Ռուսաստանում արգելափակվել է հասանելիությունը Facebook սոցիալական ցանցին։ Роскомнадзор-ը որոշումը կայացրել է այսօր։
Կառույցը պնդում է, թե «2020 թվականի հոկտեմբերից գրանցվել է Facebook-ի կողմից ռուսաստանյան ԶԼՄ-ների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության 26 դեպք»։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Новая Газета-ն հայտարարեց, որ ջնջում է Ռուսաստանի՝ Ուկրաինայում սանձազերծած պատերազմի վերաբերյալ բոլոր նյութերը։ Ավելի վաղ Ռուսաստան Պուտինի ռեժիմի պատգամավորներն օրինագիծ էին ընդունել, որով մինչև 15 տարվա ազատազրկում է նախատեսվում «Ռուսաստանի զինուժերի գործողությունների վերաբերյալ գիտակցված կեղծ տեղեկություն» տարածելու համար։
Բացի այդ, օրերս Ռուսաստանում արգելափակվել են մի շարք հանրահայտ և/կամ անկախ լրատվամիջոցները։ Դրանց թվում են Телеканал Дождь-ն ու Эхо Москвы-ն։ վերջինս 90-ականների սկզբից ի վեր առաջին անգամ զրկվել է եթերից և ստիպված է եղել ջնջել սոցցանցերում իր բոլոր կորպորատիվ օգտահաշիվները։ Телеканал Дождь-ի աշխատակազմի մի մասը, այդ թվում՝ գլխավոր խմբագիրը, լքել են Ռուսաստանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Արդեն 8 օր է, ինչ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինայի տարածք։ Ռուսաստանի նախագահ Պուտինը սա փաթեթավորում է որպես «հատուկ ռազմական օպերացիա», իսկ Росомнадзор-ը՝ պարտադրում ռուսական բոլոր ԶԼՄ-ներին ջնջել հրապարակումները, որոնցում փետրվարի 24-ին սկսված սկսված պատերազմն անվանվում է «պատերազմ»։