Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ յուրաքանչյուր ուկրաինացի հրամանատարի գլխի դիմաց պատրաստ է 500 հազար դոլար վճարել։
«Սա ասում եմ ոչ թե որպես պաշտոնյա, այլ որպես կամավոր՝ Ռուսաստանի հայրենասերների անունից, հենց այն նույն կամավորների, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություններ և ցանկություն են հայտնել 500 հազար դոլար վճարել յուրաքանչյուր հրամանատարի համար», – տելեգրամյան իր ալիքում գրել է Կադիրովը։
Ռուսաստանի նախաձեռնած լայնածավալ պատերազմի ութերորդ օրը բարի չէր նաև հակապատերազմական ակցիաների մասնակիցների համար։
Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների պատգամավորները նոր օրինագիծ են մշակել․ առաջարկում են զորակոչել «հակապատերազմական անօրինական ակցիաներին» մասնակցելու համար պատասխանատվության ենթարկված քաղաքացիներին։ Օրինագիծն արդեն Պետդումայում է։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Մեր երկրում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ռազմական գործողության իրականացման հետ և պատրաստ են խախտել օրենքը՝ ձգտելով կասեցնել այն։ Նրանք միտումնավոր սուտ տեղեկություններ են տարածում օպերացիայի ընթացքի մասին, ամեն կերպ փորձում են վարկաբեկել մեր Զինված ուժերը և երկրի քաղաքական ղեկավարությունը, կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, այլ անօրինական գործողություններ են անում»։ Որպես պատիժ պատգամավորները առաջարկում են զորակոչել նրանց Դոնբաս։