«Ոչ պուտինիզմին» կարգախոսի ներքո հավաքված մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր երթ են անցկացրել Ազատության հրապարակից դեպի Ռուսաստանի դեսապանատուն։ Կազմակերպիչների որակմամբ՝ երթը կազմակերպվել էր ընդդեմ Կրեմլի հակամարդկային և օկուպանտ քաղաքականության, Մաքսային միությանը Հայաստանի բռնակցման և Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հակաժողովրդավարական հայտարարության դեմ՝ նրան պերսոնա նոն գրատա հայտարարելու նպատակով:
Նախաձեռնությունը սատարում էր այսօր Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի կողմից մի շարք խոշոր քաղաքներում պուտինիզմի դեմ կայանալիք բողոքի ակցիաներին։ Երևանյան երթի մասնակիցները տանում էին Հայաստանի, Եվրամիության, Ուկրաինայի դրոշներ, քաղբանտարկյալներ Վոլոդյա Ավետիսյանի և Շանթ Հարությունյանի նկարները։
Ակցիայի նախաձեռնողներից ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Ազատության հրապարակում զրուցելով լրագրողների հետ, հատուկ ընդգծել է, որ սխալվում են այն մարդիկ, ովքեր իրենց նախաձեռնությունը հակառուսական են անվանում։ Նա նշել է, որ հավաքվածները մաս են կազմում ամբողջ աշխարհի ժողովրդավարական ուժերի, որոնք այսօր տարբեր քաղաքներում պուտինիզմի դեմ երթեր են կազմակերպում։ Հայրիկյանի խոսքով՝ Պուտինը բռնապետ է ու չարիք բոլորի համար՝ նաև Ռուսաստանի ժողովրդի։
Ոստիկանական ուժերը երթի մասնակցիների ճանապարհն արգելափակեցին դեսպանատան դիմացի մայթին։ Մոտ 20 րոպեի ընթացքում կազմակերպիչները բանակցում էին ոստիկանների հետ՝ նշելով, որ երթն արտոնված է ու իրենք իրավունք ունեն իրենց բողոքի ձայնն արտահայտել անմիջապես դեսպանատան մոտ։ Այդ ընթացքում ոստիկաններից մի քանիսը անհարգալից էին խոսում երթի մասնակիցների հետ, իսկ նրանցից մեկը քաղաքացուն ասաց․ «Դու հլը շատ փոքր ես, որ ինձ բան ասես»։
Ակցիայի նախաձեռնողներից Վրեժ Զատիկյանը հայտարարեց, որ ոստիկանները նույնպես աջակցում են Պուտինի ռեժիմին։ Հավաքվածները, որոնց ձեռքին Ուկրաինայի դրոշ կար, սկսել են վանկարկել՝ «Սլավա Ուկրաինե, գերոյամ սլավա» (Փառք Ուկրաինային, հերոսներին փառք – ուկրաինական Մայդանի կարգախոսներից մեկը – խմբ․)։
Ի վերջո, ոստիկանները բացել են ճանապարհը, և երթի մասնակիցները մոտեցել են Ռուսաստանի դեսպանատանը։
Մանրամասները՝ տեսանյութում