Ադրբեջանում 2021 թվականին ընտանիքում բռնության հետ կապված հանցագործությունները աճել են 19%-ով։
«2021-ին և 2022-ի առաջին երկու ամսվա ընթացքում մեզ ցնցել են կանանց դաժանաբար սպանելու, անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների և վաղ ամուսնությունների մասին լուրերը։ Այդ դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել իշխանության անգործության պատճառով, որը պետք է պաշտպանի մեր իրավունքները», – ասել է մասնակիցներից մեկը։
— şəxs əvəzliyi (@shexsevezliyi) March 8, 2022
Շարժումը պահանջում է, որ իշխանությունները արդյունավետ միջոցներ ձեռնարկեն կանանց նկատմամբ բռնությունները և սպանությունները կանխարգելելու համար, օրինական և արդար կերպով հետաքննեն կանանց նկատմամբ կատարված հանցագործությունները, ընդունեն Ստամբուլյան կոնվենցիան, ապահովեն իրավահավասարություն՝ անկախ գենդերային և սեռական կողմնորոշումից և վերացնեն ալգելքները կանանց միավորման և պայքարի համար։ Նրանց պահանջների ամբողջական տեքստը հրապարակել է Meydan TV-ն։
«Ոչ մի ուժ չի կարող խոչընդոտել մեր արտահայտվելու և համախմբվելու ազատությանը։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը մինչև հայրիշխանության ոչնչացումը», – հայտարարել են ցուցարարները։
Բողոքի ակցիա կազմակերպվել էր նաև նախորդ տարի՝ մեծ ճնշումների ենթարկվելով ոստիկանության կողմից։ Առնվազն 20 հոգի բերման էր ենթարկվել մինչև երթի սկիզբը։ Այս տարի ուժայինները սահմանափակվեցին մի քանի պաստառ պատռելով և ԼԳԲՏ+ դրոշը խլելով։