Home / Բանակ / Տասնյակ զոհեր, փլված տներ, այրվող դպրոցներ․ Ռուսաստանը շարունակում է պատերազմը

Տասնյակ զոհեր, փլված տներ, այրվող դպրոցներ․ Ռուսաստանը շարունակում է պատերազմը

Արդեն երրորդ օրն է՝ ուկրաինական կողմը հաղորդում է մեծածավալ քաղաքացիական զոհերի, ռմբակոծված բնակելի թաղամասների և հրետանակոծված հասարարական շենքերի մասին։ Մեդիաները եզրակացնում են՝ Ուկրաինա ներխուժած ռուսական զորքերը փոխել են ռազմավարությունը․ մինչ այս ավելի հաճախ թիրախավորվում էին ռազմական օբյեկտները, այժմ նշանակետում են բազմաբնակարան շենքերը ու մասնավոր առաձնատները։ 

Խարկովը կրակի մեջ է․ հրթիռակոծությունը շարունակվում է, հաղորդվում է տասնյակ վիրավորների և զոհերի մասին։ Մարտերը Կիևից դեպի հյուսիս և արևմուտք շարունակվում են, Կիևից դեպի արևելք ռուսական զորքերը մոտեցել են Բորիսպոլի օդանավակայանին։ Չեռնիգովը շրջափակման մեջ է և ռմբակոծության տակ։ 

Հարավում ռուսական զորքերը գործում են միաժամանակ երեք ուղղությամբ․ բռնազավթված Ղրիմն այստեղ ծառայում է որպես թիկունքային բազա։ Հարավ-արևելքում՝ Մարիուպոլի շրջանում, ՌԴ խմբավորումներին հաջողվել է միավորվել դոնբասյան զորքերի հետ․ նավահանգստային քաղաքը փաստացի շրջափակված է, ռուսական զորքերը Մարիուպոլ են մտել դեռ մարտի 2-ին։ Հարավ-արևմուտքում ռուսները մտել են մինչ այդ շրջափակված Խերսոն (քաղաքապետը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով՝ քաղաքը մնում է ուկրաինական դրոշի տակ)։ Ուկրաինական կողմը մարտի 3-ին հաղորդել է Խերսոնի բնակելի թաղամասերում նոր պայթյունների մասին։ ՌԴ զոքրերը մոտեցել են նաև Նիկոլաևին։ 

Զապորոժսկի մարզում ռուսական խմբավորումները – ինչպես և մի քանի օր առաջ – գտնվում են մարզկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ռուսները փորձում են գրավել Էներգոդարը, որտեղ գտնվում է Զապորոժսկի ԱԷԿ-ը (Չերնոբիլի ԱԷԿ-ը արդեն գրավված է)։ Քաղաքի մատույցներում նրանց ավելի վաղ կանգնեցրել էին անզեն բնակիչները (ինչպես Ուկրաինայի շատ այլ քաղաքներում)։ Ցուցարարներին ռուս զինվորականները (ապարդյուն) փորձում էին ցրել ծխային նռնակներով։

Ռազմագործողությունների մեկնարկից ի վեր շուրջ 2000 խաղաղ բնակիչ է զոհվել՝ մարտի 2-ին հաղորդել է Ուկրաինայի ԱԻՆ-ը։ Ուկրաինացի փախստականների թիվը, ըստ ՄԱԿ-ի գործակալության, հասել է միլիոնի։

Մարտի 3-ի հիմնական իրադարձությունները՝ համառոտ․

— Ռուսական ավիացիայի հարվածից Չեռնիգովում բնակելի տուն է փլվել․ փրկարարները փլատակների տակից 33 մարմին են հանել։ Եվս 18 հոգի վիրավոր է։ Տուժածների թիվը ճշտվում է, հաղորդել է Ուկրաինայի ԱԻՆ-ը։

— Խարկովի մարզում, ըստ ԱԻՆ, ռմբակոծությունների հետևանքով այսօր 34 մարդ է զոհվել, 285 հոգի, այդ թվում 10-ը երեխա, վիրավորվել են։ Բնակելի շենքերից բացի՝ Խարկովում գնդակոծությունից տուժել է Վերափոխման մայր տաճարը։

— Ռուսական ավիացիան հարվածել է Չեռնիգովի երկու դպրոցների վրա։ Թիրախավորվել են նաև բնակելի առանձնատները։ Մարզային իշխանությունների հայտնվում են առնվազն 9 զոհերի և 4 վիրավորների մասին։

— Ռմբակոծության է ենթարկվել Խարկովի մարզի Իզյում քաղաքը։ Ռուսական զորքերը հարվածել են բարձրահարկ շենքին ու առանձնատանը։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհվել է առնվազն 8 մարդ, որոնցից 2-ը՝ երեխա։

— Ժիտոմիրի մարզի Կորոստեն քաղաքի անցակետը օդային հարվածի է ենթարկվել․ քաղաքապետի փոխանցմամբ՝ 4 հոգի զոհվել է, 5-ը՝ վիրավորվել։

— Մարտի 3-ի գիշերը Կիևի կենտրոնում առնվազն 4 անգամ պայթյունի ձայն է լսվել։ Պայթյուններից մեկը երևում է CBS News-ի ուղիղ եթերում։

— Կիևի մարզի Բորոդյանկա ավանի բնակելի թաղամասերը ենթարկվել են ռմբակոծության։ Ավելի վաղ այդտեղից 200 մարդ էր տարհանվել․․․

— Պայթյուններ են գրանցվել նաև Խերսոնի մարզի բնակելի թաղամասերում։

— Չերնիգովում պայթել է նավթաբազաներից մեկը։

Ժամանակավոր հրադադար, հումանիտար միջանցք․ բանակցությունների արդյունքները

Բելառուսում այսօր կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։

«Կողմերը փոխըմբռնման են եկել խաղաղ բնակչության տարհանման, դեղորայքի և սննդի առաքման համար հումանիտար միջանցքների համատեղ ապահովման շուրջ՝ մարտերի ամենաթեժ վայրերում ժամանակավոր հրադադարի հնարավորությամբ», – բանակցություններից հետո հաղորդել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պոդոլյակը հավելել է՝ ակնկալվող արդյունքներին ուկրաինական կողմն, այնուամենայնիվ, չի հասել։ Ավելի վաղ նա նշել էր, որ հումանիտար միջանցքներից բացի՝ Կիևի համար առանցքային են կրակի անհապաղ դադարեցումն ու զինադադարի հաստատումը։

Աղբյուրներ՝ Meduza.io, Hromadske.ua