Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև պատերազմն անխուսափելի էր, քանի որ, անկախ ամեն ինչից, Ռուսաստանը պատրաստ էր անել ամեն հնարավորը, որպեսզի թույլ չտար Ուկրաինային օգտվել զարգացման եվրոպական ուղին ընտրելու իր իրավունքից։ «Ուկրաինսկայա պրավդա»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է փիլիսոփա, «Պատմության ավարտն ու վերջին մարդը» գրքի հեղինակ Ֆրենսիս Ֆուկույաման։
«Իհարկե, մենք կարող ենք ենթադրել, որ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե Ուկրաինայում հեղափոխություն չլիներ․ կանցկացվեին նախագահական ընտրություններ, ու երկիրը կստանար ուրիշ, ավելի լավ նախագահ, քան Յանուկովիչն էր։ Ես, սակայն, կարծում եմ, որ դա որևէ նշանակություն չունի, քանի որ եթե նոր կառավարությունը որոշեր ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, Պուտինը ճիշտ նույն կերպ կգործեր»,- նշել է գիտնականը։
Մեկնաբանելով Վլադիմիր Պուտինին Ադոլֆ Հիտլերի հետ համեմատող հոդվածները՝ Ֆուկույաման ընդգծել է, որ նման համեմատության մեջ ճշմարտության մեծ մասը կայանում է նրանում, որ Պուտինն օգտագործում էթնիկական հարցը արտաքին քաղաքականության մեջ։ Փիլիսոփայի խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց այն պատրվակով, թե Հիտլերը ցանկանում էր պաշտպանել գերմանալեզու բնակչությանը Սուդետներում, Լեհաստանում և Արևելյան Եվրոպայի այլ հատվածներում։
«Նա կարծում էր, որ դա իրեն իրավունք էր տալիս բռնություն գործադրել այդ երկրների դեմ։ Ու այդ իմաստով, Պուտինն անում է այն, ինչ արեց Հիտլերը։ Միևնույն ժամանակ, ես չեմ կարծում, որ Պուտինն ազգեր ոչնչացնելու հրեշավոր ծրագիր ունի, ինչպես հրեաների ցեղասպանությունը նացիստական Գերմանիայի կողմից։ Ես նաև չեմ կարծում, որ նա մտադիր է երկրներ գրավել ու դրանք բնակեցնել ռուսներով։ Հաշվի առնելով, սակայն, թե նա ինչպես է օգտագործում այդ երկրներում ռուս փոքրամասնության գործոնը, նա շատ նման է Հիտլերին։
Այս իրավիճակն առաջին հերթին կփոխի Ռուսաստանին կից երկրների քաղաքականությունը։ Դրանց մի մասը բավականին մոտ է Եվրոպային։ Էստոնիան, օրինակ, մեծ թվով ռուսալեզու բնակչություն ունի, ու այդ երկիրը ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամ է։ Ու եթե Ռուսաստանի այս քաղաքականությունը ուղղակիորեն դիպի Էստոնիային, ապա դա կոնֆլիկտի մեջ կներքաշի նաև Եվրամիությանն ու ԱՄՆ-ին։ Ու այդ իմաստով, Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն այլևս տարածաշրջանային բնույթ չի կրում»,- ասել է Ֆուկույաման։