Ուկրաինայում ճգնաժամը որոշ ժամանակ անց կմարի։ Դա ուզում է թե Ռուսաստանը, թե Արևմուտքը։ Ու այդ ժամանակ Պուտինն իր համար այլ նպատակներ կգտնի։ Առաջին հերթին, նա կսկսի փորձարկումներ անել Մոլդովայի և Վրաստանի հետ։ Այս մասին Gazecie Wyborczej-ի հետ զրույցում հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Ջորջ Ֆրիդմանը։
«Վրաստանը Ադրբեջանից գազի և նավթի համար տարանցիկ երկիր է։ Եթե Ռուսաստանն իր վերահսկողության տակ վերցնի այդ խողովակաշարերը, Ադրբեջանը կարող է խեղդվել իր նավթով և գազով։ Բայց Պուտինն այնտեղ տանկեր չի ուղարկի։ Նա կգործի չեկիստի նման՝ ապատեղեկացնելով, շանտաժի ենթարկելով, հավատարիմ քաղաքական գործիչներին գնելով, հատուկ ուժեր ուղարկելով»,- հայտարարել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Պուտինը, որպես լավ պատրաստված չեկիստ, գերազանց կերպով բլեֆ է անում․ «Նա մարտում է առավել ծանր քաշային կարգում։ Բայց դրան որևէ մեկն ուշադրություն չի դարձնում, ու, հետևաբար, նա մինչ այժմ հաղթում է»։
Ըստ Ֆրիդմանի՝ Ռուսաստանի նախագահին կարող է կանգնեցնել էներգիան։
«Այն ունի Ամերիկան, որը մշակել է թերթաքարից նավթ ու գազ ստանալու տեխնոլոգիան։ Եթե դրան ավելացնենք Իրանում և Իրաքում արդյունաբերվողը, ապա մենք հսկայական ուժի տեր ենք։ Պետք է ոչ միայն Եվրոպան անկախացնել Ռուսաստանից գազի և նավթի մատակարարումներից, այլև գցել այդ հումքի գները։ Դա Պուտինի համար անսովոր ցավոտ կլինի»,- եզրափակել է քաղաքագետը։