Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա։ Ռմբակոծության ձայները լսվում և հետևանքները երևում են Կիևում, Խարկովում, Օդեսայում, Մարիուպոլում, Կրամատորսկում։ «Ռազմական հատուկ օպերացիա» Ուկրաինայում՝ իր նախաձեռնած պատերազմը ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինն այսպես է բնութագրում։
Կիևից հաղորդում են Լուգանսկի շրջանում երկու գյուղերի կորստի մասին։ Ուկրաինայի սահմանապահները պնդում են, որ ռուսական զորքին օգնում է Բելառուսը։ Ըստ ռուսական կողմի՝ իրենց զորքերին չեն դիմադրում։
«Ուկրաինայի պետական սահմանը ՌԴ-ի և Բելառուսի կողմից գտնվում է ռուսական զորքերի հարվածի տակ՝ Բելառուսի աջակցության ներքո։ Սահմանապահ ջոկատները, անցակետերը հարձակման են ենթարկվում հրետանու, ծանր տեխնիկայի միջոցներով․․․ Հարձակվում են նաև Ղրիմի կողմից»։ Սահմանապահները՝ Ուկրաինայի բանակի և Ազգային գվարդիայի հետ համատեղ, իրավիճակից ելնելով պատասխան կրակ են բացում։ Վիրավորների մասին տվյալները ճշտվում են։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսերեն լեզվով ավելի վաղ դիմել էր ռուսաստանցիներին՝ նշելով, որ իր ելույթը ցույց չեն տա ռուսական ալիքներով․
– Այսօր ես հեռախոսազրույց էի նախաձեռնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Արդյունքը՝ լռություն։ Լռությունը, սակայն, պետք է Դոնբասում լինի։
– Մեզ պատերազմ պետք չէ՝ ոչ սառը, ոչ տաք, ոչ հիբրիդային։
– Ուկրաինայի ժողովուրդը խաղաղություն է ուզում։ Ուկրաինայի իշխանությունները խաղաղություն են ուզում։ Ուզում են և անում են։
– Բայց մենք պաշտպանվելու ենք։ Հարձակվելիս՝ դուք կտեսնեք մեր դեմքը, ոչ թե մեջքը։
– Պատերազմում ցավի ու կեղտի պակաս չկա։
– Մենք չենք հարձակվելու։
– Ուկրաինան վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար։ Այդպես եղել է, կա ու կլինի։
– Բժիշկները, բլոգերները, տիկտոկերները պատերազմ չեն ուզում։
– Պատասխանը միայն ձեզանից է կախված, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։
Ռուսաստանում հակապատերազմական շարժը լռեցվում է և, մեծ հաշվով, գրեթե չի նկատվում։ Մոսկվայի Պուշկինի հրապարակից հակամիլիտարիստական պաստառներով մի քանի մարդ է բերման ենթարկվել։ Ռուսաստանցիներն ավելի ակտիվ են համացանցում։
Ալեքսանդր Պոդրաբինեկ․ – Պուտինը ձանձրացել է Ռուսաստանը 20 տարի հանդարտ ղեկավարելով։ Նրան նոր զգացողություններ են պետք, իր զորության և ամենաթողության նոր վկայություններ։ Նա մոլի խաղացող է և անընդհատ մեծացնում է խաղադրույքը։ Իր հետաքրքրաշարժ քաղաքական խաղի կարևոր քայլերը նա կահավորում է միստիկ պայմանականություններով։ Ռուսական զորքերը Վրաստան են ներխուժել 08․08․2008-ին։ Ուկրաինա մտան 22․02․2022-ին։ Այսպիսի զվարճանքներ։
Եվգենի Ռոյզման․ – Պուտինին վերապրելը՝ որպես ազգային գաղափարախոսություն։
Մաքսիմ Միրովիչ․ – Պատերազմելը վատ է և անհեռանկար։ Հարևանների հետ պետք է խաղաղությամբ ապրել։ Մինչև այլ երկրում կյանքի մասին հաչալը, դզի կյանքը քո երկրում։ Մարդը ստեղված է երջանկության համար։ Այս պարզ ճշմարտությունները չհասկացող հրեշները որտեղի՞ց են հայտնվել։ Ինչո՞ւ են իրենք այդքան շատ։
Եվգենի Ֆելդման․ – Ինչ ամոթ է Աստված իմ։ Սա ոչինչ չի փոխի, բայց ես անվերջ ամաչում եմ։
Յարոսլավ Կոնվեյ․ – Կա՞ ավելի անկապ բան, քան Ռուսաստանի քաղաքացիները, որոնք ներողություն են խնդրում և ապաշխարում Պուտինի փոխարեն։ Ես իրեն չեմ ընտրել, իմ բարեկամներից և ընկերներից ոչ մեկն իրեն չեն ընտրել։ Ես արեl եմ ամեն բան դրան դիմադրելու համար։ Ես ոչինչի համար չեմ ամաչում՝ ոչ ուկրաինացիների առջև, ոչ էլ որևէ մեկի։
Աննա Նարինսկայա․ – Զարմանքով կարդում եմ մեր համընդհանուր մեղավորության մասին ռեպլիկները․․․ Այդ զրույցները լղոզում են կոնկրետ մեղավորության գաղափարը։ Այն մարդկանց մեղավորության, ովքեր իրականում և անձամբ են պատասխանատու կատարվողի համար․․․ Իրադարձություններն ունեն նախաձեռնողներ, հանցանքները՝ մեղավորներ։
Իսկ համընդհանուր մեղավորությունը, ըստ էության, ոչ մեկի մեղքը չէ։