Աշխարհն ապշած էր, երբ Ռուսաստանը ներխուժեց Ղրիմ, բայց արդյո՞ք դրա կարիքը կար։ Նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք էլ գաղտնի չի պահել Ռուսաստանի իշխանությունը վերականգնելու իր մտադրությունը։ Պարզ չէ, սակայն, թե երկրի աճը որքան կարող է շարունակվել։ «Բի–Բի-Սի»-ում հրապարակած «Խորհրդային Ռուսաստանի վերակառուցումը» հոդվածում նման կարծիք է հայտնում լրագրող Օլիվեր Բուլլոուն։
Ներկայացնում ենք հոդվածի մասնակի թարգմանությունը․
– 1999 թվականի օգոստոսի 16-ին Ռուսաստանի Պետդումայի անդամները հանդիպեցին՝ հաստատելու վարչապետի թեկնածուին։ Նրանք լսեցին թեկնածուի ելույթը, մի քանի հարց ուղղեցին նրան և պարտաճանաչ կերպով նրան հաստատեցին պաշտոնում։
Եթե նույնիսկ Դումայի առաջատար պատգամավորները չէին կարողանում հիշել նոր վարչապետի անունը, ապա մնացյալ աշխարհին դժվար է մեղադրել՝ նրա ելույթին ուշադրություն չդարձնելու համար։ Քիչ հավանական էր, որ նա մի քանի ամսից ավել կգլխավորի Ռուսաստանի կառավարությունը․ այդ դեպքում՝ ինչո՞ւ մտահոգվել։
Այդ մարդը ԿԳԲ-ի նախկին սպա Վլադիմիր Պուտինն էր, ով այդ օրվանից ի վեր, որպես նախագահ կամ վարչապետ, գլխավորել է աշխարհի խոշորագույն երկիրը։ Քչերը դա գիտակցեցին այն ժամանակ, քանի որ քչերն էին լսում, բայց նրա այդ ելույթը նախագիծն էր այն ամենի, ինչ նա մինչ օրս արել է, նախագիծ այն մասին՝ ինչպես էր նա վերակազմավորելու մի երկիր, որը չափազանց մոտ էր փլուզման։
Երբեմնի հզոր ռուսական բանակը պարտվեց Չեչնիայի պատերազմում․ վայր, որն ավելի քիչ բնակիչներ ուներ, քան Ռուսաստանը՝ զինվորներ։ Միևնույն ժամանակ, երկիրը ղեկավարվում էր Ելցինի կողմից՝ դյուրագրգիռ հարբեցող՝ փխրուն առողջությամբ։ Իրավիճակն անհույս էր, բայց Պուտինը ծրագիր ուներ։
«Ես չեմ կարող մի ելույթի ընթացքում խոսել կառավարության բոլոր խնդիրների մասին։ Բայց մի բանում վստահ եմ՝ այդ խնդիրներից ոչ մեկը չի կարող լուծվել՝ առանց այս երկրում տարրական կարգ ու կարգապահություն մտցնելու, առանց իշխանության ուղղահայաց շղթան ամրապնդելու», – նա ասաց հավաքված խորհրդարանականներին։
Երբ Պուտինը դիմում էր Դումային, նրա հայրենիքն ավելի քիչ հարգված երկիր էր։ Նա խոսում էր մի մարդու լեզվով, ով փափագում էր վերադարձնել կորցրած որոշակիությունները, ժամանակը, երբ Մոսկվայի հետ պետք էր հաշվի նստել։ Նա դա ուղղակիորեն չէր ասում, բայց նրան խոցել էր այն, որ ՆԱՏՕ-ն պարտավորեցրել էր իր դաշնակցին՝ Սերբիային, զորքերը դուրս բերել Կոսովոյից, իսկ Ռուսաստանը չէր կարողացել կանգնեցնել այդ գործընթացը։
«Ռուսաստանը դարեր շարունակ հզոր ուժ է եղել և շարունակում է այդպիսին մնալ։ Այն միշտ ունեցել է ու մինչ օրս էլ ունի շահերի օրինական գոտիներ։ Մենք չպետք է անզգույշ լինենք ու չպետք է թույլ տանք՝ մեր կարծիքն արհամարհվի», – ասել էր Պուտինը։
Նրա ներքին քաղաքականությունը կայունության վերականգնումն էր, նա ցանկանում էր վերջ տալ այն «հեղափոխություններին», որոնք Ռուսաստանին անկման էին հասցրել։ Նրա արտաքին քաղաքականությունը համաշխարհային հարցերում Ռուսաստանի դերի վերականգնումն էր։ Այդ երկու հիմնական նպատակներով է պայմանավորված այն ամենը, ինչ նա մինչ օրս արել է։ Եթե այն ժամանակ մարդիկ լսեին, Պուտինի գործողությունները նրանց համար անակնկալ չէին լինի։
Արշավն սկսելու ամենաակնհայտ վայրը Չեչնիան էր՝ Ռուսաստանի փլուզման խորհրդանիշը։ Չեչենները խափանել էին Ելցինի փորձը՝ կործանել իրենց ինքնահռչակ անկախությունը, բայց դա դառը հաղթանակ էր։ Պատերազմը կործանել էր Չեչնիայի ժողովրդին, երկրի տնտեսությունն ու ենթակառուցվածքները։ Չեչնիան դարձավ առևանգումների, բռնության և հանցագործության կենտրոն, և մինչ Պուտինը դրա վերաբերյալ որևէ մեկը որևէ բան չէր անում։
Վերջապես, երկարատանջ ռուսների համար կար մի մարդ, ով ի վիճակի էր վճարել թոշակները ու միաժամանակ՝ պատրաստ իր ձեռքերը կեղտոտել՝ հայրենիքը պաշտպանելու համար։ Հազարամյակի վերջին, երբ Ելցինը հեռացավ դաշտից ու Պուտինին իր փոխարեն նշանակեց նախագահի պաշտոնակատար, անհայտ վարչապետի հանրային աջակցությունը 70 տոկոսից բարձր էր, ու այդ ցուցանիշը մինչ օրս չի նվազել։
Իրավապաշտպան խմբերն ու որոշ արևմտյան կառավարություններ Պուտինին մեղադրեցին ռուսաստանյան ու միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ չեչեն ընդդիմախոսներին հետապնդելու գործում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել «կյանքի իրավունքի» վերաբերյալ 232 գործերում՝ հաստատելով, որ Ռուսաստանը շարունակաբար սպանություններ է իրականացրել իր չեչենական արշավի ընթացում։ Պուտինի ժողովրդականության վրա, սակայն, սա որևէ ազդեցություն չի ունեցել։
Չեչնիայում հարյուրավոր զինվորներ ու հազարավոր քաղաքացիական անձինք զոհվեցին։ Հարյուր հազարավոր չեչեններ փախուստի դիմեցին՝ Ռուսաստանից դուրս կացարան փնտրելու, բայց Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնված էր, ու Պուտինն անցել էր Ռուսաստանի հեղինակությունը վերականգնելու գործին։
Պուտինը 2003 թվականի խորհրդարանական ընտրությունները խիստ վերահսկողության տակ էր պահում, ու նրա դաշնակիցները զբաղեցրին Դումայի երկու երրորդը։ Նա ընտրություններն անվանեց քայլ դեպի «ժողովրդավարության ամրապնդում», իսկ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդները դրանք որակեցին որպես «մեծապես խեղաթյուրված»։
Պուտինը վերականգնեց որոշ ԽՍՀՄ խորհրդանիշներ։ Նա վերադարձրեց խորհրդային օրհներգն ու խորհրդային զինանշանները, բարձր գնահատեց Խորհրդային հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Բայց նա ողջունում էր նաև որոշ մինչխորհրդային խորհրդանիշներ․ Պուտինն ընկերացավ Ռուս ուղղափառ եկեղեցու հետ, սկսեց մեջբերել հակախորհրդային փիլիսոփա Իվան Իլյինին, ում մասունքները վերադարձրել էր Ռուսաստան ու պատվով հուղարկավորել։
Պահպանողականության այս բացառապես ռուսական ձևի միտումը թափ առավ Մոսկվայում 2011-12 թթ․ ընտրակեղծիքների դեմ բարձրացված բողոքի ալիքից հետո, ինչը Պուտինին օտարացրեց Ռուսաստանի լիբերալներից։ Նրա սիրված գաղափարախոսներից է Վլադիմիր Յակունինը․ վաղեմի ընկեր, ԿԳԲ-ի դպրոցն ավարտած մի անձնավորություն, Ուղղափառ եկեղեցու հավատարիմ հետնորդ, իսկ այժմ՝ Ռուսաստանի՝ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ընկերություններից մեկի՝ «Ռուսական երկաթուղիների» ղեկավար։
«Ռուսաստանը Եվրոպայի և Ասիայի կենտրոնում չէ։ Եվրոպան և Ասիան են Ռուսաստանի ձախ և աջ կողմերում։ Մենք նրանց միջև կամուրջ չենք, այլ բոլորովին առանձին քաղաքակրթական տարածք, որտեղ Ռուսաստանը միավորում է Եվրոպայի ու Ասիայի քաղաքակրթական համայնքները»,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հետ վերջերս տեղի ունեցած զրույցում ասել է Յակունինը։ Անցած շաբաթ՝ Ղրիմի անեքսիայից հետո, ԱՄՆ-ն նրան ընդգրկեց պատժամիջոցների ենթակա մարդկանց ցուցակում՝ «Ռուսաստանի ղեկավարության ներքին շրջանակին անդամակցելու համար»։
Գաղափարը, որ Ռուսաստանն Արևմուտքից առանձին է, բայց՝ դրան հավասար, շատ հարմար է, քանի որ դա Կրեմլին թույլ է տալիս մերժել Արևմուտքի՝ Ռուսաստանի ընտրությունների, դատական գործերի ու արտաքին քաղաքականության քննադատությունները։
Պուտինը նույնպես սզբունքներ է կիրառել ու դրանցից հրաժարվել, երբ պարզվել է՝ դրանք նպատակահարմար չեն իր վարած քաղաքականության համար։ 2003 թվականին Իրաքում նա հանդես եկավ ի պաշտպանություն միջազգային իրավունքի՝ դեմ լինելով որևէ ներխուժման՝ առանց ՄԱԿ-ի հաստատման։ 2008 թվականին՝ Վրաստանում, նա զորքեր մտցրեց՝ առանց նույնիսկ ձևացնելու, թե խորհրդակցել է Անվտանգության խորհրդի հետ։
Անցած տարի միջամտությունը Սիրիայի հարցում անգամ չէր քննարկվում Ռուսաստանի կողմից։ Այս տարի, միջամտությունն Ուկրաինայում արդարացված է և օրինական։ Հնարավոր է՝ խնդիրը երբեք էլ սկզբունքները չեն եղել, իսկ Պուտինի նպատակը միշտ եղել է առավելագույնի հասցնել Ռուսաստանի իշխանությունը ու հակադրել Արևմուտքի՝ Ռուսաստանին սանձելու փորձերին։
Երկիրը միայնակ վերաձևավորելը հեշտ չէ, ու դրա համար Պուտինին անհրաժեշտ է եղել Ռուսաստանի հասարակության առանցքային խմբի աջակցությունը։ Մինչ նա խստորեն սահմանափակել է լրագրողներին, գործարարներին և քաղաքական գործիչներին, նա ապավինել է պետական պաշտոնյաներին՝ իր գաղափարները իրագործելու հարցում։
Նրանք միշտ պարգևատրվել են իրենց օգնության համար։ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն անցած տարի բարձրացել են 20 տոկոսով՝ չորս անգամ ավել, քան ընդհանուր բյուջեի աճը։
Բարձր պաշտոնյաների համար, սակայն, անգամ դա բավարար չէ։ Անցած շաբաթ Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն ասաց, որ 2013 թվականին Ռուսաստանում կաշառքի միջին չափը կրկնապատկվել է՝ հասնելով $4,000-ի։ Անցած տարի «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» Ռուսաստանը զբաղեցրել էր 127-րդ տեղը՝ կոռուպցիայի մակարդակով հավասարվելով Պակիստանին, Մալիին ու Մադագասկարին։
Պուտինին հաջողվել է կառուցել իր մանկության երկրի այն տարբերակը, որը կարող է հանդես գալ ինքնուրույն աշխարհում, որտեղ անհամաձայնությունը վերահսկվում է, իսկ Կրեմլի իշխանությունը անվիճելի է։ Բայց դա երկբերան սուր է, քանի որ Խորհրդային միության փլուզման համար պատճառներ կային, իսկ դրա օրինակով կառուցված Ռուսաստանին կարող է սպառնալ նույն ճակատագիրը։
Պուտինի՝ Ղրիմ ներխուժելու որոշումն ընդունվել է հապճեպ ու զգացմունքների ազդեցության տակ՝ իր նախընտրած բարձրաստիճան պաշտոնյաների մի խմբի կողմից։ Դա նշանակում է՝ չկա որևէ մեկը, ով կարող է Պուտինին զգուշացնել իր գործողությունների երկարաժամկետ հետևանքների մասին, ու քանի դեռ Պուտինն ինքն այդ մասին չի պարզել, նա կպահպանի իր ընթացքը։ Դա նշանակում է՝ Արևմուտքի հետ հարաբերությունները կշարունակեն անհարմար մնալ, հատկապես այն ոլորտներում, որոնք նա համարում է «օրինական շահերի գոտի»։
Բայց չենք կարող ասել՝ մեզ չէին զգուշացրել։