Home / Բանակ / Պատերազմը չի ավարտվում․ վերջին օրերի ամփոփումը

Պատերազմը չի ավարտվում․ վերջին օրերի ամփոփումը

Արդեն 13 օր է՝ Ուկրաինան հաղորդում է ռուսական զորքերի կողմից ռմբակոծված քաղաքների, հրետանակոծված բնակելի թաղամասերի, սպանված խաղաղ բնակիչների մասին։ Արդեն երկրորդ անգամ հումանիտար հրադադար է հայտարարվում։ Մի շարք քաղաքներից ուկրաինական զորքերը փորձում են տարհանել բնակչությանը․ նախորդ փորձը փաստացի տապալվեց։ Երկրով մեկ ռազմական գործողությունները շարունակվում են։

Պատերազմի քարտեզը

Մարտի 8-ին ռուսական ուժերը կրկին հրթիռակոծել և հրետանակոծել են Կիևից դեպի հյուսիս գտնվող Չեռնիգով քաղաքի բնակելի թաղամասերը: Զոհերի թիվը ճշտվում է։ 

Հրետակոծության է ենթարկվել նաև երկրի հարավում գտնվող Նիկոլաևը և Խարկովը՝ մեծությամբ երկրորդ քաղաքը, որը պատերազմի ընթացքում վերածվել է հսկայական ավերակի։

Ուկրաինայի շրջանների մեծ մասում (Կիրովոգրադ, Վոլին, Ռիվնե, Վիննիցա, Տերնոպոլ, Լվով, Իվանո-Ֆրանկովսկ, Օդեսա, Դնեպրոպետրովսկ, Անդրկարպատյան) գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: 

Կիևի մարզում ռազմագործողությունները, սակայն, շարունակվում են։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ, Իրպենում, որտեղից այժմ փորձում են տարհանել բնակչությանը, մարտեր են ընթանում (ավելի վաղ պաշտոնական Կիևը հաղորդել էր, որ ծանր մարտերից հետո ռուսական զորքերին հաջողվել է գրավել Իրպենը և Կիև-Ժիտոմիր մայրուղին՝ Ստոյանկա և Բուզովայա բնակավայրերի մոտակայքում)։

Ռուսական զորքերը գնդակոծում են Մակարովը՝ Գոստոմելի շրջան։ Վասիլկովը, Բելայա Ցերկովը, Գոստոմելը, Ուզինը պարբերաբար ենթարկվում են օդային հարձակման։ 

Սրա ֆոնին՝ մարզը կրկին պատրաստվում է տարհանման։


Իրպեն, Reuters

Տարհանում

Մարտի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան 10։00-ից, Ռուսաստանի ՊՆ-ն «լռության ռեժիմ» է հայտարարել․ մարդկանց տարհանելու համար հումանիտար միջանցքներ կբացվեն։ Իրպենից և Սումից բնակչության տարհանումն արդեն սկսվել է, հայտնում է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ 

Տարհանման նախորդ փորձը մարտի 5-ին մասամբ տապալվեց․ պաշտոնական Կիևը և Մոսկվան բանակցությունների երկրորդ փուլում ձեռբերված պայմանավորվածության խախտման մեջ մեղադրում էին միմյանց։ 

Իրպենում, որը գտնվում է մայրաքաղաքից 24 կմ հեռավորության վրա, հումանիտար միջանցք էր բացվել․ Суспильне հեռուստաընկերության տվյալներով, երկու ժամվա ընթացքում քաղաքը լքել է գրեթե երկու հազար մարդ։ Ուկրաինական կողմը մինչ այդ հաղորդում էր, որ Իրպենի բնակիչները 3 օր շարունակ մնացել էին առանց ջրի, սննդի և էլեկտրաէներգիայի։ Մարտի 5-ին՝ տարհանման ընթացքում, ռուսական զորքերը ականանետով հարվածել և ավիրել էին քաղաքի կամուրջը, որով անցնում էր էվակուացման միակ ճանապարհը։ Քաղաքապետի փոխանցմամբ, զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։

Նույն օրը ռուսական զորքերը, Իրպենի քաղաքապետի փոխանցմամբ, հարվածել են դեպի քաղաք տանող երկաթուղու գծերին։ Էվակուացիոն երկու գնացքներ հանվել են գծից։

Հրադադարի ռեժիմը խախտվել էր նաև Մարիուպոլում․ քաղաքային խորհուրդը հայտնում էր, որ տարհանման օրը ռուսական կողմը գնդակոծել է նավահանգստային քաղաքն և նրա շրջակայքը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանման փոխհամաձայնեցված ժամը փոխվում էր։ Քաղաքից նախատեսվում էր դուրս բերել շուրջ 200 հազար բնակիչ։

Մարտի 8-ին՝

Խերսոնում ուժեղ պայթյուններ են լսվել։ Հետևանքները ուսումնասիրվում են։ Ռուսական զորքերը Խերսոն էին մտել դեռ մարտի 1-ին։ Մինչ այժմ քաղաքը գտնվում է նրանց վերահսկողության տակ՝ շրջափակման մեջ: Ռուսական զորքերի կողմից օկուպացված քաղաքի բնակիչները պարբերաբար դուրս են գալիս բողոքի ցույցերի՝ ուկրաինական դրոշներով։

Մարտի 6-ին ռուսական վերահսկողության տակ գտնվող Նովայա Կախովկա քաղաքում (Խերսոնից մոտ 90 կմ հեռավորության վրա), Ուկրաինայի քաղաքացիները շրջանի օկուպացիայի դեմ խաղաղ ցույց էին կազմակերել։ Ուկրաինայի դատախազության տվյալներով ցուցարարների նկատմամբ զենք է կիրառվել․ 1 մարդ մահացել է, ևս 7-ը վիրավորվել են։

Ժիտոմիրի շրջանում մարտի 7-ի ուշ երեկոյան օդային հարձակման են ենթարկվել նավթի երկու բազաներն և արդյունաբերական գոտին։ 

—Ռուսական ուժերը պատրաստվում են հարձակման Զապորոժիեի ուղղությամբ, գրում է Hromadske լրատվականը՝ վկայակոչելով մարզային ադմինիստացիաների հաղորդագրերը․ ռուսական զորքերն այստեղ վերախմբավորվում են: 

—Հարավ-արևելքում ռուսամետ անջատականների ռազմական ուժերը հասել են Զապարոժիեի շրջանի սահմանին՝ վերահսկողություն հաստատելով Ազով, Ռոզովկա և Միրնոյե բնակավայրերի նկատմամբ, հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախագահը։ 

Պոլոգը, Վասիլևը, Տոկմակը, Մելիտուպոլը, Բերդյանսկը և Էներգոդարը մնում են օկուպացված։  

Խմելնիցկի շրջանում, ըստ տեղական իշխանությունների, գիշերը օդային հարձակման ահազանգ է հնչել։ Ռուսները կրակել են Ստարոկոնստանտինովի ուղղությամբ։ 

Չեռնիգովի մարզում մարտեր են ընթանում։

— Օդային հարձակման են ենթարկվել Սումսկի քաղաքի բնակելի թաղամասերը։ Կա ավելի քան 20 զոհ և վիրավոր, այդ թվում՝ երեխաներ։ Զոհերի թիվը ճշտվում է։

Ախտիրկայում բնակելի թաղամասեր և մթերային խանութներ են ռմբակոծվել։ Քաղաքն արդեն չորրորդ օրն է՝ մնացել է առանց ջերմամատակարարման։ 


Խարկով, Reuters

—Լուգանսկի շրջանում գնդակոծության են ենթարկվել Պոպասնայան, Ռուբեժնոյեն և Սեվերոդոնեցկը։ Կա առնվազն 2 զոհ, 3 վիրավոր։ Չկա գազամատակարարում, էլեկտրականությունն ու ջուրը մատակարարվում է մասամբ։ 

—Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքին կից Մանգուշ ավանը անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Վոլնովախան արդեն հողին է հավասարեցվել։ Մարյինի շրջանում առավոտյան մարտեր են սկսվել։ 

Նիկոլաևում, ըստ տեղական իշխանությունների, մարտի 8-ին ռուսական զորքը դուրս է մղվել քաղաքից։ Նախորդ օրը Ուկրաինայի ԱՒՊԾ-ն հաղորդել էր, ռուսական ուժերը մտել են Նիկոլաևի օդանավակայանի տարածք, Նիկոլաևը հրթիռակոծվել է սմերչներից։ Հայտնի է հրթիռակոծման հետևանքով առաջացած 5 հրդեհների և առնվազն 1 զոհի մասին։ 

—Նախորդ օրերին անդադար ռմբակոծություններից հետո՝ գիշերը Խարկովում համեմատաբար հանգիստ է անցել։ 

— Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը ռուսական ավիացիան հարվածել է Սումիին` այդ թվում բնակելի թաղամասերին: Մահացել է 9 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: 

Մարտի 7-ին Նովոուկրաինսկոյե, Ստարոմայորսկոյե, Ստարոմլինովկու, Մայորովո և Րեմովկու բնակավայրերը անցել են ռուսական կողմի վերահսկողության ներքո, հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ 

— Օդեսայի շրջանը նույն օրը հարվածի է ենթարկվել ծովից՝ Օդեսա քաղաքից 75 կմ հեռավորության վրա գտնվող Տուզլի բնակավայրի մոտակայքում։ Այս մասին հայտնել է  Օդեսայի ռազմական վարչության օպերատիվ շտաբի խոսնակ Սերգեյ Բրատչուկը։

— Վինիցայում մարտի 6-ին ութ հրթիռային հարվածներից հետո ամբողջովին ոչնչացվել է օդանավակայանը։ Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Օդային հարվածի արդյունքում մահացել է մեկ մարդ, երեքին հաջողվել է փրկել։ Hromadske-ի տվյալներով` հրթիռները բաց են թողնվել Սև ծովում տեղակայված նավերից։

Մարիուպոլը արդեն քանի օր է՝ շրջափակման մեջ է։ 

— Ռուսական զորքերը մինչ այդ շարունակել են հարձակումը, մասնավորապես Կիևի արևմուտքում և հյուսիսում, Զապորոժիեի հարավում և Դոնեցկի արևմուտքում։ 


Իրպեն, Getty Images

Մարդկային կորուստեր

Զոհերի թիվը հստակ հայտնի չէ։ 

ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայում փետրվարի 24-ից մարտի 7-ը ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 406 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 27 երեխաներ։ Առնվազն 801 հոգի, այդ թվում 42 երեխա, վիրավոր է։

Ուկրաինայի ԱԻՆ-ը մարտի 2-ին հաղորդել էր, որ ներխուժման հետևանքով առնվազն 2000 խաղաղ բնակիչ է զոհվել, կա 1684 վիրավոր։ Մարտի 2-ից ի վեր ուկրաինական կողմը ամփոփ տվյալներ չի հաղորդել․ պետական տարբեր գերատեսչություններ ամեն օր հայտնում են տասնյակ նոր զոհերի մասին․․․

Ռուսական կողմը (առաջին և դեռևս վերջին անգամ) մարտի 2-ին հաղորդել է 498 զինծառայողի մահվան և 1597-ի վիրավորման մասին։ 

ՄԱԿ-ի հաղորդմամբ՝ պատերազմի մեկնարկից ի վեր առնվազն 1․7 միլիոն ուկրաինացի (հիմնականում կանայք և երեխաներ) լքել է երկիրը։

Բանակցություններ

Մարտի 7-ին Բելառուսում տեղի է ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների 3-րդ փուլը։ Հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ, սակայն կողմերը այդպես էլ համաձայնության չեն եկել։

Պատվիրակություններին հաջողվել է որոշակի առաջընթացի հասնել հումանիտար միջանցքների հարցում, քննարկումը շարունակվել է քաղաքական և ռազմական ասպեկտների շուրջ։ Այնուամենայնիվ, դեռևս էական արդյունքներ չկան, հաղորդում են երկու կողմերի պատվիրակները։

Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է դադարեցնել իր ռազմական գործունեությունը, սահմանադրորեն գրանցել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նախորդ բանակցության արդյունքում կողմերը պայմանավորվել էին խաղաղ բնակչության տարհանման, դեղորայքի և սննդի առաքման համար հումանիտար միջանցքների համատեղ ապահովման շուրջ՝ մարտերի ամենաթեժ վայրերում ժամանակավոր հրադադարի հնարավորությամբ։