Home / Մեդիա / Ճզմել կասկածողներին․ Ռուսաստանը եթերազրկում է մամուլի մնացորդները

Ճզմել կասկածողներին․ Ռուսաստանը եթերազրկում է մամուլի մնացորդները

Մարտի 3-ին «Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհուրդը լուծարել է պոստսովետական Ռուսաստանի ամենահին ռադիոկայանը։ Լուծարվել է նաև լրատվամիջոցի կայքը։ 

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը պահանջել էր արգելափակել «Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերության և «Էխո Մոսկվի»-ի կայքերը ու արգելափակել եթերը։ Գրաքննությունը հիմնավորվում էր նրանով, որ պետական քարոզչամեքենայից անկախ գործող լրատվականները, իբր, ծայրահեղական կոչեր և Ուկրաինայում «ռազմական հատուկ օպերացիայի» շրջանակներում ռուսաստանցի զինվորականների գործողությունների մասին կեղծ տեղեկություններ են հրապարակել։ «Դոժդ»-ի լրագրողների մի մասը, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն, որոշել են լքել Ռուսաստանը։ Հեռուստաալիքի աշխատանքը ժամանավորապես կասեցվել է, ապագան դեռևս անորոշ է․․․ Ռադիոկայանն էլ մնացել է յութուբյան ալիքի և սոցցանցերի հույսին։

Առաջին անգամ Էխոն եթերից զրկվել է 1991-ին, երբ նորանկախ Ռուսաստանի սովետական իշխանության ներկայացուցիչները փորձում էին վերադարձնել դիրքերը(օգոստոսյան պուտչ)։ Երկրորդ անգամ՝ արդեն 2022-ի մարտի 1-ին՝ Ուկրաինայում Պուտինի նախաձեռնած լայնամասշտաբ պատերազմից օրեր անց։ Եթերն ընդհատվել է լուրերի թողարկման ժամանակ։ Հաղորդումը շարունակվել է․ հանդիսատեսին այն հասանելի էր միայն ռադիոկայանի յութուբյան ալիքում և առցանց վերաթողարկողների հարթակներում, որոնց կարելի է հետևել՝ շրջանցելով սահմանափակումները VPN-ով։

Ընդդեմ անկախ մամուլի ռուսաստանյան իշխանությունների «հատուկ օպերացիան» 2022-ի մարտին չէ, որ սկսվել է։ Ուկրաինայում պատերազմ սանձազերծելուց ամիսներ առաջ լրատվամիջոցներից շատերին Կրեմլը հռչակեց «օտարերկրյա գործակալ», որոշներին բաժին հասավ «անցանկալի կազմակերպություն» պիտակը, մի քանիսն արգելափակվեցին, մի քանիսը՝ լուծարվեցին հոժարակամ․․․ Խիստ վերահսկողության ռեժիմը փոխարինվեց անթաքույց գրաքննության մեխանիզմներով։

Էխոյի խմբագրություն այցելած Իլյա Ազարը («Նովայա Գազետա»-ի թղթակից) նկատում է՝ «Էխո Մոսկվի»-ի արգելափակումը, միևնույնն է, շատերի համար անակնկալ էր․ գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի կապերը՝ Ռուսաստանի վերախավից շատերի, այդ թվում՝ անձամբ Վլադիմիր Պուտինի հետ ծանոթությունը, նրա հին ընկերությունը նախագահի մամլո խոսնակ Դիմիտրի Պեսկովի հետ, թվում էր, պիտի որ պաշտպանեին նրան։

Պետական գերատեսչությունների հաճախակի բողոքները շատերը լուրջ չէին ընդունում․ լրագրողական համայնքը վստահ էր՝ անգամ եթե «Էխո»-ն փակեն, կփակեն ամենավերջում:

— Դուք նման բան սպասո՞ւմ էիք, – հարցնում է Վենեդիկտովին․․․
— Այո, դա ակնհայտ էր։ Հրեական հին անեկդոտի պես՝ եթե շուրջբոլորը հինգշաբթի է, ինչո՞ւ է այստեղ շաբաթ։ Մենք ամեն օր էլ Ռոսկոմնադզորից (ավելի ճիշտ, անկեղծ լինենք, Գլխավոր դատախազությունից) ստանում էինք որոշակի նյութեր հեռացնելու պահանջներ։ Իմ հրահանգն էր ջնջել դրանք 10 րոպեի ընթացքում․ այսինքն, մենք կատարում էին նրանց պահանջները։ Չնայած մենք դա խախտում չէինք համարում, բայց մենք ի վերջո [ռուսաստանյան] պետությունում ենք ապրում։

Վենեդիկտովը հատուկ շեշտում է՝ «Էխո Մոսկվի»-ի լրագրողներն ու հյուրերը եթերում «պատերազմ» բառի փոխարեն մեղմասություններ էին օգտագործում․ սա ռուսաստանյան իշխանությունների վճռական պահանջներից մեկն էր, որը խմբագրությունը փորձում էր կատարել։

Պատերազմի մեկնարկից հետո Կրեմլը անկախ ԶԼՄ-ներից պահանջում է պատերազմին պատերազմ չասել․ պաշտոնական հարկադրանքն է օգտագործել «ռազմական օպերացիա» կամ «հատուկ օպերացիա» բառակապակցությունները։ Ովքեր այս պահանջը չէին կատարել, արդեն իսկ նախազգուշացում են ստացել․ պատերազմին պատերազմ ասելը դարձել է նոր ճնշումների տեխնիկական պատրվակը։ 

«Զգուշացվածների» շարքում են նաև «Էխո Մոսկվի»-ն և «Նովայա Գազետա»-ն, որոնք վերջին օրերին պատերազմ բառը փոխարինում են [ռուսաստանյան իշխանությունների կողմից արգելված բառ] բյուրոկրատական նշումով։

«Այո, սա գրաքննություն է։ Բոլորն էլ հասկանում են, ինչ է կատարվում․․․», – Ազարին ասում է Վենեդիկտովը։

Ուղիղ եթերում հնարավոր չի կանխել լեզվի սայթաքումները կամ արգելել զրուցակիցներին արտահայտել իրենց սկզբունքային դիրքորոշումը, ասում է խմբագիրը։ «Էխո»-ի կայքում հրապարակվող սղագրություններից «պատերազմ» բառը ջնջվում և փոխարինվում էր «հատուկ ռազմական օպերացիա» արտոնված ձևակերպմամբ։ Այս զգուշավորությունը, ամեն դեպքում, խմբագրությանը առանձնապես չօգնեց։

«Մենք մի նոր միջավայրում ենք ապրում, որը [իշխանությունների շուրջ] համընդհանուր համախմբում է պահանջում: Պատերազմում միշտ էլ կորուստներ կան, մենք զուգընթաց կորուստն ենք։ «Դոժդ»-ը, «Նովայա Գազետա»-ն, մենք և շատ ուրիշ ԶԼՄ-ներ այս ռազմական հակամարտության պատկերն ավելի ծավալային և ավելի ոչ միանշանակ են դարձնում։ Մարդկանց, ովքեր պետք է զեկուցեն, որ քաղաքական առումով ամեն ինչ հարթ ու մաքուր է արվել, հարկավոր է ճզմել բոլոր կասկածողներին», – մեկնաբանում է գլխավոր խմբագիրը։

2020-ից «Էխո Մոսկվի»-ի բաժնետոմսերի 66 տոկոսը պատկանում էր «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգին»։ «Էխոն» այսուգետ հասանելի կլինի միայն YouTube-ում և սոցցանցերում․ թողարկումները շարունակվելու են։

շապիկի լուսանկարը՝ «Նովայա գազետա», Վլադ Դոկշին